ԱՐՏԵՐԸ ՆԵՐԿՎԵՑԻՆ ԱՐՅՈՒՆՈՎ
********
Դանիել Վարուժան "ԿԱԿԱՉՆԵՐ"

Քո´յր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.-
Ահա սիրող սիրտերու պես կարյունին:
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խմենք ալիքն արևին:_____

Անոնք ա´յնչափ բռնկեր են` որ կարծես
Հրդեհն իրենց կայրե դաշտերը անհուն:
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն:_____

Քույր իմ, քաղե´, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին:
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին:_____

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ-ողկույզ կծփան:
Պիտի իրենց բաժակներեն հակընթյա
Խմենք խոստումը գարնա:_____

Քաղե´, քո´ւյր իմ, կակաչ չէ, բո՛ց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի:
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի:_____

Ծաղկե՛ր, ծաղկե՛ր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն:
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն:_____

Քաղե´, քո´ւյր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին:
Եվ պիտ` այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...