ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Հայկական 6-րդ ջոկատը (կոչվել է նաև հնչակյան 6-րդ խումբ) կազմավորվեց Կարակուրտում՝ գեներալ Բարաթովի գլխավորած ռուսական զորաջոկատի կազմում: Ջոկատը 1915թ. դեկտեմբեր – 1916թ. հունվար ամիսներին մասնակցեց Էրզրումի գործողությանը, 1916թ. փետրվար – մարտ ամիսներին գրավեց Էրզրումը: Նրա առաջին հրամանատարը ռուսական բանակի սպա, կապիտան Հ. Ջանփոլադյանն էր, իսկ քիչ ուշ նրան փոխարինեց պորուչիկ Գ.Ավշարյանը, որն էլ զոհվեց 1915թ. ամռանը, Շարյան գետի ափին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Ավշարյանին փոխարինեց Հայկ Բժշկյանը, ապա՝ Պանդուխտը:
Հայկական 7-րդ հայկական ջոկատը (հրամանատար՝ իշխան Հ. Արղության) կազմավորվեց 1915թ. աշնանը Երևանում և հանդիսանում էր ջոկատների պահեստային ուժը: Հետագայում այդ ջոկատն անցավ հյուսիսային Իրան և աչքի ընկավ հատկապես Ռևանդուզի ճակատամարտում:
1915թ. դեկտեմբերից 1916թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում հայ կամավորական ջոկատները կազմացրվեցին, և նրանց հիմքի վրա կազմավորվեցին հայկական վեց հրաձգային գումարտակներ, որոնցում 1917թ. հունվարի 1-ի դրությամբ ծառայում էր 5179 մարդ, որից 174-ը՝ սպա:
Հայկական 1-ին գումարտակը 39-րդ դիվիզիայի կազմում մեծ սխրանքներ գործեց Քիլքիթի և Երզնկայի շրջանում 1916թ. հունիսի 25-ից 27-ը տևած կատաղի մարտերում: Շտաբային զեկուցագրում ասված է. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը հրամայվեց գրոհել թուրքական անառիկ դիրքերի դեմ: Հայկական 1-ին գումարտակն արագորեն կատարեց հանձնարարված առաջադրանքը, առաջանալով լեռնաշղթայի վրայով և միանալով հարևան զորամասերին՝ տիրեց Բալինթափակ գյուղի մոտ գտնվող 2300, 2350 և 2660 բարձունքներին: Դրանից հետո թուրքերը մեծ կորուստներ կրելով՝ հեծելազորի պաշտպանությամբ սկսեցին նահանջել: «Այս առաջին ճակատամարտի ժամանակ իր կազմավորումը նոր ավարտած գումարտակը դրսևորեց բարձր մարտական ոգի, հիանալի կարգապահություն և անդրդվելի տոկունություն: Կորցնել ամբողջ անձնակազմի կեսից ավելին (55 տոկոսը) ու նորից գործը գլուխ բերել՝ հաճախ վեր է մինչև իսկ հին ու փորձված զորամասերի ուժերից»: Հուլիսի 11-ին 39-րդ դիվիզիայի առաջապահ զորամասերի հետ հայկական 1-ին գումարտակը ծանր մարտերից հետո առաջիններից էր, որ մտավ և գրավեց Երզնկան:
Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9-ը գումարտակն անընդհատ արշավանքների, կռիվների ու ընդհարումների մեջ էր: Օգոստոսի 2-ից 8-ը տեղի ունեցած մարտերում տալով 140 սպանված, 20 վիրավոր և անհայտ կորած՝ գումարտակն արյունահեղ կռիվներից հետո թուրքերից ազատագրեց Քեմիշլու, Դուրու և Սիակով գյուղերը:
Պարսկական ռազմաբեմում իրենց փայլուն դրսևորեցին 4-րդ և 6-րդ հայկական հրաձգային գումարտակները, որոնք մեծ սխրանքներ գործեցին հյուսիսային Իրանում և Իրանական Քրդստանում տեղի ունեցած մարտական գործողություններում:
Հուլիսի 31-ի լուսաբացին հայկական 4-րդ գումարտակը, ռուսական զորամասերի հետ թեժ մարտերում տիրելով շրջակա բարձունքներին, գրավեց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ Սագիզը: Այդ հաղթանակի կապակցությամբ Սագիզի զորաջոկատի պետ, գեներալ Կուլեբյակինը փոխգնդապետ Հովսեփյանին հղել է հեռագիր, որում ասված էր. «Շնորհավորում եմ գումարտակին առաջին հաղթանակով և մարտական մկրտությամբ: Շնորհակալություն մարտական փայլուն աշխատանքի համար: Այսօր անձամբ եղա Ձեր գրաված անառիկ դիրքերում և տեղում գնահատեցի հաղթահարած հայ հրաձիգների ջանքն ու սխրագործությունը»:
Հայկական գումարտակի սխրագործությունը, անձնվիրությունը բարձր գնահատեց կորպուսի հրամանատար, գեներալ Չերնոզուբովը:
Հայկական 6-րդ հրաձգային գումարտակը փոխգնդապետ Միքայել Մելիք-Մուրադյանի գլխավորությամբ 1916թ. օգոստոսի 6-ից 10-ը մեծ սխրանքներ գործեց Սագիզի շրջանում տեղի ունեցած կատաղի մարտերում, նախքան այդ նաեւ Փենջվինի շրջանում՝ հունիսի 15-ից 17-ը տևած արյունահեղ ճակատամարտում գումարտակը գրավեց Բիստանը և նրա անառիկ համատեղ դիրքերը:
Ռազմական գործողություններում իրեն լավագույնս դրսևորեց նաև հայկական 5-րդ հրաձգային գումարտակը՝ գնդապետ Պավել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, որը կազմված էր հիմնականում ղարաբաղցիներից: Գումարտակը 1916թ. հուլիսի 12-ից մինչև օգոստոսի վերջը անընդհատ արշավանքների, կռիվների և ընդհարումների մեջ էր: Օգոստոսի սկզբին գումարտակը Կովկասյան 7-րդ կորպուսի կազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Պարսկաստանի Դրիթկա-Ռայաթ գյուղի և Ասխաբա լեռան մոտ 1916թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած նշանավոր ճակատամարտում, որտեղ ռուսական զորքերը գլխովին ջախջախեցին թուրքական լավագույն 4-րդ (Դարդանելյան) դիվիզիան: Այդ ճակատամարտում, բացի մեծ ռազմական պաշարից, ռուսական զորքերին գերի հանձնվեց 2000 թուրք զինվոր և 60 սպա: Միայն օգոստոսյան մարտերի համար մարտական պարգևների ներկայացվեց գումարտակի ամբողջ սպայական կազմը, իսկ քիչ անց ևս 50 տոկոսը: Գումարտակի շատ հայ զինվորներ պարգևատրվեցին Գեորգիևյան խաչերով ու մեդալներով:
1916 թ. դեկտեմբերի 13-ից մինչև 15-ը տևած կռիվներում գումարտակը մյուս զորամասերի հետ միասին գրավեց Վանի շրջանի Աթաման գյուղը և Ոստանի ուժեղ ամրացված թուրքական դիրքերը: Գեներալ Գ.Ղորղանյանի վկայությամբ զորասյան ռազմական գործողությունների և մարտերի ծանրությունը գրեթե ամբողջովին ընկել էր հայ հրաձիգների վրա, նրանց գործողությունները «ապացուցում են մարտիկների բարձր ռազմական ոգին, կուռ կարգապահությունը և իրենց վրա դրված պարտքի կատարյալ գիտակցությունը»:
Միայն 1917թ. հունիսի 15-ից 17-ը տևած Բիստանի (Իրան) ճակատամարտին մասնակցելու համար Գեորգիևյան խաչի և այլ բարձր պարգևների է ներկայացվել ավելի քան 68 հայ հրաձիգ: Քիչ չէր զոհերի թիվը: Զոհված հայ սպաների մեջ էին 4-րդ գումարտակի պրապորշչիկ Հովհաննես Խաչիյանը, գումարտակի հրամանատար Սուրեն Բազյանը և շատ ուրիշներ:
1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած փետրվարյան հեղափոխությունից հետո, ռուսական բանակում տարվող ազգայնացման քաղաքականության և ազգային զորամասերի կազմավորման արդյունքում հայկական կանոնավոր գումարտակներն ընդարձակվեցին և նրանց հիմքի վրա կազմակերպվեցին հայկական վեց հրաձգային գնդեր, որոնք մտան գործող բանակի կազմի մեջ: Նրանցից դեռևս կազմավորման ընթացքում գտնվող 2-րդ և 5-րդ գնդերն իրենց հռչակեցին «մահապարտների գունդ» պատվավոր անունով: «Մենք՝ հայկական 5-րդ հրաձգային գումարտակի բոլոր հրաձիգներս և սպաներս,- ասված է 1917թ. հուլիսի 15-ի 5-րդ գումարտակի ընդհանուր ժողովի որոշման մեջ,- հրամանատարի գլխավորությամբ միահամուռ որոշել ենք այսօրվանից անցնել մահապարտների գումարտակների շարքը և այսուհետև կոչվել մահապարտների 5-րդ հայկական հրաձգային գումարտակ: Քաջ գիտակցելով, որ գործը ոչ թե անվան, այլ այն ծանրագույն խնդրի մեջ է, որը մենք մեզ վրա ենք վերցնում, ազատ Ռուսաստանի և Հայրենիքի առջև, մենք երդվում ենք՝ ազնվորեն և վեհանձնությամբ ծառայել հայրենիքին նրա համար դժվարին այս ժամանակներում: Մենք մինչև արյան վերջին կաթիլը կկանգնենք և ցույց կտանք հակառակորդին մեր մահապարտ գումարտակի հարվածային ուժը»:
Բացի այդ հայկական կորպուսից Կովկասյան ճակատում կազմավորվեցին կամ ձևավորվեցին Անդրանիկի հայկական Հավաքական ջոկատը (կոչվել է նաև Հայկական հատուկ հրաձգային դիվիզիա), մի շարք այլ՝ ոչ կանոնավոր զորամասեր, որոնց անձնակազմների զգալի մասը արևմտահայեր էին: Այսպես, օրինակ՝ 1917թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Երզնկայում կազմավորվել էր կամավորական խումբը Մուրադի գլխավորությամբ, Էրզրումում կազմավորվեց բերդապահ գունդը Թորգոմի հրամանատարությամբ, որն ուներ 700-ից ավելի զինվոր, Բաբերդում կամավորական զորամասը՝ Սեպուհի գլխավորությամբ, Խնուսում՝ Սասունի գունդը Մուշեղի և Մանուկի հրամանատարությամբ, Ալաշկերտում՝ տեղական զորամասեր Սմբատի անմիջական գլխավորությամբ: 1918թ. մարտի դրությամբ արևմտահայ կանոնավոր և անկանոն ուժերը միասին ունեին 25 հազար անձնակազմ:
Հազարավոր սփյուռքահայեր պատերազմին մասնակցում էին նաև զենքը ձեռքերին՝ մարտնչելով այն բանակների կազմում, որտեղ ապրում էին նրանք: Առաջին համաշխարհայինի տարիներին Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվն անցնում էր 50 հազարից: 1916 թ. նոյեմբերին Ֆրանսիայի բանակի կազմում կազմավորվեց նաև Արևելյան (հայկական) լեգեոնը, որի անձնակազմը համալրված էր շվեդահայերից, եգիպտահայերից, ամերիկահայերից և թուրքական բանակի հայ ռազմագերիներից: 1918 թ. մայիսին հայ լեգեոնականների թիվը հասել էր 4000-ի: Պաղեստինյան ճակատում թուրքական զորաբանակների դեմ մղված Արարայի ճակատամարտում աչքի ընկնելու համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 հայ մարտիկներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով: Հայկական զորամասերի կազմավորմանը գաղթօջախներում ակտիվ մասնակցություն հանդես բերեցին ականավոր հասարակական գործիչներ՝ Մկիտիչ Փորթուգալյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ: Մ. Փորթուգալյանը ռուս-թուրքական պատերազմի սկզբում «Արմենիա» թերթի «Թուրքահայերի վիճակը և մեր պարտքը» հոդվածում նշում է. «Ով որ հայ է, ով որ հայի անուն, հայի արյուն կկրե, ինչ կուսակցության ալ կպատկանի, իր պարտքը պիտի համարի համերաշխությամբ մասնակցել այս գործին, որ ընդհանուր հայության գործն է, ընդհանուր հայության պարտքն է: Թուրքահայաստանը ոչ այս, ոչ այն կուսակցության կպատկանի, այլ ընդհանուր հայության, անոր օգտի համար չաշխատողը ոչ թե այս կամ այն կուսակցութենե դուրս, այլ հայութենեն դուրս պետք է համարի զինքը»: Այնուհետև Փորթուգալյանը հայտարարում էր, որ հայ կամավորներին նյութապես օգնելու նպատակով Մարսելում արդեն ստեղծվել է «Կովկասի հայ կամավորներուն նպաստող կոմիտե»: Թերթում նա պարբերաբար հրատարակում էր նվիրատուների ազգանուններն ու տված գումարները:
Փորթուգալյանը կոչ հղեց գաղթօջախների հայությանը կամավորներ տրամադրել Թուրքիայի դեմ պատերազմող պետություններին՝ հայտարարելով, որ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան վարում են բարբարոսական, զավթողական, թալանչիական, իսկ Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան՝ ազատարար պատերազմ։ Իրենց հայրենիքի շահերը, արևմտահայության փրկության գործը պահանջում են, որ հայերը օգնեն վերջիններիս։ Նրանք չպետք է անտարբեր մնան և սպասեն, որ օտարը վճռի իրենց բախտը, բոլոր ազգերը արյունով են գրել իրենց պատմության ազատագրության էջերը։ Հայերը ևս պետք է այդպես վարվեն։
Գրեթե նույն դիրքերից հանդես եկավ նաև Արշակ Չոպանյանը։ Արևմտահայերի փրկությունը տեսնելով Անտանտի երկրների հաղթանակի մեջ, նա կոչ էր անում հայերին՝ ամենուրեք կամավորներ գրվել Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի բանակներում և արիաբար կռվել Եռյակ միության ու Թուրքիայի դեմ։ «Ընենք ինչ որ կըրնանք, – գրում էր Չոպանյանը, – որպեսզի մենք ալ, վաղը աշխարհիս վերև ծագելիս արդարության արևին տակ, ազատամարտիկ ազգերուն շարքին մեջ, ազատության արժանի քովը բարձրաճակատ կարենանք երևալ»։
Չոպանյանը խնդիր էր դնում՝ անպայմանորեն օգնել հատկապես Ռուսաստանին, որովհետև Թուրքիայի դեմ տարած նրա հաղթանակը ազատություն կբերի արևմտահայությանը: 1914թ. դեկտեմբերի 24-ին, իր բարեկամներից մեկին հղած նամակում նա գրում Էր. «Ռուսահայ հարաբերությունները լավ են, ինչպես երբեք չեն եղած… նույնիսկ եթե Էրզրումեն մինչև Սիս ռուսը գրավե և պարզապես կցե, նորեն հայուն համար շատ լավ է… Հայկական կյանքը, հայ լեզուն, կուլտուրան պիտի ծաղկին ու տիրապետեն»: Չոպանյանը ենթադրում էր, որ ներկա պատերազմը հայերին բերելու է ոչ թե բարենորոգումների նոր ծրագիր, այլ «իրական, արմատական, վերջնական ազատում»: Այդ ազատության տակ նա չէր հասկանում անկախություն, Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի վերականգնում, գտնելով, որ «…ատիկա անկարելի է…», այլ այնպիսի Հայաստան, որը Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի հովանու տակ կարողանա «ապրել ինքնավար կյանքով մը, հայ կյանքով մը»:
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդ է ներդրել Ռուսաստանի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում: Հայ ժողովրդի զավակները մարտնչել են գրեթե բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակների կազմում, ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ նրա դաշնակից երկրների բանակների կազմում՝ իրենց մարտական հմտությամբ և հերոսական սխրանքներով հարստացնելով հայ ժողովրդի փառավոր մարտական ավանդույթները:
Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
պատմական գիտությունների դոկտոր
Комментарии
Отправить комментарий