Երեկոն ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ հետ
::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ-Տաղեր
«Գարնանային կենացս մէջ»
Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,
Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։
Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,
Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։
Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։
1864
«Այնքա~ն սիրած, այնքա~ն լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս առաջին տարիներուն իր ցավովը ցաված և իր տառապանքովը տառապած եմ երկարորեն, իր տենդերը, իր գանգատները, իր հիվանդ կուրծքին հևքը և մրմունջները տարիներուն մեջեն եկած հասած են ինծի, ու կարծես մատներովս դպած եմ անոնց և ականջովս լսած. ինչպե~ս պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նվիրական հյուղակին ճամփան ու ըսել իրեն, թե ինչպես իր ցավերը կերկարաձգվին և կը թրթռան իմ հոգվույս մեջ…»:
Սա միայն Զապել Եսայանի խոստովանությունը չէ: Սա նաև սերունդների խոստովանությունն է:
Երևի քիչ գրողներ կան, որոնց ճակատագիրն այնքան տխուր լիներ, որքան Պետրոս Դուրյանինը: Նա հեռացավ կյանքից` քսանմեկը չբոլորած, հեռացավ` երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի «արև տեսնելը», հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: Եվ, այնուամենայնիվ, դարձյալ քիչ գրողներ կան, որոնք այնքան պաշտված լինեն, որոնց ետմահու ճակատագիրն այնքան յուրովի երջանիկ լինի, որքան Պետրոս Դուրյանինը: Տասնամյակներ շարունակ Սկյուտարի ազգային գերեզմանատանը` Պաղլար Պաշիի պողոտայի վրա, Պետրոս Դուրյանի շիրիմը դարձել էր ուխտատեղի: Տղաներն ու աղջիկները նրա նվիրական գերեզմանի մոտ են շշնջացել առաջին սիրո երդումները, ծերունիներն ու երիտասարդները երկյուղած համբույր են դրոշմել բանաստեղծի մահարձանին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...