ԾԱՂԿԱԶԱՐԴ
ԹԵԹԵՎԱՑՐՈ՛Ւ ԻՆՁ, ՏԵ՛Ր - ԱՂՈԹՔ
ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ – 4-ՐԴ ԴԱՐ
Մի՛ մատնիր ինձ, Տեր, մեղքերի ցանկությանը, աչքերի քնին և մտքի ցանկությանը, այլ պարսպիր երկյուղով և փրկիր ամենահնար չար դևերից ու աշխարհական զբոսանքներից:
Ե՛կ, Տե՛ր, փնտրելու մոլորվածիս, որ դեգերելով շրջում եմ Քո պատվիրանների հոտից դուրս, գազանաբեկ եղած և մեղքերով քարկոծված՝ վիրավորվում եմ դևերից․ բռնիր և տար հայրենի փարախը ու խառնիր Քո հոտի գառներին:
Թեթևացրու իմ մարմնի կարիքները, առատացրու իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝ լինելու Քո Աստվածային կամքի տաճար ու բնակարան, անհագ սիրով սիրելու Քեզ և ատելու ամենայն ցանկություն ու այս աշխարհի սերը, որով եղավ հոգուս կորուստը և մահը․․․:
Բաց, Տե՛ր, իմ սրտի աչքերը և լուսավորիր Սուրբ Հոգովդ: Պարգևիր ինձ առողջ խորհուրդներ և առաքինի վարք, հանապազ ողբալ, ահ ու դողով ամեն ժամ անզբաղ մնալ Քո առջև:
Նայի՛ր, Տե՛ր, իմ նեխած և թարախած հոգուն և լվա Աստվածային ջրով: Համեմիր հոգևոր աղովդ և օծիր անուշահոտ սուրբ յուղովդ ու ընձեռիր կատարյալ առողջություն:
Պատսպարի՛ր ինձ, Տե՛ր, լեռան քարանձավում կամ անապատ վայրում, ուր և թող առաջնորդի ինձ Քո ողորմությունը, որ հանդիպեմ Քո անվան մեծ փառքին, ստանամ Սուրբ Հոգուդ աղավնակերպ թևերը՝ թռչելու և բարձրանալու, խառնվելու արդարների երամին: Ամեն:
Комментарии
Отправить комментарий