ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՑ ԽԱՉԻՆ.

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:

ՍՈւՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԵՐԸ
Ի տարբերություն մյուս առաքելահիմք եկեղեցիների, մեր եկեղեցում Սուրբ Խաչին վերաբերվող տոները ամենաշատն են։ Եվ դրա հիմքերը գալիս է դեռ հնուց, երբ Քրիստոսի առաքյալների, նրա սրբերի և Գրիգոր Լուսավորչի միջոցով, Խաչի նշանի զորությամբ հաստատվեց հայոց եկեղեցին, ու մեր ժողովուրդը, ապավինելով Տիրոջ հաղթական Խաչին, հարատևել է հեթանոս, բարբարոս ու այլակրոն ազգերի միջև. վկա են դրան ամբողջ Հայաստանով մեկ սփռված լուռ վկաները՝ խաչքարերը։ Ու մինչև 11-րդ դարը եկեղեցիներում, բացի Խաչից, ոչ մի երկրպագության առարկա, կամ պատկեր չի եղել, որը պատրաստում էին փայտից և դնում էին սուրբ Սեղանի ետևում, բայց 12-րդ դարից սկսած, Իվանե և Զաքարե հայորդիների իշխանության օրոք, Վրաստանի ուղղափառ եկեղեցին սկսեց անհիմն իշխանություն բանեցնել մեր հայոց եկեղեցու վրա՝ պարտադրելով եկեղեցիների խորաններում Խաչի փոխարեն միայն Տիրամոր պատկերը դնել, և որոշ տեղերում բռնի կերպով արեցին իրենց ուզածը, ինչը երկու ազգերի միջև լարվածության առիթ ստեղծեց։
Դա պատճառ հանդիսացավ, որ այդ ժամանակների հայտնի վարդապետ Մխիթար Գոշը բողոքի նամակ գրի Իվանե սպասալարին։ Եվ այդ հարցը երկար քննելուց հետո որոշեցին ընտրել ոսկե միջին տարբերակը և բոլոր նրանց իշխանության տակ եղող եկեղեցիներում, սուրբ Սեղանի վրա բարձրացրին Տիրամոր պատկերը՝ Մանկան հետ, իսկ դրանցից վերև նորից ամենահաղթ Խաչի նշանը դնել, ինչը և մինչև հիմա կիրառվում է մեր բոլոր եկեղեցիներում։
Եվ դարձյալ, ի տարբերություն մյուս առաքելահիմք եկեղեցիների, մենք սուրբ Խաչի տարեկան չորս տոնակատարություններ ունենք.

1. Երևումն Սուրբ Խաչի. Զատկին հաջորդող չորորդ կիրակին.
2. Խաչվերաց. սեպտեմբերի 11-17-ը ընկած կիրակին.
3. Վարագա Սուրբ Խաչ. սեպտեմբերի 26-ի մերձավոր կիրակին.
4. Գյուտ Խաչի. հոկտեմբերի 26-ի մերձավոր կիրակին։
Իսկ այժմ առանձին-առանձին հիշենք այդ տոների պատմական հիմքերն ու ժամանակները.

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆ
Երբ 614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմ քաղաքը, բարբարոսաբար՝ կողոպտելով թանկարժեք իրերը, այդ թվում և որպես անարգանք քրիստոնյա աշխարհին, իրենց հետ գերության են տանում Քրիստոսի Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ մեկտեղ։ Մահմեդականների արարքը խոցի նման ցավ էր պատճառում քրիստոնեական աշխարհին, բայց զորավոր պարսիկների դեմ ոչ ոք չէր համարձակվում պատերազմի ելնել, մինչև որ 14 տարի անց՝ 628 թվին, Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակի գլուխն անցած, հարձակվում է պարսիկների վրա, պարտության մատնում նրանց և ազատագրում սուրբ Խաչն ու տուն վերադարձնում Զաքարիա պատրիարքի ուղեկցությամբ, որը մեկ տարի անց վախճանվում է։
Որպես պատմական փաստ նշենք, որ այդ բանակի հետ կռվում էին նաև հայ քաջորդիները՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Խաչը տուն էր վերադարձվում Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանի միջով նույնպես, իսկ ավելի ճշգրիտ՝ Կարին, այսինքն Էրզրում քաղաքի միջով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում այդ պատվին կառուցվեց Խաչավանքի եկեղեցին, որովհետև այնտեղ Խաչի դրված տեղում վճիտ աղբյուր է բխում, և այդ տեղը իր ժամանակին մեծ ուխտավայր էր դարձել։
Հետո այն բերվեց Կոնստանդնուպոլիս, որտեղ առժամանակ մնալուց հետո, Հերակլ կայսրը անձամբ այն իր ուսի վրա վերցնելով տարավ Երուսաղեմ և զետեղեց Գողգոթայի վրա։ Այդ պատճառով էլ այս տոնը կոչվեց Խաչվերաց, այսինքն՝ սուրբ Խաչի վերադարձը ու բարձրացումը իր նախկին տեղը։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս տոնի օրը, որին ժողովուրդը կոչում է «Սբխեչ», (որ Սուրբ Խաչ բառի համառոտ ձևն է), նշում են իրենց հին ու նոր ննջեցյալների հիշատակի տոնը, որպես թաքուն հավատք այն բանի, որ Տիրոջ սուրբ Խաչի երևալու ժամանակ, իրենց ննջեցյալները Քրիստոսով պիտի գան, ու խառնվեն կենդանիներին, որպեսզի դառնան մեկ հոտ, մեկ հովիվ (Ա Թես. 4:13): Այդ պատճառով սուրբ Խաչի տոնը նշելու հաջորդ օրը, կոչվում է «Մեռելոց հիշատակի օր», ու մարդիկ գնում են իրենց ննջեցյալների գերեզմանները, խնկարկում, կամ օրհնել տալիս Տիրոջ քահանաների միջոցով:

https://youtu.be/iUGI66Wpp4E?t=372

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...