ԻՐԱՆ, Ք. Դարաշամբ
Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։
Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ, Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976-ի կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները։ Նույն թվականին վանքը վերահաստատել և վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը։


   
XIII– XIV դդ. վանքը հայտնի մշակութային կենտրոն էր, 1332-ին այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց։
Ս. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել։ Աշոտի դուստր Հռիփսիմեն 981-ին վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր։ Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Ս. Ստեփանոսը, Ս. Աստվածածինը և Ս. Գևորգը, խարխուլ էին, և գլխ. եկեղեցին (Ս. Ստեփանոսը) նորոգել է իր հայրը։
XVI դ. վանքը խարխուլ էր, 1589-ին Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել։ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1631-ին վանքին դրամահավաքի իրավունք է տվել և հորդորել ժողովրդին՝ օժանդակել այս կարևոր հոգևոր կենտրոնի պահպանմանը։
Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, 1633-ին վանահայր դարձած Հակոբ Ջուղայեցին (ապագա կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի) մինչև հիմքերը քանդել է վանքի եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նոր եկեղեցի, պարիսպներ և նրանց կից բնակելի ու օժանդակ շենքեր։ Ըստ Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի արձանագրության, դա կատարվել է 1643–55-ին, սակայն շինարարությունը շարունակվել է մինչև 1662-ը։ Հակոբ Դ Ջուղայեցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց (1655) հետո վանքի շինարարությունը շարունակել են Հովհաննես, Պետրոս և Հակոբ Շամբեցի վանահայրերը. կառուցել են արևմտյան պարիսպը, սեղանատունը, խցերը և զանգակատունը։ 1759-ին վանքի շենքերը վնասվել են երկրաշարժից։ Ս. Ստեփանոս եկեղեցին հետագայում նորոգվել է 1704, 1826 և 1865-ին, հյուսիսային բակի սենյակները նորոգվել են 1832-ին, իսկ 1840-ին երկրաշարժից վնասված զանգակատունը՝ 1879-ին։
1917–21-ին թուրքերը չորս անգամ թալանել են վանքը և հրկիզել գրադարանը։ 1973-ին մինչև վանքը կառուցվել է ավտոխճուղի։ 1983-ին, իրանահայ համայնքի և «Երկիր և մշակույթ» (Փարիզ) կազմակերպության նյութական օժանդակությամբ Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը թիթեղապատել է տանիքները, հենակներով ամրացրել զանգակատան խարխլված կամարները, վերակառուցել արևելյան բակի քանդված խցերը, վերանորոգել խոհանոցն ու սեղանատունը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...