Դեղձենու առասպելը , կամ Ինչու՞է կարևոր այգում ունենալ դեղձենի



Ըստ առասպելի` հնում Հայաստան աշխարհում որքան մարդ կար, այնքան էլ դեղձենի էր աճում: Եթե որևէ տան մեջ մանուկ էր ծնվում, հայտնվում էր գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը, և որպես աչքալույսի նշան՝ դեղձի մի կորիզ էր գցում նրանց դռան առջև: Դրանով նա շնորհավորում էր նորածին երեխայի ծնողներին ու բոլոր հարազատներին: Նորածնի հայրը կամ պապը տնկում էին այդ կորիզն իրենց այգում: Երբ կորիզն արմատակալում էր, դառնում շիվ, մանուկն էլ մեծանում էր, սկսում առաջին քայլերն անել: Հետո շիվն աճում էր, փթթում: Այդ նույն ժամանակ էլ մանուկն սկսում էր թոթովել առաջին բառերը: Որքան մանուկն էր թոթովանքով գեղեցկացնում ու կյանքով լցնում տունը, այնքան էլ վարդագույն ծաղիկներով ծաղկող դեղձենին էր իր գեղեցկությամբ զարդարում այգին՝ առանձնանալով մյուս ծաղկած ծառերից իր գեղեցկությամբ ու բույրով: Գեղեցիկ էին և՛ դեղձենին, և՛ մանուկը. Չէ որ գեղեցկության աստվածուհին էր կապ ստեղծել նրանց միջև: Մանկան խոսքը շնչավորում ու բուրում էր, տուն ու այգի լցվում էր դեղձենու բուրմունքով: Այդ է պատճառը, որ հնում բոլոր մարդիկ խոսում ու բարբառում էին շատ գեղեցիկ հայերենով, երգում ու հեքիաթ էին պատմում մեր ոսկեղենիկ արքայական լեզվով: Եթե մեկը մոռանում էր ու նորածնին բախտակից դեղձենի չէր տնկում իր այգում, Հայաստանում պակասում էր մի պճեղ բուրմունք մեր պերճ լեզվից էլ մի քաղցրահունչ բառ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...