Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:
1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:
Մասնաւորապէս պայմանագրի 88-93-րդ յօդւածները վերաբերում էին Հայկական հարցին: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին յարող Օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։
Բացի այդ, Սեւրի պայմանագիրը նախատեսում էր նաեւ Քրդական պետութեան ձեւաւորում: Անկախ Քուրդիստանի առումով նախատեսւում էր, որ նրա սահմանները համատեղ կը որոշեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան:
Բոլորին յայտնի այն օրերի աշխարհաքաղաքական իրադարձութիւնները, սակայն, թոյլ չտւեցին որպէսզի կեանքի կոչւի Սեւրի պայմանագիրը: Սեւրին փոխարինման եկաւ 1923 թւականի յուլիսի 24-ին կնքւած Լօզանի պայմանագիրը, որի արդիւնքում Արեւմտեան տէրութիւնները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի կառավարութիւնը եւ նրա իրաւունքը Արեւելեան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, ինչպէս նաեւ՝ բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սեւրի հաշտութեան պայմանագրով։ Աւելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արեւելեան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն (1921 թւականին կնքւած Կարսի եւ Մոսկւայի պայմանագրերի արդիւնքում)։
Ինչ խօսք, Լօզանի պայմանագիրը կատարեալ յաղթանակ էր Թուրքիայի համար, որն էլ փաստացի վճռեց Թուրքիայի սահմանների հարցը մինչ օրս: Այդուհանդերձ, չի կարելի համաձայնւել այն կարծիքի հետ, որ Լօզանն իր նախորդի՝ Սեւրի այսպէս կոչւած «մահախօսականն» էր, որի արդիւնքում մեզ համար այդքան մեծ նշանակութիւն ունեցող պատմական փաստաթուղթը վերածւեց միայն թանգարանային նմուշի:
Ընդհակառակը, մեր օրերի աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը փաստեց, որ «Սեւրի մղձաւանջը» բնաւ էլ չի լքել Թուրքիային:
Վերջին 3-4 տարիների ընթացքում, Քրդական հարցի վերաբերեալ տարածաշրջանում ընթացող աշխարահաքաղաքական խմորումները, դրանց հետ կապւած պարբերական բնոյթ կրող մագընթացութիւնները եւ տեղատւութիւնները, վկայում են այն մասին, որ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական գործընթացների հորիզոնում կրկին նշմարւում է «Սեւրի ստւերը», որն էլ եթէ ոչ կարճաժամկէտում, ապա՝ երկարաժամկէտում կարծես, թէ անխուսափելի է դարձնում տարածաշրջանի քաղաքական քարտէզի վերագծումը:
Եւ իզուր չէ, որ 2016-17 թւականներին Իրաքեան Քուրդիստանի շուրջ ընթացող իրադարձութիւնների, ինչպէս նաեւ՝ Սիրիայի քրդաբնակ շրջաններում, քրդական երկրորդ ինքնավարութեան ստեղծման հնարաւորութեան ֆոնին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը յիշեց Սեւրի պայմանագիրը՝ զգուշացնելով այն ուժերի մասին, որոնք «փորձում են Թուրքիային վերադարձնել պայմանագրի պայմաններին»: Եւ հէնց այդ համատեքստում էլ պէտք է դիտարկել այս տարիների ընթացքում, Սիրիայի հիւսիսում՝ Եփրատից արեւելք ընկած տարածքներում ռազմական գործողութիւններ անցկացնելու Թուրքիայի ծրագրերը:
Ու թէեւ հակառակ 1920 թւականի, էպիկենտորնը ոչ թէ Հայկական, այլ՝ Քրդական հարցն է, այդուհանդերձ, Անկարայում գիտակցում են, որ տարածաշրջանում քաղաքական քարտէզի վերագծումը չի սահմանափակւելու միայն Մերձաւոր Արեւելքով: Այն ունենալու է դոմինոյի էֆեկտի տրամաբանութիւն՝ ազդելով նաեւ Թուրքիայի արեւելեան սահամնների վրայ:
Եթէ Լօզանի պայմանագրի հիմքերը խարխլւեն, ապա ուշ թէ շուտ, անխուսափելիօրէն յօդս կը ցնդեն նաեւ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը, որոնք ձեւաւորել են Թուրքիայի եւ Հարաւային Կովկասի, աւելի որոշակի՝ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները: Թուրքիան կարող է կորցնել բոլշեւիկների կողմից ժամանակին (1920 թ.) Հայաստանի հաշւին իրեն նւիրւած Կարսի, Արդահանի, Սուրմալուի շրջանները, իսկ ամենակարեւորը՝ Խորհրդային Ադրբեջանին նւիրաբերւած Նախիջեւանը, որը բոլոր ժամանկներում ամենակենսական նշանակութիւնն է ունեցել Թուրքիայի իրարյաջորդ կառավարութիւնների համար՝ իրենց հեռահար նպատակներն ու ծրագրերն նւիրագործելու առումով:
Այնպէս որ՝ Սեւրը մեռած չէ, ցանկացած պահի այն կարող է երկրորդ շնչառութիւնը ստանալ: Եւ այդ ժամանակ վրայ կը հասնի պատմական լուրջ որոշումներ կայացնելու պահը, որին մենք պէտք է պատրաստ լինենք:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...