Ջեբրան Խալիլ Ջեբրան-ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Այդժամ Ալ–Միտրան խնդրեց.
— Ասա’ մեզ Սիրո մասին:
Նա բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, և լռություն տիրեց:
Այդ ժամանակ նա բարձր ձայնով ասաց.
— Եթե սերն է առջնորդում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:
Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորել է նրա փետուրնե-րի մեջ թաքնված սուրը:
Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքնե-րը, ինչպես այգին ամայացնող հյուսիսային քամին:
Քանզի սերն է պսակում ձեզ, բայց նա էլ խաչում է ձեզ:
Նա է աճեցնում ձեզ, բայց նա էլ կտրում է:
Նա բարձրանում է դեպի ձեր բարձունքն ու գրկում է արևի տակ դողացող ձեր քնքուշ ճյուղերը: Եվ հենց նա էլ իջնում է մինչև հողի մեջ խրված ձեր արմատներն ու ցնցում է դրանք:
Ցորենի խրձերի պես նա ձեզ իր շուրջն է հավաքում:
Նա կալսում, ծեծում է ձեզ, որպեսզի մերկացնի:
Նա քամուն է տալիս ձեզ, որ առանձնացնի թեփից:
Նա շիկացնում է ձեզ սպիտակելու աստիճան:
Նա տրորում է ձեզ՝ մինչև դուք կփափկեք:
Իսկ հետո նա ձեզ, իր սուրբ կրակին է հանձնում, որպեսզի դուք սրբազան հաց դառնաք Աստծու սուրբ հաղորդության համար:
Սերն այդ ամենն անում է ձեզ հետ, որ դուք ճանաչեք ձեր սրտի գաղտնիքներն ու այդ ըմբռնման միջո-ցով Կյանքի սրտի մասը դառնաք:
Բայց եթե վախենալով դուք սիրո մեջ միայն հանգստություն ու բերկրանք փնտրեք, ապա ավելի լավ է դուք ծածկեք ձեր մերկությունը և սիրո կալատեղը լքելով՝ գնաք մի աշխարհ, ուր տարվա եղանակներ չկան, որտեղ դուք կծիծաղեք, բայց ոչ ի սրտե, և լաց կլինեք, բայց ոչ կուշտ ու կուռ:
Սերը տալիս է միայն իրեն և վերցնում է միայն իրենից: Սերը ոչնչի չի տիրում և չի ցանկանում, որ որևէ մեկը տիրի իրեն, քանզի սերը բավարարվում է սիրով:
Եթե դու սիրում ես, ապա մի՛ ասա՝ «Աստված իմ սրտում է», ավելի լավ է ասա. «Ես Աստծու սրտում եմ»: Եվ մի՛ մտածիր, որ դու կարող ես տիրապետել սիրո ուղիներին, քանզի եթե սերը քեզ արժանի հա-մարի, ապա կուղղորդի քո ճանապարհը:
Սիրո միակ ցանկությունն ինքն իրեն արտահայտելն է:
Բայց եթե դու սիրում ես և չես կարողանում հրաժարվել ցանկություններից, ապա թող քո ցանկություննե-րը լինեն.
Հալվել ու նմանվել վազող առվակին, որ գիշերին երգում է իր երգը.
Ճանաչել անսահման քնքշանքից ծնվող ցավը.
Վիրավորել իրեն՝ սիրո սեփական ճանաչման միջոցով.
Արնահոսել հաճույքով և ուրախությամբ.
Արշալույսին ելնել թևավորված սրտով ու երախտագիտություն հայտնել սիրո ևս մեկ օրվա համար.
Կեսօրին հանգստություն ձեռք բերել ու սիրային էքստազի մասին մտքերին տրվել.
Երեկոյան երախտագիտությամբ վերադառնալ տուն: Եվ քնել՝ սիրելիի համար աղոթք ունենալով իր սր-տում և գովերգ՝ շուրթերին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...