Ռուբեն Սևակ-ՀԱՄԲՈՒՅՐԸ
-Հոգի'ս, դուն հոս...-հեկեկաց ձայնը լալեն:
Գիշերն ուշ էր, գաղջ գիշեր էր ապրիլի.
Իր գրկին մեջ լուսնակն առած սխրալի`
Թուփերն ի վար ջուրը կ'երթար հևալեն...
-Հոգի'ս, դուն հոս...- Ու տեսա որ ոչ հեռու,
Գետափին մոտ, հանկարծաթափ, ուժգնովին,
Հովերու պես, որոնք իրար կը ձուլվին,
Երկու ստվեր կը նետվեին իրարու...
Տարօրինակ ինչ ուներ օդն այդ գիշեր,
Որ դեռ կուծքիս տակ հետքն ունիմ սարսուռի,
Ու բիբերուս մեջ խոնավ կետ մը կուռի...
Ես այդ գիշերն առանց հույզի չեմ հիշեր:
Ու կը տեսնեմ աչքիս առջևն են ահա`
Իրար ձուլված, անքակտելի, տենդագին,
Բերան բերնի, հուժկու բազուկը մեջքին,
Ու մազերու ծովը, որ լայն կը դողա...
Օ, երջանիկ տարիք, ուր մարդ կրնա գեթ
Տաք համբույրի մը անհունին մեջ մոռնալ
Գոյությո'ւնն ալ, Տիեզերքն ալ, ինքզինքն ալ,
Ու աշխարհին ժպտիլ անփույթ ու անգետ:
Օր մը Սիրո ծաղիկները կը դեղնին,
-Երբ անբաժան եղան փուշերը վարդեն-
Պետք է տքնիլ, ցավը ըմպել ու արդեն
Քիչ հետո ժամն է խորհելու սև հողին...
-Հոգի'ս, դուն հոս...- Երկար, երկար քարացան,
Այս դիրքին մեջ բերան բերնի անձնվեր,
Իրենց շունչերն կարծես իրար հանձնվեր`
Այնքան սեր կար այդ պաշտումին մեջ անձայն...
Ու ես լըռիկ, ու ես անշարժ, երկյուղած,
Կը նայեի իրենց երկար, ու վաղվան,
Կը խորհեի, հաջորդ վաղվան ու մահվան,
Երբ զգացի, թե էությունս դողաց...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...