ԺԱ ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ «Կռունկի վանք»

Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին: Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստները չորացնել: Բերզեն-Օղլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ` տեսնելու, թե ի՞նչ եղավ իր նավակը: Ասլանը նրան ոչինչ չասաց,գոնե իբրև բժիշկ չարգելեց նրան, որ այնպես թրջված հագուստով կարող էր հիվանդանալ, մանավանդ որ մրրիկը դեռ չէր դադարել, և սաստիկ ցուրտ քամի էր
փչում: Եվ եթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե կլսեր բժշկի խորհուրդը: Նրա սիրելին, նրա նավակը չկար:
Ոչ մի անգամ կրակը ինձ այնքան ախորժելի չէր երևացել, որպես այնօր, չնայելով որ քամին բուխարու երդիկից փչում էր, և փոքրիկ խուցը լցված էր ծխով: Ես ամբողջ մարմնով դողում էի, բայց կրակի ջերմությունը ինձ նորից կյանք տվեց:
Երբ ես բավական զգաստացած էի զգում ինձ, իմ առաջին հոգսը եղավ տեսնել, արդյոք
Ծովիկի տված կոտրած սանդրը իեձ մո՞տ էր, թե մնացել էր ծովի մեջ: Որ՜քան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ձեռքս տարա ծոցս, տեսա սանդրը իր տեղումն էր: Այդ ժամանակ Ասլանն էլ ձեռքը տարավ իր ծոցը, բայց դուրս հանեց մի այլ բան: Դա նորին սրբազնության առաջնորդի հանձնարարական թուղթն էր, որի գրությունը թրջվելով,համարյա թե եղծվել էր: Նա տվեց այդ թուղթը աբեղաներից մեկին, որ մնացել էր մեզ մոտ սպասավորելու, և ասաց.
— Խնդրեմ այդ թուղթը ցույց տվեցեք ձեր վանահորը, դա նորին սրբազնության առաջնորդի ինձ տված թուղթն է, թեև դժվարությամբ է կարդացվում, բայց դարձյալ կարելի է որոշել, թե ի՛նչ նպատակով ես եկել եմ ձեր վանքը:
Աբեղան, նորին սրբազնության անունը լսելով, մի առանձին պատկառանքով առեց թուղթը, նայեց նրա վրա, երևի աշխատեց մի բան կարդալ, այս կողմ ու այն կողմ շուռ տվեց և, մի երևելի գյուտ արածի նման, վերջապես ասաց.
— Այդ սրբազանի կնիքն է:
Աբեղան հեռանալուց հետո, ես ու Ասլանը մնացինք խուցի մեջ միայնակ:
— Պետք է մի տաք բան խմել, — ասաց Ասլանը, — գոնե մի փոքր գինի լիներ:
— Մի՞թե այստեղ գինի չի լինի, — հարցրի ես:
— Հազիվ թե:
Ասլանի ասածը ուղիղ դուրս եկավ: Երբ աբեղան վերադարձավ և հայտնեց վանահոր կողմից կատարյալ պատրաստականություն` կատարելու մեր փափագները, մենք հարցրինք գինու մասին: Նա շփոթված մնաց և, երկար մտածելուց հետո, պատասխանեց.
— Կարծեմ պետք է, որ մի քիչ գտնվի. վանահայրը կես շիշ պահած ուներ «բաժակի» համար:

Հետո նա նստեց մեզ մոտ, սկսեց մի առանձին հոգածությամբ պատմել, թե շատ անգամ մեծ դժվարություններ են կրում, երբ «բաժակի» գինին սպառվում է, և վանահայրը համարյա միշտ մի հրաշքով է ձեռք բերում, որ սուրբ խորհուրդը կատարվի: Եվ ավելացրեց, թե ինքը չէ իմանում ե՞րբ կամ ի՞նչ ժամանակ է պատահել, բայց լսել է, որ Վան քաղաքի մոտ մի վանք կա, որ կոչվում է «Կռունկի վանք». մի անգամ սուրբ խորհուրդը կատարելու միջոցին պատարագիչ հայր սուրբը տեսնում է, որ գինի չկա և,չկամենալով ընդհատել պատարագը, մինչև գնային, գտնեին և բերեին, նա սկսում է
աղոթել: Հանկարծ, աստուծո հրամանով, մի կռունկ թռչելով ներս է մտնում տաճարի լուսամուտից և, իր կտցի մեջ բռնած, երևում է խաղողի մի ողկույզ: Նա ուղիղ մոտենում է սուրբ խորհրդի սեղանին. պատարագիչը առնում է նրա կտուցից ողկույզը և քամում է սկիհի մեջ: Այն օրից այդ վանքը կոչվեցավ «Կռունկի վանք»:
Աբեղայի պատմությունը բավական էր, որ թե՛ ես և թե՛ Ասլանը հրաժարվեինք մեր բաղձանքից և նրանց այնպիսի մի դժվար դրության մեջ չդնեինք, որ ստիպված լինեին թռչունների միջոցով գինի ստանալ, թեև նրա պատմությունը այդ նպատակով ասված չէր, այլ ավելի այն նպատակով, որ երիտասարդ աբեղան ցույց տա, թե ինքն էլ մի բան գիտե:
— Մեր վանքումը, — ասաց նա, — ոչ մի ըմպելիք չէ գործածվում, բացի ջրից:ՈՒխտավորներին անգամ արգելված է իրանց հետ ըմպելիքներ բերել:

Րաֆֆի «ԿԱՅԾԵՐ» էջ334-336

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...