Ցեղասպանության կարմիր գույները
«Առանց հայրենիքի մարդը չի կարող գտնել իրեն, իր հոգին…» Մարտիրոս Սարյան. Երջանկության նկարիչը
Հայրենիքից ստացած տպավորությունները չափազանց ուժգին էին, բայց այնքան նոր, որ միանգամից տեղ չգտան նրա աշխատանքներում:
Հայաստանը Սարյանին տվեց դեռևս անհասկանալի, փոքր-ինչ խառը պատկերացումներ բնության պատկերման բոլորովին նոր ձևերի մասին:
1910-1913թթ. Սարյանը մի շարք ուղևորություններ իրականացրեց դեպի Թուրքիա, Եգիպտոս, Իրան:
«Ու ահա, 1915թ. ես տեղեկանում եմ Հայաստանին բաժին հասած նոր դժբախտության մասին: Թողեցի ամեն ինչ ու ետ վերադարձա հայրենիք: Էջմիածնում ու դրա շրջակայքում ես տեսա մարդկային ամբոխներ, որոնք թուրքական Հայաստանի Ցեղասպանությունից էին փախչում… Իմ աչքի առաջ մեռնում էին մարդիկ, իսկ ես նրանց օգնել համարյա չէի կարողանում: Ես ծանր հիվանդացա, ինձ տարան Թիֆլիս՝ ակնհայտ խորը հոգեկան խանգարումով»,- հիշում է Սարյանը:
Նկարիչը երկար ժամանակ աշխատել չէր կարողանում: Սակայն Թիֆլիսում (ներկայումս Թբիլիսի) նա հանդիպում է հայ գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկ Աղայանին: Սարյանը նրանում հարազատ հոգի է տեսնում, ու շուտով ամուսնանում հետը,որն էլ դարձավ Մարտիրոս Սարյանի. միյակ սերը` ամբողջ կյանքի համար:
Երկար ընդմիջումից հետո նա աշխատանքին վերադառնալու փորձեր է անում, ու հասկանում, որ հենց շնորհիվ Հայաստանի է իր ստեղծագործական կյանքը վերածնվում:
«Տառապանքի այդ օրերին ես իմ ողջ սրտով ու էությամբ միաձուլվեցի իմ ժողովրդին: Ու իմ մեջ չէր լինի ոչ նկարիչը, ոչ էլ անհատը, եթե չլիներ հայրենիքի այդ զգացողությունը: Հենց այդ հայրենիքին եմ ես նվիրել հետագա իմ ողջ ստեղծագործական կյանքը»,- գրում է Սարյանը:
Առաջին կտավը, որ նա արեց այդ բոլոր ապրումներից հետո կարմիր ծաղիկների մի հսկա փունջ էր: Կարծես թե փրկության ուղին գտնված էր:
«Արվեստը պետք է մարդուն կյանքի ու պայքարի կոչի, համամարդկային, ժամանակից դուրս ձևերով նրան հույս ու հավատ ներշնչի, ոչ թե հանգեցնի ողբերգական թեմաների նկարագրմանը»,- ասում էր նկարիչը:
Այն, որ Սարյանի կտավներում ողբ տեսնել հնարավոր չէ, նկատեց դեռևս ամերիկացի հայ գրող Վիլյամ Սարոյանը:
«Այո, Մարտիրոս Սարյանը հայ է, իսկ դա նշանակում է, որ նա ողջ է մնացել: Նրա անունին պետք է հաջորդի Մարկ Շագալ անունը: Նրանց իրար է կապում ամեն տեսակ մեռածը կենդանացնելու անասելի տաղանդը: Դուք չեք տեսնի զանգվածային ջարդեր Շագալի կտավներում, ու չեք էլ տեսնի կոտորած՝ Սարյանական պատկերներում: Նրանք փոքր երեխաներ են՝ լայն բացված աչքերով»,- գրում է Սարոյանը:
Առանց հայրենիքի ինքդ քեզ գտնել չես կարող
Комментарии
Отправить комментарий