ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ ...
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ
Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում։
Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ։
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Եվ ասեմ՝ ինչո՛վ.
Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։
Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող։
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝
Հաղթելով և՛ քաղց, և՛ պապակ-փափագ։
Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան։
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցրո՛ւ այդ ձուն։
Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե՛ս,
Ինչպես քունջութը՝ կաթնահունց հացին։
Ճանճը քունջո՛ւթ չէ.
Հացս չի՜ ուտվում։
Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև,
Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով։
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա՛չ դարձրու։
Ասում են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր։
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցրու…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...