Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք

Օգոստոսի 18֊ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Այս օրն առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից:
Եթե երկրային կյանքից հեռանալը վատ լուր կամ սգո առիթ է համարվում, ապա Աստվածածնի հեռանալը ոչ թե տխրություն, այլ ավետիս է` բարի լուր, քանի որ նա վերափոխվեց երկինք՝ Որդու մոտ:
Պետք է իմանալ ամենօրհնյալ Սբ Կույս Մարիամի Ննջման պատմությունը, որ գրեց սուրբ Հովհաննես Ավետարանիչը:
Ինչպես հղության ավետիսը ստանալիս Մարիամը զգաց Տիրոջ ներկայությունը. «Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»» (Ղուկ. Ա 28), այնպես էլ երկրային կյանքի ընթացքում ու դրա ավարտին Տերը չթողեց նրան: Փրկչի համբարձումից տասներկու տարի անց, երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրան այցելեց Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով երկրից երկինք փոխման լուրը. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին:Մինչ հեռանալը կույսը Հովհաննեսին խնդրում է պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննես առաքյալը Վերնատանը կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը և երբ Տիրամայրը հայտնեց բոլորին իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը: Լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, առաքյալներըսկսեցին ողբալ:
Հովհաննեսը վերցրեց մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:
Երբ առաքյալները շրջապատեցին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվեց Քրիստոս` հրեշտակների զորքերով: Այդ պահին երկնավոր արքայուհու խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանում է և օրհնում Աստծուն: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։
Մինչ հանդիսավոր թափորը՝ երանելի սուրբ առաքյալների ու մյուս բարեպաշտ քրիստոնյաների ուղեկցությամբ, ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ տանում էին մահիճը դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում՝ ներկաների անմիջապես գլխավերևում, մի ընդարձակ, լուսավոր ամպ գոյացավ և սկսեց ուղեկցել թափորը: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Զայրացած ամբոխը, հարձակվելով առաքյալների վրա, կամեցավ ցրել թափորն ուղեկցողներին։
Այդ պահին պսակաձև ամպն իջավ ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատեց թափորը: Հետապնդողներից շատերը կուրացան: Գեթսեմանի հասնելով՝ առաքյալներն օրհնյալ մարմինն ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները Աստվածամոր գերեզմանի մոտ անընդմեջ աղոթում էին։ Այդ օրերին լսելի էր հրեշտակների քաղցրաձայն երգը և օրհնաբանությունը: Իսկ չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից և Աստվածամոր մարմինը երկինք փոխադրեց:
Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել:Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:
Որպես մխիթարություն առաքյալները Բարդուղիմեոսին տվեցին Աստվածամոր՝ փայտի վրա դրոշմված պատկերը: Հայկական աղբյուրներից հայտնի է, որ Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց ու դրեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, որտեղ եկեղեցի կառուցվեց Աստվածածնի անունով՝ ի պատիվ Տիրամոր պատկերի: Հետագայում այստեղ հիմնվեց կուսանոց, որ կոչվեց Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայ եկեղեցիների բոլոր խորանները Աստվածամոր անունով են և նրա պատկերով:Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է «Խաղողօրհնեք» և «Աստվածածին» անուններով: Տոնակատարության օրը՝ Ս. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:
Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է:
Автор 
Миньяр, Пьер (1612 Труа — 1695 Париж) — французский художник, брат Никола Миньяра. Имел прозвище Римский, чтобы отличаться от брата. 
The Virgin of the Grapes «La Vierge aux Raisins»
,Мадонна с гроздью винограда картина,XVII век1640-е,масло
121 см;- 94 см,Коллекция Лувр

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...