Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը` Կլարային

(Հալեպ, 2/15 հուլիս, 1915)


Սիրական, մեկ հատիկ, հոգիս, կյանքս,
Մենք կհուսայինք, որ 10 օր մը ևս հոս պիտի մնանք և թերևս Դիարբեքիր երթալե ազատ մնայինք, այս վերջին հույսը շատ տկար էր թեև: Եթե անընդհատ ճամփորդենք, հինգշաբթի (եթե որ Աստված ուզե) կրնանք Դիարբեքիր հասնիլ. հասածիս պես հեռագիրով կիմացնեմ:
Հիմա, սիրական էակս, ա´լ վերջին վարագույրը կսկսի մեզի համար. հավատալս չի գար, որ Խալիլ պեյը ամեն երախտիք մոռցած ըլլա և օգնության չի հասնի, ուստի հույսս իր վրա է, մեյ մըն ալ անմեղությանս, բայց այս միջոցիս անմեղությանը ստակ մը չարժեր:
Իմ ի´նչ վիճակի մեջ ըլլալու մասին բացատրություն չեմ տար, որպեսզի քու քաջությունդ ալ չի կոտրեմ: Երկու անգամ է, որ նոր լուսինը կտեսնիմ և զքեզ ու զավակներս աչքի առջև կբերեմ ու կհամբուրեմ. երրորդ լուսինին ալ այդպես պիտի՞ ըլլա արդյոք: Վտանգի մեջ եմ. աշխատե´, շա~տ աշխատե (ես այնպես կհավատամ, որ Դիարբեքիրի մեջ քննություն, դատաստան և այլն շուտով պիտի կատարին և ամեն բան լմնցնեն, fait accompli ընեն. ասիկա գիտցած եղիր. եթե բարեկամ մնացած է դեռ` ամենեն խորհուրդ առ):
Ավելի գրելու ուժ չունիմ. թե որ ողջ չի մնամ, զավակներուս վերջին պատվերս և կտակս է, որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, զքեզ հարգեն և սիրտդ չի ցավեցնեն և … զիս ալ հիշեն: Եթե մեռնիմ` ունեցածս 2000 ոսկի բարեգործական նպատակի մը հատկացուցեք:
Ամենքիդ կհամբուրեմ:
Գ. Զոհրապ

Մի անգամ՝ գրական երեկույթի ժամանակ, Զոհրապին հարց են տալիս, թե ինչ է կինը առանձին և ինչ է կինը սիրո մեջ: Եվ նա պատասխանում է. « Ինչ է զերոն առանց թվանշան, բաժակը առանց ըմպելիք, երաժշտությունը առանց արվեստագետի: Կինը սերեն դո՞ւրս: Գոյություն չունի և կկարծեմ որ ինքն ալ չի փափագիր ունենալ: Սերը իր տարրն է ուրեմն: Էն մենծ դիւցազներգությունները իրենն են ու էն մենծ անկումները դարձեալ իրենն են»:
Լուսանկարում՝ Գրիգոր Զոհրապի կինը՝ Կլարա Զոհրապը

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...