Պարույր Սևակ «Ես հոգնել եմ»
Ես հոգնել եմ ,շատ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չեմ սիրում:
Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:
Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում…
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Միթե՞ կլինես այնքան միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրոք չեմ սիրում:
Բայց ինչու՞ եմ զուրկ ,
Ես ինչու ՞ եմ զուրկ
Բոլոր հաճելի թուլություններից.
Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,
Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում…
Գոնե տանս մեջ … թութակ պահեի:
Ու թե տանս մեջ թութակ պահեի`
Կվարժեցնեի ես նրան հիմա,
Որ վաղնջական գուշակի նման
Միշտ ու շարունակ միայն կրկներ .
– Էլ քեզ չեմ սիրում…
Սակայն զուրկ եմ ես
Բոլոր օգտակար թուլություններից
ԵՍ զուրկ եմ այնքան,
Որ մինչև անագամ
Թութակ պահելու թուլության չունեմ:
Եվ ապաստանած լոկ մի թուլության,
Որ սեր է կոչվում
Եվ գլխիս վրա դարձել է … տանիք
Ու… գլխարկի պես գլխիս է դրվել,
Ապրում եմ այսպես
եվ այսպես քայլում `
Գլխարկի տեղակ… գլխիս մի տանիք.
-Մի նոր խեղկատակ,
Որին չե՞ն տեսնում,
Իսկ թե տեսնում են`
Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս:
Комментарии
Отправить комментарий