Մեղրու բերդ Meghri fortress Крепость Мегри

Մեղրիի բերդ. եզակի հայկական ամրաշինություն
Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրիի բերդը: Բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Տեղակայված է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով քաղաքի հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա:

Բերդը պարսպապատեր չունի: Դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ: Դրանցից չորսը կլոր են, երկուսն ուղղանկյունաձև: Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են 5.5 մ արտաքին տրամագծով: Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր նեղանում են, կառույցին տալով կայունություն և ամրություն: Շարվածքում, աշտարակի ողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ, օգտագործվում են կաղնեփայտե հեծաններ: Աշտարակները եղել են երկհարկանի: Նրանց հրակնատները ճառագայթաձև ու շախմատաձև, բացված են ամբողջ շրջագծով: Ուշ միջնադարում, երբ գործածության մեջ մտավ հրազենը, Մեղրու բերդի աշտարակներից հնարավոր էր կրակի տակ վերցնել քաղաքի մատույցներն ու կարևորագույն կետերը, իսկ քաղաքի հարավային մատույցները պաշտպանված էին Մեղրի գետով ու դրան հարող հին աշտարակաձև տներով, որոնք յուրատեսակ պարսպի դեր էին խաղում։

Բերդի կառուցման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ, սակայն ամենահավանականը Սյունիքի թագավորության ստեղծման և հզորացման տարիներին՝ 10-րդ դարի վերջ - 11-րդ դարի սկիզբ: Հետագա դարերում Մեղրու բերդը չի հիշատակվում, բայց ակտիվ դեր է խաղացել Սյունիքի հարավային գավառում՝ Արևիքում տեղի ունեցած բոլոր պատերազմական գործողություններում: Այդ պատերազմների հետևանքով բերդը ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների ու վերակառուցումների, որի պատճառով դժվար է վերականգնել նրա սկզբնական հորինվածքը: Պատերազմները Մեղրիում սկսվում են 18-րդ դարի սկզբին, Կապանի անկախ իշխանության կողմից թուրք նվաճողների դեմ մղած կռիվների ժամանակ

Բերդի մասին Ալիշանը գրում է.
«... յաշտարակս կամ ի մանր բերդորայս, գորս յիշէր վերոյդրեալ ուղեւորն (Տիւպուա) և որք տակաւին փոքր ի շատէ կանգուն կան ի կատարս բլրոց պատելոց զշինիւն, և քաջ ամուր վայր յարդարեն զաըանն, վասն որոյ և կոչի Մեղրոյ բերդ»
- Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893 թվական, էջ 303

Մեղրու բերդի առաջին կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ հայկական ճարտարապետության մեջ միակ պաշտպանական կառույցն է, որը կառուցվել է հաշվի առնելով թշնամու կողմից հրազենի օգտագործումը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...