Խաչվերաց կամ Սուրբ խաչ-Շնորհավոր
Քրիստոսի խաչով,Եկեք ուրեմն մեկ անգամ ևս խոնարհվենք Տիրոջ խաչի առջև ասելով.<<Փառք Սուրբ Խաչիդ, ալելույա, հավիտյանս հավիտենից. Ամեն>>:
Ըստ Դավիթ Անհաղթի, քրիստոնեական եկեղեցին պաշտում է խաչը, քանի որ խաչը Քրիստոսի ձևն ունի և Քրիստոս ամեն պահի խաչի վրա է, էանում է նրա հետ և երբեք չի հեռանում խաչից: Ըստ Ագաթանգեղոսի՝ խաչը վահան է չար ուժերից պաշտպանվելու համար:
Խաչի խորհրդի մասին մեր եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացին ասում է. «Երբ պատսպարվում ենք խաչով, այսինքն՝ թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, և հենվում՝ այսինքն սրտով հաստատվում նրա վրա, երեք տեսակ բարիք ենք ստանում՝ իմաստություն, զորություն և անմահություն: Ուստի, երբ իմացությամբ և հավատով պատսպարվում ենք այս եռակի բարությամբ, իմաստնանում ենք ու հասկանում, որ նրա վրա Խաչվածը Աստված է և անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և ազատի մահից: Եվ հույսով ու սրտով հենվում ենք խաչի վրա, որպեսզի զորացնի մեզ՝ հաղթահարելու սատանայի զորությունը: Այսպես իմաստնանում ենք մտքով, զորանում՝ մարմնով և անմահանում՝ հոգով, քանզի պատսպարվում ենք խաչով:
Խաչը, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Փրկիչը բևեռվելով նրան միացավ:
Խաչը երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը:
Խաչը նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը:
Խաչը առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը:
Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը:
Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը:
Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը:
Խաչը այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը:
Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը:
Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը:
Խաչը առաքյալների քարոզությունն է և երկրի հաստատությունը:
Խաչը անմեղների խրատն է և մեղավորների քավիչը:
Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:
Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:
Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր:
Խաչը դժոխքի ավերողն է և գերյալների ազատողը:
Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:
Խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը:
Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը:
Խաչվերաց տոն – Հայ Առաքելական եկեղեցու հին տաղավար (գլխավոր) տոներից մեկը, որը տոնվում է սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:
Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը`«Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...