ԱՎԵ՛Տ, ՉԽԱՌՆՎԵՍ
Ավետ Ավետիսյանին բանակ զորակոչեցին հայրենի Հավլաբարից։ Զորացրվելուց հետո տեղափոխվեց Բաքու, ուր ականատես եղավ թուրքերի կողմից քաղաքի հայության բնաջնջմանը։ 1918 թ․ սեպտեմբերն էր, երբ օսմանյան բանակը մտավ Բաքու։ Ամեն ինչ փոխվեց․․․
Հովհաննես Աբելյանն էլ այդ օրերին մահաշունչ քաղաքում էր եւ որոշել էր ժամ առաջ հեռանալ, բայց գումար չուներ։ Նա ծրագրում է բեմադրել Շիրվանզադեի «Չար ոգին», մի փոքրիկ գումար վաստակել, բայց Ոսկանի համար դերակատար չէր գտնում։ Պատահաբար հանդիպում է Ավետին, համոզում այդ դերը ստանձնել, եւ թատրոնից շատ հեռու ու թատրոնի մասին բնավ չմտածող երիտասարդը համաձայնվում է։ Այսպես Ավետ Ավետիսյանը հայտնվում է բեմում, այնուհետեւ ընդունում Աբելյանի առաջարկը՝ Թիֆլիս տեղափոխվելու մասին։
Բաքվից Թիֆլիս հասնելն անչափ վտանգավոր էր, քանի որ ճանապարհներն անապահով էին, հայերը՝ թալանվում, ծաղրուծանակի էին ենթարկվում ու խոշտանգվում։ Այնուամենայնիվ նրանք գնացք են նստում եւ մեկնում Վրաստան։ Ադրբեջանցի զինվորականները Եվլախ կայարանում կանգնեցնում են գնացքը, սկսում խուզարկել, հայերին անմիջապես իջեցնում են՝ արգելելով շարունակել ճանապարհը։ Պարզ էր, թե նրանց հետ ինչ էր կատարվելու։
Հովհաննես Աբելյանը, ով անգլերեն չգիտեր, Ավետին հորդորում է պահպանել հանգստություն. «Ավե՛տ, չխառնվես, խոսում ենք անգլերեն»։ Ավետը նույնպես անգլերենին չէր տիրապետում։ Բարձրաձայն հաղորդակցվում են հայերենով՝ յուրօրինակ շեշտադրությամբ ու ելեւեջներով, աղավաղված ու ծռմռված բառերով եւ մեկ-երկու անգլերեն բառերի խառնուրդով՝ OK!, Yes!... Այսքանն էլ բավական էր, որ «Ինգլիզ» բառն անցնի շուրթից-շուրթ եւ ադրբեջանցիները կրկին գնացք ուղեկցեն «եւրոպացի հյուրերին»․․․
Նվարդ Թուխիկյան
Ավետ Ավետիսյանը «Պեպո» առաջին հայկական հնչյունային շարժանկարում՝ Զիմզիմովի դերում (1935 թ.)
Комментарии
Отправить комментарий