«....Վան ու Հայոց Հայրենիքի արեւմտյան սահմանը պիտի հասնենք...»
«ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
Առանձնահատուկ եղավ նաեւ «Վան» գործողության չորս մարտիկների դատավարությունը, որը կայացավ 1984 թ. հունվարի 24-ից 31-ի միջեւ: Դա առաջին քաղաքական դատավարությունն էր 1921 թ. Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից ի վեր: Չորս մարտիկների դատավարությունը վերածվեց Թուրքիայի դատապարտության ամբիոնի: Թուրքական կողմի ներկայացուցիչները, այդ թվում` ադրբեջանական ծագումով պատմաբան Թյուրքքայա Աթաեովը, գամվեցին անարգանքի սյունին: Բավական է հիշել դատական ատյանի նախագահի զգուշացումը թուրքերին եւ դատավարության բոլոր մասնակիցներին, որով արգելեց տղաների հասցեին գործածել «ահաբեկիչ» որակումը, պահանջելով նրանց դիմել «կոմբատան» (մարտիկ) բառով: Հայության դատը գերազանց պաշտպանեց Ֆրանսիայում շատ հայտնի փաստաբանների մի համաստեղություն` Լեկլերկ, Թեյջան, Սինյար, Պատրիկ Դեւեջյան, Ասլանյան, Փեշտիմալջյան: Դատավարությանը ցեղասպան Թուրքիան դատապարտող ելույթ ունեցավ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի այրին` տիկին Մելինեն, որ նախագահից թույլտվություն խնդրեց համբուրելու չորս տղաների ճակատը, ինչին նախագահն ընդառաջեց բացառության կարգով: Ընթերցվեցին նաեւ Շարլ Ազնավուրի եւ Աշոտ Մալաքյան-Անրի Վեռնոյի նամակները, որոնցում եւս խարանվում էին թուրքական իրարահաջորդ պետությունների եւ իշխանությունների հակահայկական ցեղասպանական հետեւողական ծրագրերը: Դատարանում լսվեցին նաեւ ցեղասպանությունից վերապրածների սահմռկեցուցիչ վկայությունները:
«Վան» գործողության դատավարությունը:
Դատախազը պահանջեց Գեւորգ Գյուզելյանին դատապարտել 10 տարի (նկատի ունենալով, որ նա էր սպանել թուրք պահակին), Վազգեն Սիսլյանին եւ Արամ Բասմաջյանին` 7-ական, Հակոբ Ջուլֆայանին` 5 տարի ազատազրկման: Տղաները պահանջեցին միեւնույն ժամանակը սահմանել իրենց համար: Դատավճռով, «ասպետական» Ֆրանսիայի «արդարադատության» գործիք դատարանը չորսին էլ դատապարտեց 7 տարի ազատազրկման: Դատավճռով նաեւ դրամական հատուցում էր սահմանվում հօգուտ թուրքական կողմի` հյուպատոսարանին հասցրած նյութական վնասների համար:
Դատավճռի ընթերցումից առաջ եւ անմիջապես հետո տեղի ունեցան մի քանի ուշագրավ դեպքեր: Երբ դատարանի նախագահը հայտարարեց` «Մեղադրյալնե՛ր, ոտքի՛», դահլիճում ներկաների ջախջախիչ մեծամասնությունը կազմող հայերը, բոլորը, մեկ մարդու նման, ոտքի կանգնեցին: Իսկ երբ դրամական հատուցման վճիռն ընթերցվեց, հայերն սկսեցին մանրադրամներ շպրտել Թուրքիայի ներկայացուցիչների կողմը, մինչ երգչուհի Ռոզի Արմենն սկսեց երգել «Զարթի՛ր, լաո՛» երգը, որին միացան բոլոր հայերը ու սրահը թնդաց նրանց ձայնից:
Չորս մարտիկներից բանտից կենդանի դուրս եկան ընդամենը երեքը. ֆրանսիական իշխանությունները, հակառակ ԱՍԱԼԱ-ի ճնշման տակ տղաներին քաղաքական բանտարկյալի կարգավիճակ շնորհելուն, նրանց շուրջն ստեղծել էին բարոյահոգեբանական այնպիսի անտանելի վիճակ, որին չդիմանալովՙ Արամ Բասմաջյանը 1985 թ. անձնասպանություն գործեց: Նա թաղված է Փարիզի Պեր լա Շեզ գերեզմանատանը (խորհրդանշական գերեզմանը գտնվում է Եռաբլուրում, հայ անմահների պանթեոնի մուտքին կանգնեցված ԱՍԱԼԱ-ի հուշակոթողի շուքին տակ գտնվող նահատակների խորհրդանշական պանթեոնում): Վազգենը, Գեւորգն ու Հակոբը ազատ արձակվեցին ժամկետից շուտ` 1986 թ. օգոստոսին ու վերադարձան Լիբանան: Տարիներ անց, երեքն էլ հաստատվեցին Հայաստանում. Գեւորգ Գյուզելյանը «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատարությունն ստանձնելով մասնակցեց Արցախյան ազատամարտին: Վազգենն էլ ունեցել է իր ներդրումը ազատագրական մարտերում:
Այսօր հայրենի հողում շարունակում են ապրել Վազգենն ու Հակոբը` իրենց ընտանիքներով: Նրանք գործոն անդամներն են ՀՀ-ում հաստատված ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների ու ազատամարտիկների մեծագույն մասին միավորող «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության: Մինչ քնած հայ սպային կացնահարած ստահակին Ադրբեջանում ազգային հերոս են հռչակում, ԱՍԱԼԱ-ի տղաները ՀՀ-ում իշխանությունների անտարբերությանն են արժանացել ու արժանանում: Նրանք թեեւ դրանից առանձնապես չեն դժգոհում, սակայն նրանց խոր դառնություն է պատճառում այն ստոր պաշտոնյաների վերաբերմունքը, որոնք նրանցից կաշառք են պահանջում կամ փորձում են պարզապես «քցել»: Այդուհանդերձ, նրանք շատ գոհ են այն ժողովրդական սիրո արտահայտություններից, որոնց արժանանում են: Վազգենն ու Հակոբը հավաստիացնում են, որ երբ հարկ լինի, նրանք, իրենց զավակներով հանդերձ, զենքը ձեռքին նորից կպաշտպանեն հայրենի հողն ու հայ ազգի արժանապատվությունը: «Հայրենիքի շատ տարածքներ դեռ պետք է ազատագրենք, մենք դեռ Վան ու Հայոց Հայրենիքի արեւմտյան սահմանը պիտի հասնենք», հայտարարում են նախկին ԱՍԱԼԱ-ականները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...