Չարենցն ու Կոմիտասը...


ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԳՈՂԳՈԹԱՆ
(հատված անտիպ իրապատումից)
...Տասնմեկն անցել էր, մտմտալու ժամանակը չէր։ Սեղբոսը լրագիրը բարապանին վերադարձրեց, քանի որ առայժմ Երևանի իր միակ ծանոթն էր, հետաքրքրվեց.
-Հայրենակից, որտե՞ղ է ձեր մշակույթի տունը։
-Շատ ես հարցեր տալիս,- մշեցին բարապանի տարազով էր, արտասահմանցի հայի հետ խոսելու ցանկություն բնավ չուներ,- տե՛ս բոլորը ուր են գնում, հետևներից գնա։
Սեղբոսը փողոց ելավ ու իսկույն ընկղմվեց ժողովրդի հորձանքի մեջ, որ գետի պես Աբովյանով իջնում, Կուլտուրայի տան առաջ ծովանում էր։ Արդեն նշանակություն չուներ, որ դագաղն ինքն էր բերել, բոլորի պես մի հայ էր, Կուլտուրայի տան առաջ կանգ առավ։ Սպասեց։ Սրահից Կոմիտասի մեղեդիներն էին հնչում, ու Սեղբոսը առաջին անգամ լալ էր ուզում։ Ուրախությունից։ Վերջապես հասել էր նպատակին։ Ինքը՝ հեչ, վարդապետն էր նպատակին հասել։ Հերթը մոտեցավ, սրահ մտավ։ Դեռևս Փարիզից ծանոթ՝ ընկուզե դագաղը դրել էին մահաբեմին, սգեպսակներով շրջապատել։ Հայրենահայերը, այդքան շատ հայ Սեղբոսն առաջին անգամ էր տեսնում, գլխահակ անցնում էին սրահով, դագաղի մոտ կանգ էին առնում, որ ապակե փոքրիկ պատուհանի միջից մի պահ գոնե դեմքը տեսնեն։ Ինքն էլ դագաղին հասավ, ինչ անելը չիմացավ։ Այդ պահին էլ նկատեց Եղիշե Չարենցին, ում լուսանկարը հաճախ էր հայտնվում Փարիզի հայկական թերթերում։ Բանաստեղծին գլխահակ կանգնելը չգոհացրաց, կռացավ, ապակու վրայից համբուրեց Կոմիտասի ճակատը։ Ու տեղնուտեղը արյունը երակներում ասես ցամաքեց, դեմքը մթնեց։
-Սրիկաներ,- շրթունքների արանքից մռլտում էր նա, - մեռելից ի՞նչ եք ուզում, մեռելին ինչի՞ հանգիստ չեք թողնում։
Ձեռքը թափ տվեց, գնաց։
Սեղբոսը բանաստեղծի կոպիտ հիշոցից նախ ոչինչ չհասկացավ, հետո հայացքը ավելի ուշադիր դագաղին հառեց, այլայլվեց։ Մատներով շոշափեց, որովհետև չկարողացավ տեսածին հավատալ։ Ընկուզե, դրվագանախշ կափարիչը խախտված, կնքամոմը տեղ-տեղ քերված էր։ Անգամ բութակներն ու երիթներն էին տեղաշարժված։ Ուրեմն ճիշտ էին գիշերը հյուրանոցի ճաշասրահում մշուշի պես պտտվող շշուկները, որ պետանվտանգության գործակալները, նախքան մահաբեմում տեղավորելը, Կոմիտասի դագաղը բացել են, հագուստները, անգամ գրպանները խուզարկել։
Մահից հետո էլ ահն ու սարսափը հանգիստ չէին թողել, մարմինը չարչրկել էր։
-Քելե, քելե, քելքիդ մեռնեմ,- երգում էր Հայկանուշ Դանիելյանը։
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
***
Չարենցի մեծություններից մեկն էլ Կոմիտասն էր։ Նա իր կյանքի յուրաքանչյուր օրն անցկացնում էր Կոմիտասի երգով....
Հուշագիրները պատմում են, որ շատ անգամ գնում էր Բակունցի մոտ ու լսում, թե ինչպես էր մեծ գորիսեցին Կոմիտաս երգում։ Եվ երբեմն հուզվում էր, երեխայի նման գլխարկը քաշում դեմքին։ Այս երկու մեծերը ևս հանդիպեցին միայն մեկ անգամ, սակայն ցավալիորեն այդ ժամանակ Չարենցը տնային կալանքի տակ էր, իսկ Կոմիտասը՝ մահացած։ Այդ ողբերգական «հանդիպման» մասին կա բացառիկ հուշ Ռուբեն Զարյանի մոտ․
«Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Ներս եկողը չէր հեռանում։ …Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը»։ (Եղիշե Չարենց «Աստղիկ գրատուն», Երևան-2012)
Չարենցը Կոմիտասի աճյունի վրայից վերցնում է մոմե երկնագույն մի ծաղիկ և պահում՝ իբրև մասունք։ Այդ ծաղիկը մինչ օրս պահվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։ Սա երկու մեծերի «հանդիպումից» մնացած միակ հուշն էր։ Այս ծաղկի հետ մեկտեղ՝ Չարենցի տուն-թանգարանը հետագայում ստացավ նաև Կոմիտասի թաշկինակը։ 1913 թվականին Պոլսում համերգի ժամանակ ելույթ է ունենում Կոմիտասի աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը, և աղջիկն այնքան լավ է նվագում, որ Կոմիտաս Վարդապետը թղթե թաշկինակի վրա մակագրում է ու նվիրում Աղավնի Մեսրոպյանին։
Միայն 1952 թվականին Աղավնին այդ թաշկինակը նվիրում է Չարենցի դստերը՝ Անահիտին։ Կոմիտասի հուղարկավորության մասին շատ հետաքրքիր մեկ այլ հուշ ունի նաև Միքայել Մազմանյանը, ով ներկայացնում է, թե Կոմիտասի թաղումից հետո ինչպես սկսեց լաց լինել Չարենցը․
«Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։
Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցն այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։
Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.
– Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ, և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։
(«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թվական):
Նկարում՝ Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Չարենց և Կոմիտաս» կտավը

Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո(1897 - 1976)
Չարենցը և Կոմիտասը (1974),ստվարաթուղթ, յուղաներկ
29,8x42,3 սմ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...