ՀՈԳԵԱՑ ՎԱՆՔ Hokiats Vank‘)
Հոգեաց վանք (Հոգվոց վանք, Հոգոց վանք), հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։
Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին,ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, որտեղ հետագայումտեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ 4-րդ դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը 17-րդ դարում հայտնի գրչության կենտրոն էր (1669-ին, 1670-ին ծաղկված ավետարանները, 1696-ի բժշկական ձեռնարկը ևն), 1730-65-ին՝ վերակառուցվել, 1895-ին ավերվել, 1904-ին՝ վերանորոգվել, 1915-ին՝ լքվել։
Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ գմբեթավոր դահլիճ է, որին արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն, մեկ զույգ որմնամույթերով երկու հավասար քառակուսի, գմբեթածածկ մասերի բաժանված գավիթը։ Այն հյուսիսից հաղորդակից է Սուրբ Սիոն եկեղեցուն՝ արևելքից պայտաձև խորանով թաղածածկ դահլիճ, որի աղոթասրահը ընդլայնված է շնորհիվ հյուսիսային և հարավային կողմերում առաջացած, խորշանման թաղածածկ մասերի (հատուկ է Վասպուրականի միանավ դահլիճներին)։ Հոգեաց վանքը վանք-ամրոց է՝ պաշտպանական, երկշարք, 7-8 մ բարձրությամբ պատերով, որոնց անկյուններում և արևմտյան պատի կենտրոնում կիսաբոլոր աշտարակներ են։ Մուտքը հարավից է։ Վանքի համալիրը միջնաբերդի նման խմբված է հյուսիսարևմտյան հատվածում՝ հարավարևելյան անկյունային աշտարակով։ Հարավային երկրորդ շարք պարսպապատերին ներսից կից են օժանդակ կառույցներ։ Վանքի բոլոր սենյակները թաղածածկ են, առանց լուսամուտների (լուսավորվում են երդիկներից) և բացվում են մեկը մյուսի մեջ՝ դժվարացնելով մուտքը դեպի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը։
Հոգեաց վանքը 1900-ականներին (Շատախ գավառ)։
Комментарии
Отправить комментарий