ՕՐԲԵԼԻՆԵՐԻ ԸՆՏԱՆՔԸ, 1906թ., Թիֆլիս:
Նստած են (աջից). մայրը՝ Վարվառա Արղության-Դոգորուկին, Հայրը՝ Աբգար ՕրբեԼին, Ռուբեն Օրբելին: Կանգնած են (աջից). Հովսեփ Օրբելին, Լևոն Օրբելին։

Մոտ140 տարի առաջ, 1879 թվականի գարնանային մի օր, Թիֆլիսի հնաբնակ երկու ընտանիքներ նշում էին քաղաքում հայտնի իրավաբան Աբգար Օրբելու և երիտասարդ իշխանուհի Վարվառա Արղության-Դոլգորուկիի հարսանիքը։ Դրանից անմիջապես հետո Աբգար Օրբելին նոր նշանակում է ստանում և իր երիտասարդ կնոջ հետ գալիս է Նախիջևան։ Այստեղ ծնվում է նրանց առաջին որդին՝ Ռուբենը։ Շուտով Օրբելիների ընտանիքը տեղափոխվում է Քութաիսի, ապա՝ Թիֆլիս. այդ ժամանակամիջոցում ծնվում են մյուս որդիները՝ Լևոնը և Հովսեփը։
Օրբելի եղբայրները դաստիարակվել են ավանդույթներով հարուստ հայկական ընտանիքում։ Նրանց ծնողները ժամանակի կրթված մարդկանցից էին և սիստեմատիկաբար զբաղվել են երեխաների դաստիարակության ու կրթության հարցերով։ Կյանքի ճամբաբաժանում Օրբելի եղբայրները տարբեր ուղիներ անցան։ Նրանցից երկուսի անունները հայտնի են բոլորին։ Օրբելի եղբայրներից միջնեկը Լևոն Օրբելին է, սովետական ականավոր գիտնական, ակադեմիկոս։

Հսկայական է Լ. Օրբելու դերը Հայաստանում ֆիզիոլոգիայի ստեղծման ու զարգացման գործում։ Օրբելու ֆիզիոլոգիական դպրոցի բովով են անցել բազմաթիվ հայ գիտնականներ՝ ֆիզիոլոգներ, կենսաքիմիկոսներ ու նյարդաբաններ։ 1043 թվականից, դառնալով նորաստեղծ հայկական ակադեմիայի իսկական անդամ՝ Օրբելին անմիջական օգնություն է ցույց տվել ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտին, որն այժմ կրում է նրա անունը։

Լ. Օրբելին շուրջ 220 գիտական աշխատությունների հեղինակ է, արտասահմանյան մի քանի ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ։ Ներկայումս ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայում սահմանված է ակադեմիկոս Օրբելու անվան մրցանակ, որը շնորհվում է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բնագավառի լավագույն գիտնականներին։

Օրբելի եղբայրներից կրտսերը Հովսեփ Օրբելին էր, սովետական ականավոր գիտնական, պատմաբան-արևելագետ, ակադեմիկոս։

Դեռ ուսանողական տարիներին Հ. Օրբելին մասնակցում է Անիի ավերակներում իր մեծ ուսուցչի՝ Նիկողայոս Մառի կատարած պեղումներին, ուր և ստանում է իր առաջին գիտական մկրտությունը։ Երիտասարդ գիտնականը շուտով նշանակվում է Անիի նորաստեղծ թանգարանի վարիչ։ 1911 թվականին, Հ. Օրբելին, Մառի առաջարկությամբ, գործուղվում է Արևմտյան Հայաստան՝ հնագիտական, ազգագրական հետազոտությունների համար։ Մոտ մեկ տարի անցկացնելով այնտեղ, մասնավորապես լինելով Վանում և Մոկսում, Օրբելին խնամքով ուսումնասիրում է Աղթամար աշխարհահռչակ վանքի ճարտարապետական կառուցվածքն ու բարձրաքանդակները, արժեքավոր նյութեր հավաքում Մոկսի հայերի ու քրդերի բառ ու բանի վերաբերյալ։ 1912 թվականին Օրբելին ընտրվում է Պետերբուրգի ռուսսական հնագիտական ընկերության անդամ։ 1916 թվականին հայրենասեր գիտնականը տեղումներ է կատարում Վանի միջնաբերդում։ Հետագա մի քանի տարիների ընթացքում Օրբելին զբաղվում է Հայաստանի տարբեր վայրերից, զանազան ժամանակներում իր հայտնաբերած ու հավաքած 1000–ից ավելի վիմական արձանագրությունները հրատարակության պատրաստելու մեծ և խոշոր աշխատանք պահանջող գործով։

1943 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի ժողկոմսովետը որոշում է ընդունում ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա Երևանում Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա կազմակերպելու մասին։ Նոյեմբերի 25-ին հաստատվում է ակադեմիկոսների առաջին կազմը, բաղկացած 23 հոգուց, 1948 թվականին Երևանում բացվեց Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ Նորաստեղծ ակադեմիայի անդրանիկ ընդհանուր ժողովում Հովսեփ Օրբելին ընտրվեց պրեզիդենտ։ Երևանում նա մնաց մինչև 1944 թվականը։ Այդ կարճ ժամանակամիջոցում կյանքի կոչվեցին մի շարք նոր ինստիտուտներ։ 1944 թվականին Հ. Օրբելին վերադարձավ Լենինգրադ և ձեռնամուխ եղավ Էրմիտաժի վերականգնման աշխատանքներին։ Նրա ղեկավարությամբ մեկը մյուսի ետևից վերականգնվում էին ցուցասրահները, կազմակերպվում նոր ցուցադրություններ։

Որպես Էրմիտաժի դիրեկտոր Հովսեփ Օրբելին երեք տասնամյակ շարունակ իր կազմակերպչական փայլուն ընդունակությունները, բեղմնավոր միտքը լիովին ի սպաս է դնում համաշխարհային մշակույթի այդ խոշոր կենտրոնի բարգավաճման ու պահպանման գործին։ Հովսեփ Օրբելին անձնուրաց ու խիզախ այն գիտնականներից էր, որը 1942 թվականին, թշնամու կողմից պաշարված Լենինգրադում, ռմբակոծիչների տարափի տակ ի կատար ածեց Էրմիտաժի գոհարները խորը թիկունք փոխադրելու դժվարին գործը։

Առանձնապես խոշոր է Հ. Օրբելու դերը հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթի դարավոր հուշարձանների ուսումնասիրության բնագավառում։

Նիկողայոս Մառից հետո Օրբելին երկրորդ արևելագետը և կովկասագետն էր Ռուսաստանում, որի գիտական գործունեության մեջ տասնամյակներ շարունակ առաջնակարգ տեղ են գրավել հայագիտության հարցերը։

Մեծ են ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծառայությունները հայ մշակույթի ուսումնասիրության ու պրոպագանդման գործում։

Իսկ Օրբելիների ավագ եղբոր՝ Ռուբենի անունը գրեթե անհայտ է։ Ավարտելով Թիֆլիսի ռեալական գիմնազիան, տասնութամյա Ռուբեն Օրբելին 1898 թվականին մեկնում է Պետերբուրգ և ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1903 թվականին, առաջին կարգի դիպլոմով ավարտելով համալսարանը, Ռ. Օրբելին մնում է համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնում և սկսում է տպագրել իր գիտական առաջին հոդվածները, իսկ 1906 թվականին պաշտպանում է դիսերտացիա՝ քաղաքացիական իրավունքի գծով և ստանում մագիստրոսի աստիճան։ Այնուհետև Ռ. Օրբելին իր տեսական գիտելիքները հարստացնում է Բեռլինի համալսարանում և ստանում դոկտորի աստիճան։ Գերմանիայից վերադառնալուց հետո 1906 թվականի վերջերին նա ընտրվում է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ընկերության իսկական անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբներին Ռ. Օրբելին կրկին լինում է արտասահմանում՝ Շվեյցարիայում, Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, իսկ 1918 թվականին դասախոասթյուններ կարդում Տամբովի պետական համալսարանում։

Հետագա տարիներին Ռուբեն Օրբելին ամբողջովին տարվում է ջրասուզակային գործով և դրա պատմությամբ։ Նա համարվում է ստորջրյա հնագիտության հիմնադիրներից մեկը մեր երկրում։

Ստորջրյա հնագիտության հիմնադրումը անխզելիորեն կապված է հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբի (ԷՊՐՈՆ) գործունեության հետ։ Այդ կազմակերպությունը մեր երկրում ստեղծվել է 1928 թվականին Ֆ. Ձերժինսկու նախաձեռնությամբ՝ ծովերում ու գետերում վթարային փրկիչ աշխատանքներ կատարելու, ջրասուզված նավերը հանելու նպատակով։

Ստորջրյա աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ էր մեծ թվով ջրասուզակներ պատրաստել։

Այդ նպատակով 1925 թվականին Ղրիմի Բալակլավայի շրջանում բացվում են հատակ դասընթացներ, որոնց հետագայում փոխարինում է ջրասուզակների տեխնիկումը, որտեղ պատրաստվում են մեծ թվով ջրասուզակներ։

1930-ական թվականներին սովետական գիտնականների առջև խնդիր դրվեց ուսումնասիրել ծովերի, գետերի ու լճերի խորությունները, նպատակ ունենալով հնագիտական պեղումներ կատարել ջրի տակ։ Գիտահետազոտական այդ աշխատանքը հանձնարարվում է պրոֆեսոր Ռուբեն Օրբելուն։ Ինքը` Օրբելին, այսպես է ներկայացրել իր գիտական նախասիրությունները։ «Ես վճռեցի առաջ քաշել պատմական անցյալ ունեցող ջրային տարածությունների հետևողական, կազմակերպված ու ծրագրային ուսումնասիրության հարցը՝ նպատակ ունենալով ճանաչել հնագայն կյանքի նշանները ջրի տակ»։

Հայաստանի հեղափոխության թանգարանի գիտաշխատողները վերջերս եղան Լենինգրադում՝ Ռ. Օրբելու տանը, որտեղ գիտնականի դուստրը՝ Ռուսուդան Օրբելին, թանգարանին նվիրեց իր հոր կյանքի ու գործունեության հետ կապված մի շարք նյութեր։ Դրանց թվում հատկապես ուշագրավ է «Հետազոտություններ և պրպտումներ» գիրքը, որը լույս է տեսել 1947 թվականին, գիտնականի մահից հետո։ Այդ գիրքը հրատարակության են պատրաստել ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի բնագիտության ինստիտուտի գիտաշխատողները։ Գրքում զետեղված են Ռ. Օրբելու աշխատությունները, անտիպ ձեռագրերը, հոդվածները և այլ նյութեր, որոնք վկայում են նրա հասարակական և գիտական լայն հետաքրքրությունների մասին։ Նա մեծ եռանդով է զբաղվել ջրասուզակային գործով և գիտահետազոտական հսկայական աշխատանք կատարել հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների արշավախմբում։

Ստորջրյա աշխատանքների արշավախմբի պետ Ֆ. Կռիլովի 1937 թ. օգոստոսի 5-ի հրամանում ասված է. «Մեծ նշանակություն տալով Ռ. Օրբելու ղեկավարությամբ տարվող գիտահետազոտական աշխատանքներին, որ նպատակ ունի ուսումնասիրել ջրի տակ և ընդերքում եղած հարստությունները, անմիջապես սկսել հետազոտական աշխատանքներ Կերչի մոտակայքում, Թեոդոսիայում։ Այդ աշխատանքների ընդհանուր ղեկավարությունը դնել պրոֆ. Ռ. Օրբելու վրա»։

Եվ այսպես, 1937 թվականին սկիզբ է դրվում պատմական վայրերում ստորջրյա հնագիտական պեղումներին։ Ռ. Օրբելու ուսումնասիրության առաջին վայրը հանդիսանում է Խերսոնը՝ հնագույն մշակույթի կարևոր օջախներից մեկը։ Ինչպես հայտնի է Խերսոն քաղաքը ավերվել էր թաթարների կողմից 1299 թվականին։

Ռ. Օրբելու առաջին իսկ գիտարշավը պսակում է փայլուն հաջողությամբ։ Բուգ գետից հանվում են հնագույն մի մակույկ և հին կառույցների մի շարք բեկորներ։

Լենինգրադի Ն. Մառի անվան մշակույթի պատմության ինստիտուտի հնագիտական կոմիտեն, որ 1938 թվականի հունիսի 26-ի նիստում, լսելով Ռ. Օրբելու «Հնագիտական ստորջրյա հետազոտությունների փորձի մասին» զեկուցումը, նշում է ջրի տակ գտնվող հնագույն հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ կատարված աշխատանքների մեծ արժեքը։ Նրան հանձնարարվում է կազմել հիդրոհնագիտական քարտեզ։

1939 թվականին ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վ. Կոմարովի՝ ԷՊՐՈՆ-ի գլխավոր վարչության պետ Ֆ. Կռիլովին հղած հեռագրում ասված է. «Ողջունելով Ձեր գիտական հայտնագործումները ծովերի ընդերքում և մասնավորապես Բուգ գետից հանված հնագույն մակույկը, շնորհավորում եմ Ձեզ այդքան հետաքրքիր նվաճման առթիվ և ցանկանում այդ աշխատանքների շարունակությունը ընդհանրապես և մասնավորապես հաջողություն Ռ. Ա. Օրբելու աշխատանքներին, որոնք շատ կարևոր են մեր մեծ հայրենիքի սոցիալիստական մշակույթի պատմության համար»։

Ռ. Օրբելին փաստորեն հանդիսացավ գիտության այդ նոր ճյուղի՝ ստորջրյա հնագիտության հիմնադիրը։ Նա առաջ քաշեց ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի համակարգում համամիութենական ստորջրյա հնագիտական գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան ստեղծելու հարցը, կյանքի կոչեց ստորջրյա պատմական աշխարհագրությունը, ստեղծեց ՍՍՀՄ ստորջրյա հնագիտական քարտեզ, կազմակերպեց ստորջրյա արշավախմբերի աշխատանքը։

Ռուբեն Օրբելին թողել է գիտական հարուստ ժառանգության։ Նրա տպագրած ուսումնասիրությունները, որոնք նվիրված են մարդու գործունեության պատմությանը և նրա գիտական մտքի էվոլյուցիային` ստորջրյա որոնումների բնագավառում, կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբի մեջ մտնում են՝ «Լեոնարդո դա Վինչին» և ստորջրյա նավարկության ու վայրէջքների միջոցների որոնմանը նվիրված աշխատությունները, «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները», «Հռոմի և Հունաստանի ջրասուզակները», «Ջրասուզակները ծովային առաջին պատերազմում» և այլն։

1931 թվականից Ռ. Օրբելին ձեռնամուխ է եղել իտալացի հանճարեղ նկարիչ և ինժեներ Լեոնարդո դա Վինչիի թողած ջրասուզակային գործի պատմության վերաբերյալ հարուստ ժառանգության ուսումնասիրմանը։ Ռ. Օրբելին իր քրտնաջան ուսումնասիրությունները կատարելիս օգտվել է շուրջ 12 լեզուներով գրված աշխատություններից։

Ռ. Օրբելու աշխատությունների երկրորդ խմբի մեջ են մտնում փոքրածավալ, բայց բովանդակությամբ կարևոր մի շարք հոդվածներ։ Դրանց շարքին են պատկանում «ՍՍՀՍ ստորջրյա հնագիտության քարտեզը», «Ստորջրյա հնագիտություն», «Ստորջրյա հնագիտության զարգացման համար» և այլ աշխատություններ։ Դրանցում տեղ են գտել նաև իր արշավախմբի գործունեությունը Սև ծովի շրջանում։

Անդրադառնալով Ռ. Օրբելու գիտական աշխատություններին, պրոֆեսոր Օ. Ֆրայդնասբերգը գրում է. «Զարմանալի ժառանգություն է թողել Ռուբեն Աբգարովիչը… Ռ. Օրբելին, որպես սովետական գիտնական, մարմնավորում է անցյալի, ներկայի և ապագայի՝ եռակի հանգույցը։ Նա մեզ ներկայանում է որպես ստորջրյա արժեքների փրկարար և ջրերի ընդերքում հայրենական հարստությունների հայտնաբերող»։

Ռուբեն Օրբելուն բարձր է գնահատել նաև Մարիետա Շահինյանը, որն իր «Մարդը և գիտնականը» հոդվածում գրում է. «Տարիներ առաջ Ղրիմում, Կոկտեբելի առողջարանում առաջին անգամ հանդիպեցի մեր ժամանակի յուրահատուկ գիտնականներից մեկին՝ պրոֆեսոր Ռուբեն Օբգարի Օրբելուն։ Բարձրահասակ, հսկա մի մարդ էր։ Այստեղ էր եկել ջրասուզակների մի խմբի հետ։ Եվ ամեն օր, ինչպես երեխաները, մենք հետևում էինք պրոֆ. Օրբելու աշխատանքներին։ Մի քանի տարի անց ես կարդացի Օրբելու «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները» հիանալի աշխատությունը։ 18-րդ դարի ռուսական արխիվային փաստերի հիման վրա գրված գիրքն ընթերցողի առաջ բացահայտում է ոչ միայն ջրասուզակի մասնագիտությունը, այլև նրա ներքնաշխարհը»։

Ռուբեն Օրբելու նախաձեռնությամբ ստեղծված ստորջրյա հնագիտության ինստիտուտը, ստորջրյա հնագիտության քարտեզը, բացված թանգարանը գիտական հիմք հանդիսացան ստորջրյա հնագիտության համար։

Պրոֆեսոր Ռ. Օրբելու աշխատանքը բարձր են գնահատել սովետական նշանավոր գիտնականներ Վ. Կոմարովը, Ա. Կռիլովը, Ա. Վավիլովը, Ն. Մեշչանիննովը և ուրիշներ։

Հայրենական պատերազմի տարիներին Ռուբեն Օրբելին չի ընդհատում իր լարված աշխատանքն անգամ Լենինգրադի շրջափակման ծանր պայմաններում։ Նրա կյանքի թելը կտրվեց 1948 թվականին Մոսկվայում։ Ռ. Օրբելուն նվիրված մահախոսականում, որն ստորագրել էին համաշխարհային համբավ ունեցող սովետական շատ գիտնականներ, այսպես է բնութագրվում նրա վաստակը. «Նրա կյանքը ընդհատվեց մեծ հույսերի պահին, երբ նրա աշխատանքները լայն ճանաչում էին գտել։ Ռ. Ա. Օրբելին նոր ուղիներ հարթեց գիտության մեջ և հեռացավ մեծ վաստակ թողնելով գիտական առեղծվածներով լի ստորջրյա տարածությունների հետազոտման գործում»։

Ահա այսպիսի հիանալի կյանքով են ապրել ու ստեղծագործել սովետական ականավոր գիտնականներ Օրբելի եղբայրները։
Ռևիկ ԵԶԵԿՅԱՆ
«Գարուն», 1981թ., թիվ 7
На данном изображении может находиться: 3 человека
Фотография

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...