Օ. Խայամ--- քառյակներ


Լինելության ու վախճանի այս շրջանում
Դու իզուր ես սկիզբը վերջից զատել ջանում,
Առեղծվածն այս, ցավոք, չունի ոչ մի լուծում,
Վերջից հետո միշտ էլ սկիզբ է առաջանում:
«» «» «»
Խայամն ասաց, - Ծփուն ծովում պատ շարելուց հոգնել եմ ես,
Այս կռապաշտ քրմապետի տաճար գալուց հոգնել եմ ես,
Ո՞վ Է մտել դրախտից ներս, կամ դժոխքից ո՞վ Է դարձել,
Դժոխային այս խոսքերին ականջ տալուց հոգնել եմ ես:
«» «» «»
Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:
«» «» «»
Սիրտ իմ այս մութ առեղծվածի պատասխանին չես հասնի, չէ,
Կորովամիտ իմաստունի միտք ու բանին չես հասնի, չէ,
Քանի դեո կաս կյանքը դրախտ դարձրու գինով անապական,
Վերին դրախտ, ի՞նչ իմանաս, կհասնե՞ս թե՞ չես հասնի, չէ:
«» «» «»
Հույսի ծառին բերք գտնեի, երանի՜,
Բան հասկացող խելք գտնեի երանի՜,
Ա՜խ մինչեւ ե՞րբ այս գոյության զնդանում.
Դեպ անգոյը ելք գտնեի երանի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...