ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»:
Չկայ բարձր հայրենասիրութիւնը, հայրենապաշտութիւնը չկայ...
Հայրենապաշտական դաստիարակութիւն - ահա՛ մեր փրկութեան խարիսխը:
Ահա՛ թէ ինչու հայրենասիրութեան, չէ՛, հայրենապաշտութեան - մարդկային առաքինութիւնների այդ աստւածային մօր - համար պէտք է ջահ բարձրացնել մեր հոգիների մէջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան յարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամէն տեղ, ուր կապրի, կը շնչի հայ մարդը:
Ահա՛ թէ ինչու պէտք է երես դարձնել այն բոլոր վարդապետութիւններից, որոնք հաշտ չեն հայրենասիրութեան հետ: Եւ ահա՛ թէ ինչու պէտք է կեղծ ու մոլար յայտարարել բոլոր կրօնները, բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ, արիներ, որոնց չգոյութիւնը ազգերին յաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների մեծահոգութեան:
«Այն օրը,- մի տեղ ասում է պատմաբան Միշելէն,- եnբ Ֆրանսիան կը հաւաքի իր որդիներին իր շուրջը եւ նրանց կը դասաւանդի Ֆրանսիան, որպէս դաւանութիւն եւ կրօն, այն օրը նա վերստին իրեն կը զգայ կենսունակ եւ հաստատ, ինչպէս երկրագունդը»:
Այո՛, հայրենիքը` ընդհանուր աստւածութիւն, հայրենասիրութիւնը` կրօն:
Հայրենասիրութիւնը - միայն ոչ որպէս գեղեցիկ խօսք, այլ զգացում եւ գիտակցութիւն, ոչ որպէս շրթունքի սէր, կամ իդէազուրկ խուժանավարի բարոյական մերկութիւնը ծածկող գեղեցիկ պատմուճան, այլ` պաշտամունք, կրօն: Միայն այսպէս, միայն այսպիսով մեր ժողովուրդը կարող կը լինի հեգնել ժամանակն ու իր վտանգները: Բարոյական մեծութիւններով եւ փառքի գործերով հարուստ է մեր պատմութիւնը: Նա ունի փառահեղ էջեր` մեր Ոսկեդարը: Եղիշէի եւ իր անմահ ժամանակակիցների դարը հերիք պիտ լինէր -եթէ գունատւած չլինէր մեր յիշողութեան մէջ - մեր ժողովրդի սրտի մէջ վառ պահելու հայրենասիրութեան բոցը: Աւարայրը կը մնայ մարդկային պատմութեան ամենավեհափառ գործերից մէկը: Իր յաղթական նահատակների աստւածային խիզախումներով ու դիւցազնական խոյանքներով նա ավելի վեհ է ու գեղեցիկ, քան մեր դարի ամենամեծ ճակատամարտերը: Անմահ էջեր ունի եւ մեր նորագոյն պատմութիւնը: Նոր եւ հերոսական Աւարայրներ շա¯տ եւ անմահ մեռելների մի ամբողջ պլէադա - նահատակներ, մեծ իրենց գործերով, հրահանգիչ իրենց բարձր նկարագրով.
Կա՛յ, կա՛յ այդ բոլորը, կա՛յ այն, որն իրաւունք է տալիս մարդկային մի զանգւածի ազգ կոչւելու: Բայց, չկայ, աւա¯ղ, այդ բոլորի պաշտամունքը մեր հաւաքական հոգու մէջ: Եւ միայն հայրենապաշտական դաստիարակութիւնն է, որ ուժեղ եւ անմեռ պիտի դարձնի մեր ժողովուրդը: «Ցեղի հոգին միակ ոյժն է, որի առաջ անզօր են բոլոր ոյժերը»: Դաստիարակենք մեր սերունդները հայրենապաշտօրէն ու ցեղօրէն` արեւի տակ մեր տեղը չկորցնելու համար: Այն պիտի չլինի մեր դպրոցը, ինչ որ է այսօր: Շեշտւած նպատակը, ջերմութիւնը, հոգին է պակասում մեր արդի դպրոցին: Նա չէ, բայց պիտի լինի հայրենագիտութեան ամբիոն, տաճար: Դեռ այնտեղ հայ մանուկը պիտ ճանաչի եւ սովորի սիրել հայրենի ժողովուրդն ու երկիրը: Նա է, որ հայ մանուկի հոգու մէջ պիտ քամի մեր պատմութեան բովանդակ գեղեցկութիւնն ու վեհութիւնը: Բաւական չեն մութ եւ շփոթ տեղեկութիւնները հայրենի երկրի եւ ժողովրդի մասին: Անպէտք են այն դասագրքերը, ցամաք եւ անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի: Կրօնական երկիւղածութեամբ եւ անսահման քաղցրութեամբ պիտ դասաւանդւի հայրենագիտութիւնը: Սրտի եւ մտքի կրակով պիտ խօսւի հայրենի երկրի մասին` հրահրելով վերջինի պաշտամունքը մանկական հոգիների մէջ: Փաստերի հետ եւ խորհրդածութիւններ, որոնք հարստացնելով յիշողութիւնը, բեղմնաւորէին նաեւ միտքը, ջերմացնէին նաեւ սրտերը:
«Կը գայ ժամանակ,- ասում է մեր դարի իմաստասէրներից մէկը,- որ ամէն բանից առաջ կը մտածեն դաստիարակութեան մասին»: Մի մեծ քայլ անենք դէպի այդ ժամանակը:
Ընդունենք, որ նա եկել է - այո՛, նա եկել է արդէն մեզ համար - եւ ամէն բանից առաջ մտածենք հայրենապաշտական փրկարար դաստիարակութեան մասին: Նման դաստիարակութեամբ պատրաստենք մեր ապահով ապագան: Եւ չմոռանանք, որ դպրոցն ու մամուլը փաստերից աւելի բարձր գաղափարներ պիտի տան: Չմոռանանք, որ նիւթապաշտութիւնը թոյն է մեզ նման փոքր ժողովրդի համար:
Ասենք եւ մի այլ ճշմարտութիւն - ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդութիւն ունի, նա էլ ապագայ ունի: Փրկութիւնը սրա մէջ է կամ եւ ոչ մի բանի, չմոռանանք եւ այդ:
Գարեգին Նժդեհ
ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...