ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ(13 դար)

Սաղմոսավանք (սաղմոս` հոգևոր երգ), վանական համալիր Հայաստանի Արագածոտնի Սաղմոսավան գյուղում:Սաղմոսավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային ու հոգևոր կենտրոններից է։ Նրա գեղակերտ ու երկնասլաց վանական համալիրը Քասախ գետի կիրճի աջ եզրին, 1620 մ բարձրության սարավույթ տեղանքում։ Քասախի կիրճը այստեղ ունի ամենամեծ խորությունը՝ 180 մ։Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։
1215 թվականին Վաչե Վաչուտյանի հրամանով կառուցվեց Սբ Սիոն եկեղեցին, որին կից հետագայում կառուցվեցին Սբ Աստվածածին եկեղեցին, գավիթը և գրատուն-գրչատունը, որ գլխավոր եկեղեցու հետ միասին կազմեցին Սաղմոսավանք վանական համալիրը: Սաղմոսավանքը հայտնի է որպես ձեռագրերի պահոց, որը բարձրությամբ չի զիջում գլխավոր եկեղեցուն և որի ներքին հարդարումն իրականացվել է սև և դեղին տարրերի միջոցով: Գրչատանը ստեղծել և կրկնօրինակել են տարբեր նկարազարդումներ: Վանական համալիրի և հարող տարածքում կարելի է տեսնել բազմաթիվ հնագույն խաչքարեր: Յուրահատուկ ու գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սաղմոսավանք Քասախի մյուս ափից:
Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, եւ քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգեւոր երգ է, քնարական բանաստեղծություն։ Սաղմոսավանքը պատմական աղբյուրներում, սակայն, հիշատակվում է սկսած 12-րդ դարի վերջին քառորդից, երբ Քասախի կիրճում, գետի ձախ ափին, վերոհիշյալ անապատում, Հովհաննես Մունջ վարդապետը, վերակառուցելով շինությունը, այն դարձրել է գրչության կենտրոն։ Այդ վիմափոր անապատում Մարկոս եւ Մխիթար եղբայրները 1185-88թթ. ընդօրինակել են «Ճառընտիր», իսկ 1194-95թթ. Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» ձեռագիրը, որի բնագիր օրինակը բերվել էր Անիի Մայր տաճարից։
Սաղմոսավանքի անապատը գտնվում է վանքից հարավ եւ բաղկացած է ժայռափոր երկհարկ կառուցվածքներից։ Սաղմոսավանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ Սիոնը (Կաթողիկե) կառուցվել է 1215թ. Արագածոտնի իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանի եւ իր կնոջ Մամախաթունի միջոցներով ու հովանավորությամբ։ Եկեղեցին գմբեթավոր է, արտաքինից ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձեւ, անկյուններում կրկնահարկ խորաններով։ Սրբատաշ տուֆից կառուցված տաճարը լուսավորում են թմբուկի ու ճակատների 16 մեծ ու փոքր պատուհանները։ Համալիրի գավիթը, որը արեւելքից կից է գլխավոր եկեղեցուն, նույնպես կառուցել է Վաչե իշխանը։ Այն ուղղանկյուն-քառանկյունի հատակագծով ու թաղակապ կենտրոնական երդիկով շինություն է։ 1235թ. Վաչե իշխանի որդի Քուրդ իշխանը Սբ Սիոն եկեղեցու հարավային մասում կառուցում է Սբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին, իսկ 1255թ. իր կնոջ՝ Խորիշահի հետ միասին գրատունը՝ որը հուշարձանախմբին կից է հարավից։ Գրատունը դեռեւս 10-րդ դարում հայ ճարտարապետների մշակած խաչաձեւ կամարներով, անսյուն ծածկով աշխարհիկ շինության ինքնատիպ օրինակ է։ Գրատունն ունեցել է հարուստ մատենադարան։ 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է մոտ 120 ձեռագիր, որի ցանկը 1912թ. կիրճի քարանձավներից մեկում հայտնաբերել է Խաչիկ վարդապետ Դադյանը։
13-րդ դարը Սաղմոսավանքի ամենաբեղուն ժամանակաշրջանն է։ Այդ է պատճառը, որ պատմիչ Կիրակոս Գանձակեցին վանքը դասել է հայկական ամենանշանավոր ութ մենաստանների շարքում։ 1267թ. Սաղմոսավանք է եկել հանրահայտ Վարդան Արեւելցին, 1278թ. այստեղ գործել է Տիրատուր կրոնավորը, 1309թ.՝ Թադեւոս քահանան, իսկ 1311թ. վանքի առաջնորդն է Հակոբ րաբունապետը։ Ամենանշանավոր գործիչը Գրիգոր վարդապետ Ականատեսն էր, որը մասնակցել է վանքի շինությանը, ջուր անցկացրել Աշտարակ եւ այլն։ Վանքի հնագույն, նկարազարդ կոնդակում նշված է, որ Սաղմոսավանքում է եղել այդ սուրբ վարդապետի գերեզմանը։ 15-րդ դարը նշանավորվում է վանքի բուռն մշակութային գործունեությամբ, երբ այստեղ է գալիս Հակոբ Սաղմոսավանքցին, որը 20 տարի ուսանել էր Հովհաննես Որոտնեցուն։ 1413թ. Սաղմոսավանքում գործել են Մկրտիչ Եղեգեցին, 1436թ.՝ Կարապետ Գրիչը, 1496թ.՝ Հովհաննես աբեղան եւ ուրիշներ։ 17-րդ դարում վանքում գործել է անապատական (ճգնավորական) կյանքի հիմնադիր Սարգիս Արենեցին, որի մասին ընդարձակ տեղեկություններ է հաղորդում Առաքել Դավրիժեցին։ Սարգսի վանահայրության ժամանակ Սաղմոսավանք է այցելում ժամանակագիր Գրիգոր Դարանաղցին։ Իսկ 1637թ. Հովհաննավանքից այստեղ է գալիս Հովհաննես եպիսկոպոս Կարբեցին։ Նա դարաշրջանի խոշոր հոգեւոր գործիչներից էր։ Հետագայում տեղի առաջնորդ է դառնում Հովհաննեսի եղբորորդին՝ Գաբրիել վարդապետը, որի օրոք վանքը ծաղկուն եւ բարգավաճ էր։ Նա 1669թ. նորոգում է գրատունը։ 18-րդ դարի սկզբում վանքի առաջնորդը Հովասափ վարդապետ Կարբեցին էր, իսկ 1736-42թթ.՝ Ավետիք վարդապետը։
Սաղմոսավանքը անշքանում է 18-րդ դարի երկրորդ կեսից եւ կիսավեր վիճակով հասնում մեր ժամանակները։ 1890թ. այստեղ նորոգումներ է կատարել Խրիմյան Հայրիկը։ Այժմ վանքը լիովին վերանորոգված է։ Գյուղի ներկայիս բնակիչները այստեղ են գաղթել 1830 թվականին՝ Կարսից։ Ներկայումս գյուղն ունի շուրջ 300 բնակիչ։
Վանական համալիրը հրաշալի ակուստիկա ունի, այն միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից էր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...