ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

Նավը բեռան ներքո օրվա դարդուցավի
Պիտի սուզվեր – կորչե՜ր կյանքի խորխորատում,
Երգս թեթևաթև թևե՜ց – իջավ նավին,
Եվ նա հիմա հանգի՜ստ ալիքներն է հատում։

Աստված ուզում է տաճարն իր տեսնել՝
կառուցված սիրուց ու կարեկցանքից,
Իսկ մարդիկ, ահա, խոնարհվում Աստծուն,
քարո՜վ են շարում պատերը վանքի։

Գարուն։ Տաճարի բակը՝ լեցուն
Մանկանց աղմուկով, ծափ-ծիծաղով։
Մոռացած ձայներն աղոթքների,
Աստված տարվել է նրանց խաղով։

Ամեն օր նոր են ճամփեքն արևի, նրա ծննդյան առաջին օրից,
Եվ նա ամեն օր՝ լույս արարելով՝ ծնվում է նորից:
***
Երբ – ծաղկի նման – ադամալույսն է թերթերն իր թափում,
Պտղի պես թաքուն շառագունում է դեմքն արեգական –
Հրա՜շք մի ընծա երկնքի ափում։

Հաճույքներ է փնտրում
Ամպերի մեջ լեռը,
Ախր, նա ի՞նչ գիտի,
Թե ինչ բան է սերը։
Լեռան ոտքերն ընկած
Հառաչում է գետը
Եվ չի գտնում լեռան
Սրտի արահետը։

Նստած եմ մենակ։ Մարեցին շողերն արևամուտի։
Շղարշների մեջ փաթաթված – մութի –
Շարվում են շեմին իմ հոգու դռան
Ճամփորդներ բազում – պարզ ու միամիտ։
Չիրականացած հույսե՜րն են դրանք,
Որ տուն են դառնում իրիկնաժամին։

Ես Աստըծուց եղել եմ միշտ գնահատված,
Երբ իմ գործն եմ արել անդուլ ու անվրդով,
Սիրե՜լ է ինձ սակայն Աստված,
Երբ երգե՜լ եմ ամբողջ սրտով։

Ինչպես երևում է, մոլորվել ես, գարուն, կորցրել ես ուղիդ,
Եվ ինձ մոտ ես եկել անժամանա՜կ այնքան,
Բայց եկել ես, գարուն, և թող իմ հին ճյուղին
Իր թերթերը բացի ծաղիկն անմահական։

Ճշմարտությունը գեղեցկությունից պայծառ է շողում,
Երբ որ իր ձայնն է ճանաչում երգի ամեն մի տողում։

Մեր բաժանումի լուսամփոփի մեջ գիշեր ու ցերեկ
Կրակով անմար թող վառվի հուշը մեր հանդիպումի, որ եղավ երեկ։
-----
Օ՜, սեր, եթե դու անարգանքը չար
ներում ես իրոք, – նորեն ու նորեն,–
Ապա պատժո՜ւմ ես դու դաժանորեն։
Օ՜, գեղեցկուհի, եթե տանում ես
հարվածներն ամեն, – հնազանդ ու լուռ,–
Սարսափո՜ւմ եմ ես քո պատժից անլուր։

Որքան բարձր ենք գնահատում սուտն ու փուտը,
Տանջալի է դառնում այնքան մեր կարճ կյանքի մայրամուտը։

Լեռը թռչել է երազում, սակայն, թևե՜րն են կապել,
Եվ լող է տալիս երկնքում նրա երազանքն ամպե։

Մենք հասկացել ենք, որ կյանքի գինը
Մահվան կնիքն է միայն հաստատում,
Ահա թե ինչու անմահությունը
Կյանքի գնով ենք միայն վաստակում։

Անմահությունը ճշմարտությունն է կյանքով առլեցուն,
Եվ դա հենց մահն է հավիտենաբար մեզ ապացուցում:

Գագիկ Դավթյանի թարգմանությամբ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...