Գալուստ Գյուլբենկյան. արվեստի մեծ սիրահար հայ գործարարը
Համաշխարհային պատմության մեջ մեծ թիվ չեն կազմում այն անձինք, որոնք, լինելով հարուստ ընտանիքի զավակ, միաժամանակ եղել են կիրթ, բանիմաց, սեփական ուժերով նշանակալից նվաճումներ ունեցել` լինելով հայրենասեր, բարերար, ինչպես նաև արվեստի սիրահար: Ահա այս բոլոր գծերը հատկանշում են հայազգի Գալուստ Գյուլբենկյանին: Նպատակահարմար գտա շրջանցել կենսագրական տվյալները, որոնք դյուրին կերպով կարելի է գրքերում ու կայքերում գտնել. կտեղեկացնեմ ընթերցողին հայ գործարարի այն ձեռքբերումների մասին, որոնց արդյունքում նրա անունն անմահացել է պատմության էջերում: Նա սկզբում նավթային գործունեություն է ծավալել, ինչի շնորհիվ արժանացել է «Պրն հինգ տոկոս» տիտղոսին: Ուսանելով Լոնդոնի «Թագավորական քոլեջի» ճարտարագիտության բաժնում և ավարտելով այն 1887-ին բարձրակարգ ճարտարագետ-նավթարդյունաբերողի որակավորմամբ` հայրն ուղարկում է Գալուստին Անդրկովկաս` ուսումնասիրելու Բաքվի քարյուղի հանքերը, որտեղ էլ նա հեղինակում է մի կարևորագույն աշխատություն` Միջին Արևելքի նավթային պաշարների շահագործման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև զանազան հոդվածներ փարիզյան հայտնի «Revue des Deux Mondes» թերթում: Արդեն իսկ 21 տարեկանում Գյուլբենկյանը համարվում էր նավթային հարցերի առաջնակարգ փորձագետ ողջ աշխարհի մակարդակով: Աչքի ընկնելով գեղագիտական բարձր ճաշակով` Գյուլբենկյանն իր կյանքի ընթացքում պարբերաբար ձեռք է բերել արվեստի եզակի նմուշներ` տեր դառնալով աշխարհի ամենահարուստ անձնական հավաքածուին: Հարկ է նշել, որ 1929 թվականին սեփական ժողովրդին կերակրելու նպատակով ռուսական իշխանությունները սկսեցին վաճառել Էրմիտաժի դարավոր գանձերը: Համամարդկային նշանակություն ունեցող արվեստի գործերը չափազանց ցածր գներով վաճառում էին Արևմուտքի երկրներին: Էրմիտաժի հարստության գնորդներից էր այն ժամանակ արդեն նավթային մագնատի համբավ ձեռք բերած Գալուստ Գյուլբենկյանը: Մահվանից 14 տարի անց իրականանում է նրա վերջին ցանկությունը. Լիսաբոնում բացվում է Գյուլբենկյանի անունը կրող թանգարանը, որն այժմ աշխարհում լավագույններից մեկն է:
Ինչպես տեղեկացնում է «Ազգ» օրաթերթը, համաշխարհային համբավի տիրացած հայ մեծահարուստը երբեք չի մոռացել իր արմատներն ու իր ժողովրդին` ամենաօրհասական պահերին կանգնելով նրա կողքին: Նա Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի ու Հորդանանի հայկական գաղութներում առատաձեռն նվիրատվություններով բարելավել է դպրոցներն ու առողջապահական կենտրոնները, ավելին` նրա միջոցներով առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել և ստանում են միջնակարգ ու բարձրագույն կրթություն, հրատարակվում են հայագիտության համար խիստ անհրաժեշտ հազարավոր գրքեր ու աշխատություններ: Երուսաղեմի պատրիարքարանի, Ստամբուլի Սբ. Փրկիչ հիվանդանոցի և էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումների համար մենք ևս պետք է հիշենք մեծ բարերարի անունը, ինչպես նաև Երևանի շրջակայքում Նուբարաշեն ու Նոր Կեսարիա ավանների շինարարության համար:
Աղբյուր: http://blog.liberal.am/…/ani-margar…/427-calouste-gulbenkian

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...