ՀՌՈՄԿԼԱ
ՀՌՈՄ-ՔԱՐ, ԿԼԱՅՆ ՀՌՈՄԷԱԿԱՆ
Ներսես Շնորհալու և Թորոս Ռոսլինի հետքերով. Հռոմկլա
Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց հետո, թերևս, ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին:
Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով: «Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»: Կիրակոս Գանձակեցի, պատմիչ
Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու կամ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի:
Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի) միջնադարյան Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչներից է:
Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների երկու շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ:
Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով:
Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) և բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական և այլն): Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է:
Շնորհալու «Վիպասանություն» պոեմը առաջին չափածո պատմագրական երկն է: Պոեմը սիրվել ոարածվել է ողջ միջնադարում՝ որպես հայոց պատմության և հայրենասիրության ուսուցարան: Նրա «Հիսուս որդի» (1152 թ.) պոեմը Նարեկից հետո եղել է հոգիները բուժող աղոթամատյան: Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» (1145 թ.) քնարավիպերգական պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա (կամ Ուռհա) հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը: Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով, ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը:
ՀՌՈՄԿԼԱ (Վանք - Ամրոց)
Եփրատի աջ ափին՝ սեպաձև հրվանդանի վրա է գտնվում Հռոմկլա բերդաքաղաքը (Հռոմ Քար): Այստեղ է ապրել Ներսես Շնորհալին, այստեղ է իր շքեղաշուք մատյանները ծաղկել Թորոս Ռոսլինը: Թորոս Ռոսլինը ստեղծագործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված մատյաններ, պահպանվել է Լևոն Գ թագավորի երկու դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Խորապես իմանալով անտիկ արվեստ` հատկապես քանդակագործություն, իր գործերում օգտագործել է դասական երկերի գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և ճոխ: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն:
Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա՝ հոռոմների կամ հույների բերդ անունը)։ 1203-1293թթ-ին Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ։ Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում։ 16-րդ դարում Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին։ Հռոմկլան վերջնականապես ավերվեց 1839-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից։ Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները։ Ներսես Շնորհալին վախճանվել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, ամփոփված է Հռոմկլայում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին Տեր Ներսես)։
Комментарии
Отправить комментарий