Սրտի խորքրեից խոսք Աստուծո հետ




Եվ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ,
Որոնց բերանները լի են ծիծաղով, և շրթունքները՝ ցնծությամբ,
Ըստ առակողի և սաղմոսողի,-
Ուստի ես երկրորդ կարգին դիմեցի,
Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին,
Թեև իմ բարքի թերությունների հետ համեմատած՝
Նույնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից,
Ինչպես ապաշխարողը՝ չապաշխարողից:
Այսպես՝ տոնելի եղավ Մանասեն,
Պատիվ ստացավ և՛ փարիսեցին,
Զի ես նրանից ավելի՛ դաժան ամբարիշտ եղա:
Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ նա ինձ պես անդարձ ուխտազանց:
Հիշվեց կեղծավոր որդին Ամասիայի,
ու չեղավ ինձ չափ ապերախտ սաստիկ և շնորհուրաց:
Օրհնություն առավ ավազակն անգամ, որ դատախազն է անհավատների.
Պոռնիկ կինն անգամ պատիվ ստացավ, իբրև նախամայր զղջացողների:
Փարավոնից ոչ պակաս կարծրացրի ես իմ սիրտը.
Ծփացի մրրիկներից հուզված ծովի նման.
Չսարսեցի սաստիկ քո հրամանից ու չպատկառեցի այնքան,
Որքան մեծածուփ ծովի ալիքներն իրենց ափերից:
Իմ գործերի չափն ու քանակը որոշելու համար ավազակույտը վերջացավ,
Պակասեցին նրանց անբավ շեղջերը՝ չափելու կուտակումներն իմ անօրեն արարքների:

Սուրբ Գրիգոր Նարեկացի
Մատյան ողբերգության, Բան Զ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...