Շապինգարահիսարի բերդը։




Շապին Գարահիսարը հինավուրց բերդաքաղաք է: Այն մտնում է Փոքր Հայքի Նիկոպոլիս գավառի մեջ: Բերդապարիսպը ձգվում էր մոտ երկու կիլոմետր շրջագծով, միջին բարձրությունը հասնում էր հինգ մետրի: Ամրացված էր յոթանասուն աշտարակով և հարյուր պատվարով: Բերդն ուներ երեք երկաթակուռ դարպաս, բազմաթիվ ջրամբարներ, հացահատիկի ամբարներ: Այն կառուցված է չորս կողմից խոր ձորերով կտրտված լեռնապարի գագաթին: Դեպի լեռները գնացող շառավիղները վերևում տեղ-տեղ կտրատվում են բնական սանդղակներով: Անդնդախոր ձորերի վրա կախված գահավեժ զառիթափները անմատչելի են դարձնում բերդը:
Այստեղով է անցնում Գայլ գետի արագահոս Կերնավուս վտակը: Եվ հենց Կերնավուսի անունով էլ կոչվել է այդ գավառը. Կերնավուսը Գարահիսարն է: Կերնավուսը հիշվում է հին հունական աղբյուրներում: Թուրքական տիրապետությունից հետո (1475թ.) Սևաբերդի հին անունը թարգմանաբար դրվում է Շապին Գարահիսար:
17-րդ դարից ևս կան վկայություններ, որ այս քաղաքում եղել է 750 խանութ, բազմաթիվ արհեստանոցներ, բաղնիքներ, մոտ ինը թաղ: Հիշվում է, որ քաղաքի առաջին տերը (1475թ.), եղել է Հայկազյան իշխան Կիամելերը: 1600-ական թվականներին քաղաքում ապրել է 1700 հայ ընտանիք, իսկ 1915թ.` 2000:
Գավառում դեռ մինչև 1915-18 թվականները շեն էին Վերին և Ներքին Ածպտեր, Ակշահըր, Արգավուս, Անդրնաս, Բուրգ, Թամարզան, Կուրթանոց հայկական գյուղերը: 1915թ, Շապին Գարահիսարի գավառում հայ ընտանիքները 25000 էին, դրանց մեծ մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Շապին Գարահիսարը այն հերոսական բնակավայրերից մեկն է, ուր 1915թ. տեղի ունեցան ինքնապաշտպանական մարտեր:
Գավառում հին ժամանակներից հիշվում է Օզան գյուղը, որը գտնվելիս է եղել Գարահիսարի հարավարևելյան գոտում, Գայլ և Պոտո գետերի միջև` ուղղակի կպած լեռնալանջին:
1700-ական թվականներից, թուրքերի հալածանքներից խուսափելով, Գարահիսարում է հաստատվում Օզանից գաղթած հիսուն ընտանիք: Դրանցից շատերը, հավերժացնելով գյուղի անունը, գրվում են Օզանյան ազգանունով:
Այստեղից էլ` Անդրանիկ Օզանյան: Շատերի ականջին խորթ հնչող Օզանյան ազգանունը թվացել է անբացատրելի ու օտարամուտ, մինչդեռ այն, ամենայն հավանականությամբ, կապվում է հայրենի ոզն բառի հետ, որ ոզնուց բացի ուրիշ այլ իմաստ չունի: Կարինի, Սեբաստիայի, Մշո, Ալաշկերտի և արևմտյան խմբակցության բարբառներում բառասկզբի ո-ն հնչյունափոխվում է օ-ի: Ուրեմն ոզն բառը դարձել է Օզն, որը և եղել է տվյալ գյուղի անունը: Օզան սեռական ձևն է, որը վերաիմաստավորվելով դարձել է ոզնիների վայր, այլ կերպ Ոզնուտ, Օզան:
Այսպիսով, եթե վերականգնենք այդ ազգանունը, կունենանք ` Ոզնյան, Ոզնանյան, Ոզանյան: Բայց մեզ է հասել նրա զուտ բարբառային ձևը` Օզանյան:
Այսպես, ուրեմն՝ Օզանյանները տոհմիկ հայեր են և բնակվել են Շապին Գարահիսարում: Եվ մեկուկես դար անց այդ ազնվական գերդաստանի ուշ շրջանի նահապետ Թորոսի տանը 1865 թվականի փետրվարի 25-ին ծնվում է մի արու զավակ, որին հայրը տալիս է Անդրանիկ անունը💗

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...