Էսպես չի մնա--Հովհաննես Թումանյան

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ինչն է հաստատ աշխարհքի վըրա...-
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:-
Լինում է' իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ:
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ:
Տարիք են անցնում: Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը' էնպես է նայում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
-Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս:
-Չէ´, լավ եմ հայրիկ, ապրուստ միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ...էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
-Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում:
-Հա´, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես... որ էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում:
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
-Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում.
Քու խոսքովն են ողջ նըստում-վեր կենում:
-Հա´, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ...Էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է, մեռնում,
Գահն ու աշխարհքը մընում են անտեր:
Ժողովք են կանչում երկրի մեծերին:
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լսում է մի օր,
Դարձել է իրեն որդին թագավոր:
Գալիս է.-Որդի´ս, էլ ի՞նչդ է պակաս.
Ամբողջ աշխարհքում մի դու ես, որ կաս...
-Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես, որ...Էսպես չի մընա...

Գընում է հայրը: Տարիք են անցնում:
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռն է անում
Բուռը հավաքած աշխարհքը բոլոր:
Բուռըդ հավաքիր աշխարհքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարհքին:
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին:

Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չմնաց:
Ի՞նչ ասել կուզի' գալիս է վըրեն,
Էլ ի˜նչ մղկտոց, էլ ի˜նչ սուգ ու լաց...
Զորքով, աշխարհքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում' զրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գընում:
Տարիք են անցնում: Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա:
Գալիս է' տեսնում' մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած... «Էսպես չի մընա...»

Գընում է հայրը: Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա...
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է' «Էսպես չի մընա...»
Ու չըկա շքեղ արձանն արքայի,
Ոչ նըրա քաղաքն աշխարհքի վըրա,
Մերն է աշխարհքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարհքն էլ... էսպես չի մընա...

1908

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...