Երկու հանճարեղ հայերը....🌺
Հովհաննես Թումանյանը (ձախից) և Ավետիք Իսահակյանը՝ 1901 թվականի Անիի պեղումների ժամանակ:
Խոսքը վերաբերում է Թումանյանի և Իսահակյանի համատեղ նկարներին Աշոտ Ողորմածի գերեզմանի մոտ և ավերակների մեջ, որ լուսանկարել է բանաստեղծ Հովհաննես Կոստանյանը
Ավ.Իսահակյանը և Հովհաննես Թումանյանը Անիում՝ Պահլավունյանց պալատի մոտ:
Հովհաննես Թումանյանը 1901թ.-ին Ավ. Իսահակյանի հետ այցելում է Անի: Մեր միջնադարյան շքեղ մայրաքաղաքի ավերակները մեկընդմիշտ դրոշմված են բանաստեղծի կողմից արված բազմաթիվ լուսանկարներում:
Իսահակյանը շատ է սիրել Անին, բազմիցս եղել է Անիում, իրեն համարել է Անիի քաղաքացի: Պահպանվել են նաև Անիի տպավորությունների հուշամատյանում Իսահակյանի և Թումանյանի ինքնագրերը: Իսահակյանը գրել է. «Անի,- սանսկրիտ-մայր լեզվից է բխել, և կրակ, հուր կնշանակե, կրակի դիցուհի, և թող նա, պանծալի Անին, լինի անշեջ հուր հայության սրտում վառելու և բորբոքելու ազատության սերը և լինի մեր վերածնության ֆենիքսը»: Ավ. Իսահակյանը Անիին նվիրված սքանչելի բանաստեղծություններ է գրել:
«1901թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր: Ճանապարհին կանգ էր առել Ախալքալաքում, այցելել էր Փարվանա լիճը, որի հայտնի լեգենդի մասին վաղուց ի վեր մտորում էր: Լսել էր Թմկաբերդի լեգենդը: Չէր կարողացել գնալ բերդը տեսնելու, սակայն Աբուլ լեռան լանջերից դիտակով նայել էր բերդին, որի բուրգերը հեռվից աղոտ ուրվագծվում էին:
Խանդավառ խոսում էր Թմկաբերդի ու Փարվանայի լեգենդների մասին. նրա երևակայության մեջ կամաց-կամաց կենսագործվում էին այդ չքնաղ պոեմները: Ալեքսանդրապոլում, իրար ողջագուրելուց անմիջապես հետո, Օհաննեսն ասաց.
-Անիում դեռ չեմ եղել, շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում:
-Աչքիս վրա, դրանից էլ հեշտ բան ի՞նչ կա:
Մի երկու օր անց բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հետ, որն իմ մորաքրոջ որդին էր, ճանապարհ ընկանք դեպի Անի: Կանգ առանք մեր տանը` Ղազարապատ գյուղում, հանգստանալու և մորս տեսնելու: Օհաննեսը մեր ջրաղացի վարպետին ու գյուղացիներին, որոնք հեքիաթներր և ժողովրդական երգեր գիտցողներ էին, հարցնում էր «Հազարան Բյուլբուլի» մասին, գիտեի՞ն արդյոք, և ուրիշ ֆոլկլորի նյութերի մասին: Ժամերով զրույց էր անում նրանց հետ և լսածները գրում տետրակի մեջ: Երկու գիշեր միայն կարողացանք մնալ մեր տանը, Օհաննեսը անհամբեր էր, ուզում էր շուտով տեսնել Անին: Մեր գյուղից մինչև Անի հազիվ 25կմ լիներ: Այցելեցինք Հոռոմոսի նշանավոր վանքին, որի նախագավիթը սքանչելի է: Հովհ. Կոստանյանը մեզ նկարեց Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ-ձախ կողմում:d Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին և բուրգերին. Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը, հայացքը շարունակ պարիսպներին:
-Ի՞նչ ես շտապում,-ձայնում եմ ես,-Սմբատ թագավորը դեռ քո գալու մասին լուր չունի:
Օհաննեսը դառնում, խոժոռ նայում է ինձ և լայն քայլեր նետում»: Ավ. Իսահակյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...