Հայոց Մեծերի 150-ամյա տարելիցին🌈
Իմ ծանոթությունը Հովհաննես Թումանյանի հետ
«Փորձանքներ շատ եմ տեսել, հազար-հազար անգամ
գրկախառնվել եմ մահվան հետ ու դեն հրել նրան
ապրելու վճռականությամբ»:
ԵՐԳԻՉ ԳՆԴԱՊԵՏ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆ
«...Կոմիտասի հետ
կապված իմ հիշողությունները մեկը մյուսից ավելի վառ ու գունեղ են,
որովհետև Էջմիածնի գորշ իրականության մեջ նա այնպիսի պայծառ
մի դեմք էր, որի ցայտուն գծերը երբեք աղոտացնել չի կարող ժամանակը»,– կխոստովանի Վ. Տեր-Առաքելյանը:
«Երաժշտասեր հասարակայնության շրջանում ամենուր խոսակցության թեման Տեր-Առաքելյանն էր, նրա շողշողուն
տաղանդը»: Համերգից հետո Հովհ. Թումանյանը, ձեռքը դնելով Վահանի ուսին, ասում է. «Հրաշալի է քո ձայնը, տղաս, հրաշալի, կոմիտասյան հայ երգը արժանի կատարող ունի»

Քսաներորդ դարի սկզբին հայ գրականության երկնակամարի վրա փայլում էր չորսաստղյա մի պայծառ համաստեղություն՝ Հովհաննես Հովհաննիսյան, Ալեքսանդր Ծատուրյան, Հովհաննես Թումանյան և Ավետիք Իսահակյան:
Այս բանաստեղծներից յուրաքանչյուրը շողում էր իր առանձնահատուկ գրավչությամբ, բայց ինձ՝ գյուղացի պատանի ընթերցողիս մտքին ու սրտին ավելի մոտ, ավելի սիրելի էին Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը: Ու նրանց հետ ծանոթանալու ցանկությունը երանելի փափագ էր ինձ համար:
Իսահակյանին պատահմամբ տեսնելու և ծանոթանալու բախտ ունեցա մեր գավառում՝ Դարալագյազում: Իսկ Թումանյանի հետ ծանոթանալուս հաճույքն իրագործվեց 1905 թվի գարնանը՝ Թիֆլիսում, ուր մեր շնորհագեղ երաժշտագետ Կոմիտասը բերել էր իր երգեցիկ խումբը՝ համերգներ տալու: Կոմիտասը Թիֆլիսում ուներ բազմաթիվ ծանոթներ, անձնական բարեկամներ, բայց համերգներից առաջ ոչ ոքի այցելության չգնաց, բացի Հովհաննես Թումանյանից, որի մոտ տարավ նաև ինձ:
Երբ Կոմիտասը հնչեցրեց Թումանյանի բնակարանի էլեկտրական զանգը, ինձ համակեց մի անհանգիստ հուզում, սարսուռ: Իմ սիրելի բանաստեղծին տեսնելու, նրա ձայնը լսելու հնարավորությունը ցնցում էր ինձ ջերմախտի դողով:
Դուռը բացեց սև, թավ հոնքերով, երկար ու խիտ արտևանունքներով, ժպտերես մի աղջիկ: Ինչպես իմացա հետո, դա Թումանյանի դուստր Անուշն էր:
- Վա՜յ, հազար բարով ես եկել, Կոմիտաս ջան, – բացականչեց Թումանյանը լայնաժպիտ՝ գրկելով Կոմիտասին ընդունարանում:
- Հազար բարին քեզնից, քո օջախից անպակաս, – պատասխանեց Կոմիտասը զնգուն ծիծաղով, ապա ասաց՝ նշելով ինձ – ծանոթացիր, Օհաննես, սա Վահան Տեր-Առաքելյանն է, իմ առաջին զուռնաչին, այսինքն՝ իմ սոլիստը՝ մեներգիչը, քո էլ տաղանդի երկրպագուն:
- Շատ ուրախ եմ, – ասաց Թումանյանը հմայիչ ժպիտով և ամուր սեղմեց ձեռքո. ապա մի վարկյան ինձ լուռ դիտելուց հետո հարցրեց.
- Որտեղացի՞ ես:
- Դարալագյազցի:
- Ուրեմն՝ լեռնցի: Լեռնային արծի՞վ, թե՞ հազարան բլբուլ :
- Լեռնային արծիվ, – վրա բերեց Կոմիտասը: – Այնպիսի ձայն ունի, որ հիշեցնում է առյուծի գիշերային մռնչյուն անապատում: Բայց չվախենաս. ձեռնասուն առյուծ է…
- Թող արծիվ և առյուծներ շատ լինեն մեր մեջ, թե չէ աղվես ու նապաստակ ծնող ազգերի ապագան ապագա չի էս դաժան դարում, – ասաց Թումանյանը՝ հարցական նայելով ինձ:
Ես շփոթվել էի. չգիտեի ո՛չ անելիքս, ոչ՝ ասելիքս: Ինձ օգնության հասավ Թումանյանը. նա մտերմաբար բռնեց Կոմիտասի և իմ թևից ու տարավ իր կաբինետը: Այստեղ սկսված հետաքրքրական խոսակցությունը, որի մասին այնպես սիրում էինք վիճել մենք՝ ճեմարանի սաներս, անջինջ տպավորվեց հիշողությանս մեջ:
- Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:
- Այդպիսի մի չար միտք ունեմ:
- Հիանալի միտք, – շեշտեց Թումանյանը: – Համա գիտե՞ս, որ մեր էսպես կոչված արիստոկրատ մեծատները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետևում է նրանց. ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ: Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ՝ հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ: Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է և գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ “հայրենասիրաբար” գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:
- Ես իրազեկ եմ այդ տխուր երևույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, – ասաց Կոմիտասը, – երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից և առհասարակ զգացվելու հույզից:
- Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:
- Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման “պիպու” կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:
- Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:
- Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար, – ասաց Կոմիտասը թառանչով: – հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:
- Էդ դրուստ ես ասում, – վրա բերեց Թումանյանը:
- Կասեմ ավելին, – շարունակեց Կոմիտասը, – ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:
- Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետևանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ դրությու օտարների դաժան լծի տակ՝ դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, և դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: Ուշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երևում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած “բարձր խավերի” մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների և ժողովրդական ճնշված մասսաների միջև:
Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.
- Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը՝ դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:
- Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը, – առարկեց Թումանյանը եռանդով: – Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաև այսուհետև:
Թումանյանի դուստր Անուշը բերեց տաճկական սուրճ, չոր միրգ և լիկյոր, դրեց սեղանին, ժպտուն հայացքով նայեց մեզ ու լռիկ դուրս գնաց:
- Գովելի է քո լավատեսությունը, Օհաննես, բայց երեք բռնակալական պետության մեջ բաժան-բաժան ապրող հայությունը, զրկված քաղաքական անկախությունից, զուրկ ազգային միատեսակ կուլտուրա ստեղծելու հնարավորությունից, կանգնած համակերպվելու սայթաքուն ուղիի վրա, պիտի բարոյալքվի ու օտարանա:
- Մի կողմ թողնելով հայության փոքրիկ հատվածը աստվածախնամ Պարսկաստանում, – ասաց Թումանյանը հեգնալից, – ես կարող եմ ավելի կոնկրետացնել այդ հարցը: Սուլթան-համիդյան ռեժիմը Տաճկահայաստանում ստեղծում է հայերի մասսայական գաղթ դեպի օտար երկրներ: Հուսամ և հիմք ունեմ հուսալու, որ այդ ռեժիմը կտապալվի վաղը: Չի կտրվել չափազանց ձիգ տված լարը: Կապիտալի մուտքը մեր գյուղերում քայքայում է նահապետական տնտեսությունը և գյուղացուն քշում դեպի քաղաք: Դա նույնպես գաղթ է: Իսկ փաստ է, որ պետական կենտրոնական իշխանություն չունեցող ազգությունների տված արտագաղթը չունի ինքնուրույն գոյության հեռանկար: Նա վերջիվերջո ձուլվում է իրենից համեմատաբար ավելի բարեկեցիկ, հետևապես՝ ավելի ուժեղ բնիկների հետ: Սակայն…
- Էլ ի՞նչ “սակայն”, Օհաննես, – ընդհատեց Կոմիտասը, – քո նշած հանգամանքները մահվան դատավճիռ են հայության համար:
- Ո՛չ, Կոմիտաս, հայ մարդը հեշտությամբ կուլ գնացող պատառ չէ, – հարեց Թումանյանը խնդուն դիմախաղով: – Ընդհանրացած կարծիք է, որ բանաստեղծները քաղաքագետ չեն, և ես քաղաքագետի հավակնություն չունեմ, բայց գյուղից քաղաք եկած ու պրոլետարացած գյուղացիները զորեղացնում են պայքարը իմ հիշած կապիտալի դեմ և առհասարակ կապիտալիստական իրավակարգի դեմ: Ով գիտե, թե ինչ հաճելի անակնկալներ է պատրաստում մեզ համար գալիք օրը:
- Հեղափոխությո՜ւն, – բացականչեց Կոմիտասը քմծիծաղով: – Հարստահարված, ճնշված տարրերի ակտիվություն, որին ապացույց է այն, ինչ ես տեսա ու լսեցի մի անգամ բանվորական մի միտինգում՝ Գերմանիայում, որտեղ բանվորներն ավելի բարեկեցիկ վիճակ ունեն, քան մենք հյուսիսային արջի երկրում: Համենայն դեպս ես հավատում եմ հայ ժողովրդի կենսունակությանը մարդկային ազգի գոյության կռվում:
- Ես էլ եմ հավատում, սիրելի բարեկամ, այլապես շատ ծանր կլիներ ապրել և ստեղծագործել, – ասաց Թումանյանը:
- Երբ քո Սասունցի Դավիթ ժողովրդական հերոսները կոչնչացնեն բռնակալ Մսրա Մելիքներին և կարմրաթուշ Անուշներն ու չոբան Սարոները հնարավորություն կստանան ազատ սիրելու իրար, իսկ քո լոռեցի սաքոները կազատագրվեն գոյություն չունեցող չարքերի խելագարացնող ուժից, այն ժամանակ ահա իմ ու քո սիրած “ըռանչպար մարդիկ” կապրեն որպես իրենց մշակած հողի, իրենց հալալ աշխատանքի ինքնիշխան տերեր, ահա այն ժամանակ հայ ժողովրդի ապագայի մասին ունեցած մեր վախը կշոգիանա, կչքվի, ինչպես շողը գարնան արևի շնչից:
- Այդ լուսաշող գարնան և նրա դայլայլուն սոխակ Կոմիտասի կենացը, – ասաց Թումանյանը խնդուն դեմքով ու լիկյորի իր ռյումկան չխկացրեց Կոմիտասի ռյումկայի հետ:
- Զուռնաչի, մի բան էլ դո՛ւ ասա, ի՞նչ ես լռել, – դիմեց ինձ Կոմիտասը՝ կես կատակով, կես լուրջ:
- Ես առաջարկում եմ Հայոց Պուշկին՝ պարոն Հովհաննես Թումանյանի կենացը, – թոթովեցի ես կարմրելով:
- Պա՜հ, ինձ Պուշկինի հետ համեմատելը շատ մեծ պատիվ է ինձ համար. երկա՛ր ապրես, պայծա՛ռ ապրես, լավ տղա, – ասաց Թումանյանը՝ նույնպես կարմրելով:
Մեծանուն բանաստեղծի խոսքերը վառեցին ինձ: Այդ րոպեին ես աշխարհիս ամենաերջանիկ պատանին էի:
- Կոմիտաս ջան, մի հարց վաղուց հետաքրքրում է ինձ, և ես ուզում եմ լսել դրա մասին քո հեղինակավոր խոսքը. դու ի՞նչ կարծիքի ես մեր էսպես կոչված ազգային-հայրենասիրական երգերի մասին, – հանկարծ հարցրեց Թումանյանը րոպեական լռությունից հետո:
- Հրաժարելով հրաժարիմ, – պատասխանեց Կոմիտասը թթու դիմախաղով, – դրանք բոլորը, բացառությամբ մի երկուսի, գեղարվեստական ո՛չ մի արժեք չունեն, մանավանդ որ նբանց եղանակների մեծ մասը օտար է:
- Իսկ ի՞նչ կասես մեր հեղափոխական երգերի մասին:
- Կասեմ՝ գռեհկություն, այլանդակություն, որի դեմ պետք է պայքարել ամբողջ ոգով, – ասաց Կոմիտասը շեշտակի:
- Իսկապե՞ս:
- Հաստատապես: Հապա տես, թե ինչի՛ է նման այս “հեղափոխական” երգը, որ դժբախտաբար սաստիկ տարածված է:
Եվ Կոմիտասը սկսեց երգել “Դաշնակցական խոմբ, գնանք մենք Սասուն”՝ ճշտությամբ վերարտադրելով նրա գռեհիկ, անիմաստ շեշտադրությունը, խոսքերի ու եղանակի բացարձակ անհամատեղությունը:
Արվեստի բացակայությունն այդ երգի մեջ և առհասարակ նրա բացասական տպավորությունն այնքան ակներև էր, որ Թումանյանը լիովին ազատություն տվեց իր բարձրաձայն ծիծաղին:
- Դրուստ որ, ի՜նչ մազալու բան է, – ասաց նա և նորից քահ-քահ ծիծաղեց:
- Իսկ հիմա լսիր ժողովրդական երգի այս քառատողը, – առաջարկեց Կոմիտասը՝ իրեն հատուկ զարմանալի վարպետությամբ երգելով.
“Ես մի չոր ծառ էի,
Դուն գարնան արև,
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև…”
- Ի՜նչ գեղեցիկ համեմատություն, ի՜նչ խորություն ու պարզություն, – բացականչեց նա հիացած: – Ես մեծ սիրով իմ անունը կդնեի այս գոհար քառատողի տակ:
- Բա ի՞նչ էիր կարծում, իմ սիրելի բանաստեղծ, այդպիսի գոհարների անսպառ աղբյուր է հայ ժողովուրդը, – ասաց Կոմիտասը բավականության ջերմ զգացումով:
- Էդ դրուստ է, Կոմիտաս ջան, համա քո երգելու արվեստն էլ հրաշալիք է: Տո, էդ ի՞նչ զարմանահրաշ մարդ ես դու:
- Զարմանահրաշը ե՛ս չեմ, այլ մեր գեղջուկն է, մեր ժողովրդական երգն է, որովհետև վատ բանը չի կարող լավ դառնալ, ինչքան էլ աշխատի Կոմիտասը: Եվ ով ուզում է ստեղծել հայ կուլտուրական երաժշտություն, նա պիտի հիմք ընդունի ժողովրդական երգը, նա պիտի ղեկավարվի այդ երգի ոճական սկզբունքներով, այլապես նրա ստեղծած երաժշտությունը չի լինի հայկական երաժշտություն, – եզրափակեց Կոմիտասը վեր կենալով:
Վեր կացա նաև ես:
- Ո՞ւր, չե՛մ թողնի գնաք, – ասաց Թումանյանը՝ գրկելով Կոմիտասին: – Կճաշենք միասին: Կրակ գցեցիր սրտիս մեջ, հիմա ուզում ես գնա՞ս:
- Կրակ ընկնի դուշմանիդ սիրտը, Օհաննես ջան, իսկ գնալ պետք է, անհրաժեշտ է, – կտրուկ հայտարարեց Կոմիտասը և մենք հրաժեշտ տվինք ջերմաշունչ բանաստեղծին, անմոռանալի մարդուն, աննման խոսակցին:
Այսօր այլևս չկան ո՛չ Թումանյանը, ո՛չ Կոմիտասը, բայց իմ հիշողության մեջ նրանք ողջ են, կյանքով լեցուն, վառ հույսերով ծփուն, ինչպես տեսել եմ նրանց այն օր՝ Թումանյանի դեմքին հմայիչ ժպիտ, անուշ խինդ ու խաղ, Կոմիտասի շրթունքներին՝ զնգուն ծիծաղ:
3. III – 1936 թիվ, Թիֆլիս.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...