Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, եւ երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, եւ օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մա՛յր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Комментарии
Отправить комментарий