Վանա մաքրացեղ, երկարագեղմ կատուն։ 🐈
«Վանի սպիտակ կատվին» հիշատակել է հայ գրականության դասական Րաֆֆին «Կայծեր» վեպում (հ. 1-2, 1883-1887) Րաֆֆին գրել է՝
Գալով այդ քաղաքը (Վան), թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները: Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մեջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի:
- Այդ ի՞նչ է, - հարցրի ես:
- Կայծեր են... - պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը:
- Րաֆֆի, «Կայծեր»
Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու» այսինքն՝ Վանի կամ Վանա լճի ավազանում տարածված կատուներ։
Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարձող խաչակիրները: Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»:
Մասնավորապես, ֆրանսիացի ճարտարապետ ու նկարիչ Պիեր Վիկտոր Լոթթեն դը Լավալը 1856 թ. մայիսի 11-ին գրած նամակում այսպես է նկարագրում երկարագեղմ կատուներին, որոնց նա տեսել է Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններում՝ անվանելով նրանց բոլորին Անգորա կատուներ.[4]
«Ես ինքս հանդիպել եմ այդ գեղեցիկ ցեղատեսակի կատուներին Էրզրումում՝ Մեծ Հայկական Լեռնաշխարհում, ուր կլիման շատ է տարբերվում Անգորայի կլիմայից: Այդ ցեղատեսակը շատ մեծաթիվ է Քրդստանի Մուրճ քաղաքում, որտեղ այն հանդիսանում է իշխող տեսակ: Նույնպես ես հանդիպել եմ նրանց Բիթլիսում և Բայազետի պաշալիքում: Սակայն տեսածս լավագույն նմուշները պատկանել են Քրդստանի արևելքում գտնվող Վան քաղաքի Արքեպիսկոպոսին: Նա ուներ այդպիսի երեք կատու՝ մեկը մարգարիտամոխրագույն, մյուսը՝ նարնջագույն՝ սև և սպիտակ նշաններով, իսկ երրորդը ամբողջությամբ սպիտակ էր: Նրանց գեղմը փառահեղ էր, սակայն այդ կատուների արտաքին տեսքով ոչ ոք չէր զարմանում այն պատճառով, որ նրանք լայն տարացում ունեն Քրդստանում»:
- Պիեր Վիկտոր Լոթթեն դը Լավալ[4]

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...