ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ (Համբարձում Պոյաճեան)
Հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ, Հնչակյան կուսակցության ղեկավարներից Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), ծնվել է 1867 թ․ Կիլիկիայի Հաճըն քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Միացյալ ընկերային վարժարանում։ 1885-ին ընդունվել է Կ․ Պոլսի բժշկական ուսումնարանը։ Այստեղ էլ ընդգրկվել է զեյթունցի Հարություն Չաքըրյանի ստեղծած «Հայոց հայրենյաց միություն» գաղտնի խմբակի մեջ, իսկ 1888-ին անդամագրվել Հնչակյան կուսակցությանը։
1890-ի հուլիսի 15-ի Գում-Գափուի հանրահայտ ցույցին եռանդագին մասնակցելու համար Մուրադը հետապնդվում է օսմանյան ոստիկանության կողմից։ Հայորդու գլխի համար խոստանում են 2000 ոսկի պարգեւ։ Խուսափելով ձերբակալությունից՝ նա փախչում է Հունաստան, իսկ 1892-ին ծածուկ հասնում Ալեքսանդրեթի նավահանգիստը եւ այնտեղից ոտքով անցնում Սասուն։ Մեկ տարի անց Կովկասում էր՝ ձգտելով ապահովել տեղի հայության աջակցությունը Սասունի լեռնականներին։ Կովկասից զինված փոքրաթիվ խմբով վերադառնում է Սասուն եւ Միհրան Տամատյանի, Հրայրի, Անդրանիկի ու Գեւորգ Չավուշի հետ ձեռնամուխ լինում ապստամբության կազմակերպման գործին։ Տամատյանի ձերբակալությունից հետո Մուրադն ստանձնում է Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունը։
1894-ի օգոստոսին թուրքերին հաջողվում է ճնշել Սասունի ապստամբությունը եւ Մուրադին ձերբակալել։ Նրան նետում են Բաղեշի բանտը, որտեղից էլ տեղափոխում Կ. Պոլիս, ապա աքսորում Տրիպոլի։ Սուլթանական «Յըլդըզ» պալատում Մուրադի հարցաքննությանը վարագույրի հետեւից հետեւում է սուլթան Աբդուլ Համիդը։ Հերոսին դատապարտում են 101 տարվա բանտարկության։
1904-ին Մուրադի քույրը՝ Հայկանուշը, փորձում է կազմակերպել եղբոր փախուստը, բայց ապարդյուն։ Մեկ տարի անց Մուրադին հաջողվում է բանտից փախչել եւ անցնել Փարիզ։ Եւրոպական եւ հայկական մամուլը մեծ ոգեւորությամբ է անդրադառնում այս իրադարձությանը, հերոսն ամենուրեք արժանանում է հայության խանդավառ ընդունելությանը։ Այնքան մեծ էր համակրանքը նրա հանդեպ, որ «հնչակյան» ու «մուրադյան» բառերը դարձել էին հոմանիշ։ Մեծն Մուրադը հայ հեղափոխական ուժերին համագործակցության կոչ է անում, ձգտում նրանց հաշտեցնել ու միավորել ընդհանուր թշնամու դեմ, բայց ապարդյուն․․․
1908-ին, երիտթուրքերի հեղաշրջումից ու սահմանադրության հռչակումից հետո, վերադառնում է Կ․ Պոլիս, ընտրվում ազգային երեսփոխան՝ Գում-Գափուի շրջանից եւ օսմանյան խորհրդարանի անդամ՝ Ադանայի շրջանից։ 1915 թ․ ապրիլի 24-ին Պոլսի հազարավոր հայ մտավորականների հետ նա նույնպես ձերբակալվում է, աքսորվում Կեսարիա, ուր եւ օգոստոսի 24-ին կախաղան է բարձրացվում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...