«Վան» Գործողություն
24 սեպտեմբերի 1981 թ., Փարիզ, Հոսման պողոտա, թիվ 170, Թուրքիայի Հանրապետության հյուպատոսարան: 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ, զինված ատրճանակներով, ինքնաձիգներով եւ պայթուցիկներով, գրոհում են լավ պաշտպանված այս տարածք եւ հաշված րոպեների ընթացքում դա գրավում, պատանդ վերցնում շուրջ 60 հոգու: Փոխհրաձգության ժամանակ սպանվում է թուրք պահակներից մեկը, վիրավորվում մարտիկներից երկուսն ու փոխհյուպատոսը: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» անձնասպանական կոմանդոյի իրականացրած «Վան» գործողությունը, որը կոչված էր պատմական դառնալու հայկական ազգային ազատագրական շարժման տարեգրության մեջ: Պատմական էր դառնալու նաեւ չորս տղաների դատավարությունը:
Ո՞վ էր Եղիա Քեշիշյանը եւ ինչո՞ւ էր գործողությունը կոչվել հայոց առաջին մայրաքաղաքի անունով:
ԱՍԱԼԱ-ի մարտիկներ Եղիա Քեշիշյանն ու Զավեն Աբեթյանը, կատարելով կազմակերպության ղեկավարության առաջադրանքը, զինված հարձակում էին գործել Թեհրանում Թուրքիայի դեսպանության շենքի վրա:
Փոխհրաձգության ժամանակ սպանվել էր իրանցի մեկ պահակ, իսկ տղաները ձերբակալվել էին: Իրանական իշխանությունները դաժան դատաստան տեսան հայ ազատամարտիկների նկատմամբ` երկուսին էլ գնդակահարելով մայրաքաղաքի «Էվին» տխրահռչակ բանտում: Դա տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ խմբակի տղաները պատրաստվում էին Բեյրութից թռչել Ֆրանսիայի մայրաքաղաքը` կատարելու առաջադրանքը: Ի հիշատակ այս երկու նահատակների, խմբակին շնորհվել էր Եղիայի անունը, իսկ մարտիկներից մեկի կեղծ անձնագրում ազգանունը նշվել էր Զավենի ազգանունը: Գործողությանը տրվել էր «Վան» անունը, քանի որ ԱՍԱԼԱ-ի ղեկավարությունը հայոց առաջին մայրաքաղաքը ճանաչում էր իբրեւ միասնական Հայաստանի մայրաքաղաք, եւ առ այդ, իր բոլոր հաղորդագրությունների արձակման վայր նշում այդ քաղաքի անունը:
«Վան» գործողությունը մի նոր երեւույթ էր ԱՍԱԼԱ-ի գործունեության եւ առհասարակ 1970-80-ականների հայկական ազգային-ազատագրական զինյալ պայքարի պատմության մեջ: Նշենք այդ գործողության առավել կարեւոր առանձնահատկություններից մի քանիսը.
- ԱՍԱԼԱ-ի չորս մարտիկները գալիս էին կուսակցական տարբեր շրջանակներից` միավորվելով հայրենիքի համար կյանքն իսկ զոհելու վեհագույն գաղափարով: Խմբակի ղեկավարն ու փոխղեկավարը` Վազգեն Սիսլյանն ու Գեւորգ Գյուզելյանը հնչակյան կուսակցության անդամ էին, Արամ Բասմաջյանը դաշնակցական էր, իսկ Հակոբ Ջուլֆայանը անկուսակցական էր:
- ԱՍԱԼԱ-ն առաջին անգամ իրականացնում էր անձնասպանական գործողություն, որը որակական ցատկ էր մինչ այդ մղված պայքարի ձեւերի մեջ: Հաջորդ տարիներին հետեւելու էին մի քանի անձնասպանական գործողություններ եւս, այդ թվում` հենց Անկարայում եւ Ստամբուլում` Զոհրապ Սարգիսյանի, Լեւոն Էքմեքչյանի եւ Մկրտիչ Մադարյանի նահատակումով: Մինչ «Վան» գործողությունը, ԱՍԱԼԱ-ի հարվածները սահմանափակվում էին թուրք դիվանագետների եւ զանազան օբյեկտների, ինչպես նաեւ Թուրքիային աջակցող պետությունների թիրախների նկատմամբ գործողություններով, որոնք թեեւ լի են եղել մեծ վտանգներով, սակայն «Վան» գործողությամբ ուղղակիորեն հարվածվում էր թշնամին` հանդիպակաց գրոհով: Վտանգն առավել մեծ էր այս դեպքում, քանի որ նախորդ ամիսներին հույժ աշխուժացած ԱՍԱԼԱ-ի եւ հայկական զինված մյուս խմբավորումների գործունեության ի պատասխան, թուրքական իշխանությունները ձեռք էին առել մեծ զգուշություններ, այդ թվում` համարյա անառիկ ամրոցների վերածել Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչություններն արտասահմանյան երկրներում:
- «Վան» գործողությամբ թշնամին հարված էր ստանում հենց իր իսկ տարածքում: Արդարեւ, ինչպես ընդունված է, դիվանագիտական ներկայացուցչության շենքը իրավական տեսակետից համարվում է տվյալ պետության ինքնիշխան տարածք: Այստեղից էլ Թուրքիան հարված էր ստանում իր ինքնիշխանության տարածքում: Իհարկե, մինչ այդ էլ ու հետագայում, ԱՍԱԼԱ-ն ռմբահարումներ եւ զանազան այլ տեսակի գործողություններ կատարել էր ու կատարելու էր բուն Թուրքիայի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի գրավյալ տարածքներում, սակայն «Վանը» դրանց մեջ առանձնանում է իբրեւ մեծածավալ ու անձնասպանական բնույթի առաջին գործողությունը թուրքական տարածքում:
- ԱՍԱԼԱ-ն առաջին անգամ էր իրականացնում պատանդառման գործողություն: Մինչ այդ, ինչպես նշեցինք, թիրախները ենթակա են եղել պարզապես ոչնչացման: Ավելին, 16 ժամ տեւած գործողության ողջ ընթացքում, մարտիկները վեհանձնություն ցուցաբերեցին պատանդների նկատմամբ, պահպանեցին նրանց մարդկային արժանապատվությունը, նրանց ապահովեցին սննդով եւ դեղորայքով, վերաբերմունք, որը դատարանում խոստովանեցին վկայակոչված բոլոր պատանդները, այդ թվում` թուրք պատանդներից մի քանիսը, ինչը կատաղության հասցրեց Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին:
- «Վան» գործողությամբ, ԱՍԱԼԱ-ն թուրքական պետությանը ներկայացրեց քաղաքական հստակ պահանջներ` գործողությանը վերջ տալու համար: Հայկական ցեղասպանության ճանաչման եւ հայոց իրավունքների վերադարձման կողքին, պահանջվում էր թուրքական բանտերուն արգելափակված եւ խոշտանգումների ենթարկվող հայ հոգեւորականներ Մանվել վրդ. Երկաթյանի եւ Հրանտ Գյուզելյանի, ինչպես նաեւ քուրդ եւ թուրք ձախակողմյան մի խումբ բանտարկյալների ազատ արձակումը:
- «Վանը» նշանավորվեց նաեւ Ֆրանսիայի հայության, հատկապես` ուծացման ու ձուլման հորձանուտի մեջ ընկած երիտասարդության ազգային ինքնության հանկարծական պոռթկումով: Գործողության մասին տեղեկատվության տարածումից հաշված րոպեներ անց, ֆրանսահայերի բազմություններ, առավելաբար երիտասարդներ, հավաքվեցին գրավված հյուպատոսարանի մերձակայքում եւ իրենց վանկարկումներով զորակցություն հայտնեցին հայ մարտիկներին: Հանդիպակաց կողմում հավաքվեց թուրք խաժամուժը: Ֆրանսիական ոստիկանությունը հազիվ կարողացավ կանխարգելել երկու բազմությունների առճակատումը, որը եթե պատահեր, հաստատապես արյան հեղեղ կհոսեր: Այս գործողությունը միավորեց առհասարակ բոլոր հայերին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Նույնիսկ դաշնակցականները, որոնք մինչ այդ հույժ բացասաբար էին վերաբերում ԱՍԱԼԱ-ի գործունեությանը, ստիպված էին գոնե պահպանել չեզոքություն կամ լռություն, թեեւ նրանցից շատ-շատերը ներքուստ մեծ գոհունակություն էին ապրում:
«Վան» գործողությունը մանրամասնորեն:
Առավոտյան ժամը 10-ին երկու խմբով (Գևորգ Կյուզելյան-Արամ Պասմաճյան, Վազգեն Սիսլյան-Հակոբ Ջուլֆայան) տղաներն ուղևորվեցին դեպի «Բալզակ» սրճարան՝ այստեղ հանդիպելու և հյուպատոսարան մտնելու համար։ 10-ն անց 55-ին երկու խմբերը հանդիպեցին և վերափոխվելով (Վազգեն-Արամ և Գևորգ-Հակոբ)` ժամը 11-ն անց 15-ին մուտք գործեցին հյուպատոսարան։ Յուրաքանչյուրն իր որոշակի տեղը գրավեց։ Վազգենը ծածկեց դուռը, Արամը ռումբը ցույց տալով գոռաց, որ հյուպատոսարանը գրավված է ԱՍԱԼԱ-ի «Եղիա Քեշիշյան անձնասպանական քոմանտո»-ի կողմից։ Գևորգը նույնը կրկնեց ֆրանսերեն։ Մի թուրք ոստիկան հարձակվեց Գևորգի վրա, փոխադարձ կրակոցներ եղան, որի պատճառով ոստիկանը սպանվեց (սա միակ զոհը եղավ)։ Մյուս թուրք պահակները զինաթափվեցին։ Գևորգը զանգահարեց մի շարք թերթերի և լրատվական գործակալությունների, հաղորդելով, որ գործողությունն իրականացնում է ԱՍԱԼԱ-ն՝ քաղաքական նկատառումներով, հյուպատոսարանը գրավված է և 59 պատանդներ գտնվում են խմբի տրամադրության տակ։ Լրատվական գործակալություններն առաջին պահ չհավատացին, որովհետև հինգհարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող հյուպատոսարանի գրավումը չորս մարդու կողմից` պարզապես անհավանական էր թվում, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շենքն ամբողջությամբ ֆրանսիական ոստիկանության հսկողության տակ էր, իսկ բուն հյուպատոսարանը հսկում էին նաև թուրք պահապանները։ Ֆրանսիական AFB լրատվական կենտրոնից պատասխանեցին, որ Փարիզում ցանկացած հաստատություն տեսականորեն հնարավոր է գրավել, սակայն թուրքական և իսրայելական հյուպատոսարանները` անգամ տեսականորեն հնարավոր չէ։ Ամեն դեպքում, գործողության սկզբից մոտ մեկ ժամ հետո լրագրողները Հոսման փողոցում էին։Այդ ընթացքում ֆրանսիական ոստիկաններից մեկը շենքի hետնամուտքից ներս մտնելով` կրակել էր Վազգենի վրա և նրան վիրավորել: Վազգենը դիմադրել էր, նրան hետ քաշվել ստիպել։ Հակոբը նույնպես վիրավորված էր, և նրա վերքերը ծանր էին։ Պատանդների մեծ մասի հսկողությունն իրականացնում էր Արամը, իսկ մյուս մասինը` Վազգենը, որը նրանց պատմում էր հայ ժողովրդի պայքարի և 1915 թվականի ջարդերի մասին։
12:00. կոմիսար Բրյուսարը` ֆրանսիական ոստիկանության ամենահմուտ մասնագետներից մեկը, հեռախոսով ցանկացավ բանակցել։ Պատուհանից ներքև նետվեցին թղթեր, որոնք ներկայացնում էին խմբի պահանջները։ Իսկ պահանջները միայն ու միայն քաղաքական էին. ազատել թուրքական բանտերում գտնվող ինչպես հայ, այնպես էլ քուրդ և թուրք քաղաքական բանտարկյալներին։
12:15. պատանդներից մեկը մոտենում է պատուհանին, մի նամակ է նետում ներքև և հայտնում, որ այս գրությունը ոստիկանության համար է։ Փողոցն արդեն շրջափակված է երկաթե անցարգելներով։ Հյուպատոսարանի դիմացի մայթին թղթակիցներ են հավաքվել։
13:00. երկրորդ անգամ պատանդներից մեկին կթելադրվի մոտենալ պատուհանին և մի նոր նամակ գցել ներքև` այս անգամ թղթակիցներին։12:15. պատանդներից մեկը մոտենում է պատուհանին, մի նամակ է նետում ներքև և հայտնում, որ այս գրությունը ոստիկանության համար է։ Փողոցն արդեն շրջափակված է երկաթե անցարգելներով։ Հյուպատոսարանի դիմացի մայթին թղթակիցներ են հավաքվել։
13:00. երկրորդ անգամ պատանդներից մեկին կթելադրվի մոտենալ պատուհանին և մի նոր նամակ գցել ներքև` այս անգամ թղթակիցներին։
13:40. ոստիկանությունը խնդրում է, որ հայդուկները վերին հարկերում գտնվողներին թույլատրեն ներքև իջեցնել։ Տղաները համաձայնում են, սակայն Գևորգը մոտենում է պատուհանին և ոստիկանությանը հայտնում, որ հյուպատոսարանի բոլոր մուտքերում ռումբեր են շարված, ոչ ոք թող չփորձի որևէ հարձակում գործել։
14:20. ֆրանսիացի մի պատանդի դեղեր են հասցվում, որովհետև նա սրտի տագնապ ուներ ու վիճակը ծանր էր:
15:00. ապահովվում է պատանդների երեխաների տունդարձը դպրոցից:
16:00. Վազգենի վիճակը ծանրանում է: Հեռախոսով ոստիկանությունից բժշկական օգնություն է պահանջվում: Ոստիկանությունն այդ պահանջը մերժում է։
16:10. թուրք պատանդներից մեկը մոտենում է պատուհանին և հայտարարում, որ փոխհյուպատոսը վիրավոր է, բժիշկ չուղարկվելու դեպքում կարող է մահանալ, և պատասխանատվությունը կընկնի ոստիկանության վրա։16:20. բժիշկը գալիս է, սակայն վախենում է և հրաժարվում վերև բարձրանալ։
16:25. կապվում են ոստիկանության հետ և Վազգենի համար «ազիլ փոլիթիք» (քաղաքական ապաստանյալի իրավունք) պահանջում։ Ոստիկանությունը բանակցությունների մեջ է մտնում ներքին գործերի նախարարության հետ:
17:35. «ազիլ փոլիթիքի» մասին պաշտոնական որևէ հայտարարություն չկա: Պատանդներից մեկը մոտենում է պատուհանին և լաց լինելով հայտարարում, որ եթե «ազիլ փոլիթիք» չտրվի, փոխհյուպատոսի և պատանդների կյանքը կվտանգվի։
17:55. ոստիկանությունը ներքին գործերի նախարարության անունից պաշտոնապես հայտարարում է, որ «ազիլ փոլիթիքը» կշնորհվի, եթե փոխհյուպատոսն ազատ արձակվի։
18:20. հեռախոսով ոստիկանության հետ բանակցություն է վարվում` Վազգենի հանձնվելու կարգի մասին։ Վերջինս պահանջում է, որ երբ հիվանդանոց հասնի, կարողանա հեռախոսով կապվել ընկերների հետ։ Ոստիկանությունը մերժում է, սակայն քիչ հետո ընդառաջում է։18:35. Վազգենը հյուպատոսարանից դուրս է ելնում։ Ոստիկանները փորձում են նրան բժշկական շտապ օգնության մեքենա նստեցնել: Բայց Վազգենն ընդդիմանալով կանգնում է մայթին` աջ ձեռքով հաղթանակի V նշանը պարզում: Գևորգը սպասում է պատուհանի հետևում` մի պատանդի հետ։ Վազգենը ցանկանում է գոռալ, բայց չի կարողանում, արյունահոսությունը նրան ուժասպառ է արել։ Մոտ երկու րոպե մայթին կանգնելուց հետո նա նստում է բժշկական օգնության մեքենան և փոխադրվում հիվանդանոց։
18:50. Վազգենը հիվանդանոցից խոսում է իր ընկերների հետ և ուղղվում վիրահատարան:
19:15. պատանդների համար ուտելիք է պահանջվում:
19:53. սպանված թուրք ոստիկանի դիակը դուրս է հանվում։
21:00. թուրք ցուցարարները փորձում են մոտենալ հյուպատոսարանին: Գևորգը, Արամը և Հակոբը սպառնում են, որ ձեռնառումբ կնետեն: Ոստիկանությունը կասեցնում է ցուցարարների երթը։ Նրանք մոտ 2 հազար են։ Փողոցի հանդիպակաց կողմում հայերն են ցույց անում` մոտ 100 մարդ։
22:10. ոստիկանությունն ուտելիք է բերում։
23:00. ոստիկանությունը մի քանի անգամ բանակցություններ է պահանջում։ Իրադրության տերերը մերժում են։
23:15. պայմանաժամը, որը նշանակել էին տղաները իրենց պահանջները բավարարելու համար, ավարտվում է։ Թուրք ցուցարարների աղմուկն ավելի կատաղի է դառնում։
23:20. հյուպատոսարանի ներսում կրակոց է լսվում։
Կեսգիշերին ներսից հաղորդում են, որ ևս մեկ վիրավոր պատանդառու ցանկանում է հանձնվել և որի համար կրկին «ազիլ փոլիթիք» է պահանջվում։
00:50. ոստիկանությունը հայտարարում է, որ ֆրանսիական կառավարությունը որոշում է ընդունել` երկրորդ մարտիկին ևս քաղաքական ապաստանյալի իրավունք շնորհել:
1:00. ոստիկանությանը հայտարարվում է, որ վիրավոր մարտիկը, ինչպես Վազգենը, պետք է ներքև իջնի և փողոցում մնա: Հակոբ Ջուլֆայանը դուրս է գալիս։ Բազում վերքեր ունենալով` ի զորու չի լինում փողոցում կանգնել։
01:20. Հակոբը հիվանդանոցից հեռախոսով դիմում է իր ընկերներին և ուղղվում վիրահատարան։
01:30. Գևորգը բանակցում է ոստիկանության հետ և մնացած մարտիկների համար նա «ազիլ փոլիթիք» պահանջում։ Ոստիկանությունը հայտարարում է, որ բոլոր չորս մարտիկներին տրված է այդ իրավունքը։ Մնում է միայն որոշել հանձնվելու ձևը։ Ոստիկանությունը պահանջում է, որ նրանք զենքերը վայր դնեն ու ձեռքները բարձրացրած դուրս ելնեն։ Գևորգը և Արամը մերժում են այս պայմանը։ Միևնույն ժամանակ պատանդները հայտարարում են, որ եթե մարտիկներն այդ ձևով հանձնվեն` ոստիկանությունն իրենց վրա կրակ կբացի: Ուստի կին պատանդները փորձում են Գևորգին և Արամին շրջապատելով դուրս գալ: Սակայն ոստիկանությունը մերժում է: Ֆրանսիացի մի պատանդ մոտենում է պատուհանին, խոսում Բրյուսարի հետ և բոլոր թղթակիցների ներկայությամբ խոստում պահանջում, որ ոստիկանությունը չպետք է վնաս հասցնի հանձնվող տղաներին։ Ոստիկանությունը խոստանում է։
02:00. ոստիկանության հետ համաձայնելուց հետո մարտիկները 15 րոպեի ընթացքում լիցքաթափում են ռումբերը։
02:20. «Եղիա Քեշիշյան անձնասպանական քոմանտոի» մյուս երկու անդամները ևս հանձնվում են։
...Եվ այսպես` ավելի քան 15 ժամ, 59 պատանդ պահելով` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի չորս մարտիկները բանակցությունների մեջ մտան թուրքական կառավարության հետ՝ ֆրանսիական կառավարության միջնորդությամբ։ Որո՞նք էին նրանց պահանջները։
1. ա. Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդակայան ուղարկել հայր Մանուել Երկաթյանին և վերապատվելի Հրանտ Կյուզելյանին, ովքեր մշակութային և սոցիալական ծառայություններ էին մատուցել Թուրքիայում բնակվող հայությանը և ովքեր գտնվում էին ազատազրկման մեջ։
բ. Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդակայան ուղարկել քաղաքական նկատառումներով Թուրքիայի բանտերում արգելափակված բոլոր հայ բանտարկյալներին։
2. Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պետք է ապահովեն հայկական բռնագրավված հողերում և Թուրքիայի մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը՝ առանց որևէ կաշկանդման արտահայտելու և զարգացնելու իրենց ազգային, մշակութային և կրոնական ավանդույթները։
3. Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային մշակութային կազմակերպություններին պետք է թույլատրվի մշտական հսկողության և քննության տակ առնել բռնագրավված հայկական հողատարածքներում գտնվող հայկական մշակութային կոթողները։
4. Անմիջապես ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված և թուրքական բանտերում արգելափակված 5 թուրք և 5 քուրդ հեղափոխական մարտիկներին։
Այս պահանջները, բնականաբար, թուրքական կառավարությունը չպետք է ընդուներ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...