Շնորհավո՜ր ծնունդդ տաղանդավոր Հայ...ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր:
Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում:
Ո'չ մի ժառանգ, ո'չ մի սերունդ, որտեղ և ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց` ապահովագրված է, ավելի լավ` հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, և քեզ, ուրեմն, շատ գիտի, և քո կանանց` հարճեր: Եվ միշտ, ամեն լուսաբացի և Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը:
Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարևան է մնալու, ո'չ չար, ո'չ բարի, հարևան:
Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտար, ուրեմն դու չկաս: Հետո գնա, նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե` ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իր բարձր, նախկին շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը , քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթիլը` քո դրած տունկի, քո արյան շիթը քո սահմանների վրա: Բերանդ ծվատող քո համբույրը այն երկրի, որ գուցեև իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ, օտար դատավորների առջև կանգնած զրկվածինդ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնուդ պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծո վատ բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է:
Հայրենիքը... Հայրենիքը դու ես քո ապրած ժամանակի մեջ: Կա էդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումը ու տիրական համբերությունը, կա քո մահվան թառանչը, հավերժորեն կա քո ժամանակը հայրենի տարածքների վրա:
Հրանտ Մաթևոսյան
Комментарии
Отправить комментарий