ՍԵՎ ՔՐՏԻՆՔ Է ՔԱՄՈՒՄ


Սև քրտինք է քամում քարանձավը կրկին,
Սև երախը բացել և սև ամպ է լափում,
Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին
Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում:
Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում—
Մախրենին է մխում քարե բարձի վրա,
Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում
Եվ ինչե՞ր է խորհում
Քամիների անհոգ անցուդարձի վրա։
Թափուր ձորի վրա
Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից,
Եվ մասրենին՝ թափուր կածանների վրա
Իր երազի կարմիր ասուպներն է թափում։
Առվի փեշերն ի վեր
Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից.
Թե, հա, տեսեք-տեսեք, ես պատրանքն եմ գարնան,
Մեկը լինի ասի, վերջին, վերջին կանաչ,
Դու այդ ո՞ւմ ես խաբում…
Դու այդ ո՞ւմ ես խաբում, երբ անտառի դեղին
Խելքը վերջին մրսած մացառին է անցել,
Եվ քարափներն անգամ իմաստուն են դարձել։
Համո Սահյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...