Վան ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ

Առաջնորդարանից դուրս գալուց հետո մենք այլևս չվերադարձանք Այգեստան,
որովհետև Ասլանը կամենում էր Ավանց գյուղը գնալ, ծովային աղերի
պատրաստությունը տեսնելու համար: Նա ինձ ասաց, որ ճանապարհը գիտե և
առաջնորդի ամենևին կարոտություն չկա:
Մինչև կես օր դեռ բավական ժամանակ կար: Մենք դուրս եկանք Իսքալե-Կափուսի կոչված քաղաքադռնից, որ տանում է դեպի նավահանգիստը: Այդ պատճառով ևս նա կոչվում է Իսքալե-Կափուսի, որ նշանակում է նավահանգստի դուռ: Այստեղից մինչև Ավանց գյուղը, որի մոտ գտնվում է և նավահանգիստը, կես ժամու ճանապարհ է, բայց մենք զանազան հետազոտությունների պատճառով բավական ուշ հասանք: Ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ
մարգագետինների միջով: Դա բանուկ ճանապարհներից մեկն էր, որ քաղաքից
տանում էր դեպի նավահանգիստը:

Իսքալե-Կափուսից անցնելով, շուտով մենք հասանք այն նշանավոր տեղը, ուր ճանապարհի մի կողմում, մենք տեսանք ահագին մեծահատոր քարեր, որ կարծես հսկաների ձեռքով շարված լինեին միմյանց վրա: Քարերի ծերպերից վազում էին պարզ, սառն աղբյուրներ, և մամուռը իր կանաչ թավիշով պատել էր հին արհեստագործության հրեշավոր կերպարանքը:

Վանեցի հայերի ավանդությունը հիշյալ քարերի մասին հրաշքներ է պատմում. դրանց վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդիկ այժմյան նման փոքրիկներ չէին, այլ հսկաներ էին: Նրանք պատերազմում էին դևերի և վիշապների հետ, և ահագին քարաժայռը, թեթև գնդակի նման, նետում էին դեպի թշնամին: Հիշյալ քարերի կառուցումը և նրանց շինվածքը տղամարդի գործ չէ, ասում է վանեցին, այլ այն ժամանակի տկար կնոջ ձեռքի գործն է: Մայրը տվել է այն ահագին քարերը աղջկան, և աղջիկը մոր ձեռքից առնելով, շարել է միմյանց վրա:

Երբ այդ ավանդության մասին հարցրի Ասլանից, նա պատասխանեց.
- Երևում է, որ ամենահին ժամանակներում մի կին թագավոր Վանի մեջ և կամ նրա շրջակայքում մեծ գործեր է կատարել: Այդ միմյանց վրա շարած քարերը, որ տեսանք, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ այն ամբարտակի կամ պատնեշի, որ մի ժամանակ կառուցվել է ծովի ջրերի աճելու առաջն առնելու համար, որ չմոտենան քաղաքին: Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է դրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 արհեստավորներ: Բայց նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմությունը գրելու միջոցին շատ բան մոռացել է, եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու, որ տեղային ժողովրդից էր: Այսօր ժողովուրդը մոռացել է այդ թագուհու անունը, բայց նրա գործը դեռ հիշում է: Նա ասում է, այդ քարերը մի աղջիկ է շարել վրա: Բայց Խորենացու ժամանակ, եթե նա դիմած լիներ ժողովրդին, նրան կասեին, թե ով էր այդ աղջիկը

Րաֆֆի, "Կայծեր" 2-րդ հատոր, Ը, էջ 309-311


Նկարում` Արտամէտ/Էտրէմիթ։ Սեպագիրեր եւ Շամիրամի ջրանցքը (Շամիրամ սու), որոնք նոյնպէս կը յիշատակուին «Արծուի Վասպուրական»ի էջերուն մէջ այս տարածքին հնութիւնը շեշտելու նպատակով (Աղբիւր՝ P. Müller-Simonis, Du Caucase au Golfe Persique, à travers l’Arménie, le Kurdistan et la Mésopotamie, Washington D.C., 1892)
#houshamadyan

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...