Սիլվա Կապուտիկյան «Դու հեռացար»




Դու հեռացար…
Բայց ես գիտե՛մ, ես գիտե՛մ,
Ու՛ր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա…
Հազար աչքե՜ր հուրհրան քո առաջին`
Ե՛ս կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ո՛վ էլ խոսի` քեզ հետ իմ ձայնը կգա,
Իմ շշու՜նջը կփարվի քո ականջին:
Էլեկտրավար փողոցներով երբ քայլես`
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիչները դիպչեն քեզ`
Հոգնած դեմքդ կշոյեն ի՛մ քնքշությամբ:
Տուն գաս նորից, քո գրքերի մեջ սուզվես`
Թղթերիդ մեջ ե՛ս կերևամ վերստին,
Ծխախոտի ծու՜խ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:
Լուսամուտդ փակես` մրրի՛կ կլինեմ,
Հո՛ղմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյա՛կդ ու աշխա՛րհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթե՛րդ, կյա՛նքդ, հոգի՛դ…
Ո՛չ, չե՜ս կարող, ինձ չե՛ս կարող մոռանալ…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...