Բալլադ սիրո



Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արեւավառ,-
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝
Բացված կյանքում եւ ինձ համար,-
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար,-
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար․․․
Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար,-
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմար,-
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-

Ա՜խ, նո՜ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՜ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես։
Ամեն վայրկյան երգում ես ինձ
Սիրո կարոտն անմխիթար,-
Երգն ես երգում անցնող կյանքիս,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-

Ժամանակի նման անեզր,
Եվ լռության նման անբառ -
Որքան գնում - այնքան անեղծ,
Եվ խո՛րն ես դու,- ինչպես անտառ։-
Ամեն գարնան կարծես նորից
Նույն գիրքն ես ինձ կարդում անբառ,-
Եվ նո՛ր է քո իմաստը միշտ,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար․․․

Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
Մի օր ես է՛լ ննջեմ անդարձ,-
Կիպարիսներ սգահանդես
Շիրմիս վրա շրշան երբ սառ,-
Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
Պիտի երգեն սիրողաբար -
Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ․․․
Չարենց

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...