ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
350 տարի առաջ, 1668 թ. Հոկտեմբերի 13-ին, Ամստերդամում, Ոսկան Երեւանցին աւարտեց հայերէն Աստուածաշնչի առաջին տպագրութիւնը։
Տե՛ս ստորեւ հրատարակուող յօդուածը՝
Խաչիկ Սամուէլեան, Աստուածաշնչի հրատարակութեան իրականացումը Ոսկան Երեւանցու կողմից, - «Հանդէս ամսօրեայ», 1998, էջ 155-170։
----------------------------
ԽԱՉԻԿ ՍԱՄՈՒԷԼԵԱՆ, ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑՈՒ ԿՈՂՄԻՑ
Շուրջ 330 տարի է անցել այն օրից, երբ Հոլանդիայի Ամստերդամ քաղաքի հայկական տպարանում մամուլի տակից դուրս եկաւ «Աստուածաշունչ» կոչուող մատեանի վերջին պրակը,որը ձեռնարկւեց 11 մարտի 1666-ին եւ աւարտին հասնելու համար պէտք եղավ աւելի քան երկու տարվա աշխատանք:
Խօսել «Աստուածաշնչի» տպագրութեան մասին, այդ նշանակում է վերյիշել երեք դար առաջ հազար ու մի զրկանքներ կրած, հազար ու մի դառնութիւններ ճաշակած երախտաւորներին: Մարդիկ, որոնք մերժելով կեանքի վայելքները, զրկուած հարազատներից, հայրենիքից դուրս, բայց եւ հայրենիքի համար, մեծ նուիրումով ու անհատնում եռանդով, գալիք սերունդներին ժառանգեցին այն, ինչը այսօր ազնիւ հպարտութեամբ է լցնում անցեալի պատմամշակութային արժէքները գնահատող իւրաքանչիւր մարդու սիրտ:
«Աստուածաշնչի» լոյսընծայումը ոչ միայն անցեալի մշակութային կեանքի լաւագոյն աւանդների աստիճանական զարգացումն էր, այլեւ եղել ու մնում է իբրեւ տպագրական գործի մի նոր վերելք, մի աննախադէպ զարգացում:
Այսօր երեք հարիւր երեսնամեայ հեռաւորութիւնից որքան ընդգծուած է դառնում մեր գնահատման պատմական կողմը, այնքան աւելի է մեծանում այս Գրքի հրատարակութեան հոգեւոր մշակութային արժէքն ու նշանակութիւնը:

Խօսելով «Աստուածաշնչի» տպագրութեան մասին` անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նման մի աշխատութեան լոյսընծայումը վեր է մի մարդու ուժերի լարումից: Այս կարգի մօտեցում ենք հանդէս բերում ո'չ բնաւ նրա համար, որ ցանկանում ենք նօսրացնել մեծ երախտաւոր Ոսկան Երեւանցու փառքը զարդարող դափնեպսակի տերեւները… Վարուելով այդպէս` նպատակ ենք ունեցել ըստ արժանւոյն գնահատել իւրաքանչիւրի վաստակը այս գործում: Կաթողիկոս Յակոբ Ջուղայեցու կամքը, Մատթէոս Ծարեցու եռանդը, Ղլիճենց Աւետիսի ձեռներէցութիւնն ու Կարապետ Անդրիանացու գործադրած ջանքերը այն կարեւոր գործօններն են, որոնց բացառումով անմեկնելի կը մնայ ու թերի կը դառնայ «Աստուածաշնչի» տպագրութեան դժուարին ու մաքառումներով լի պատմութիւնը: Ոչ թէ միտումով, այլ սովորոյթի ուժով տարիներ շարունակ բանասիրութեան կողմից ստուերի մէջ են թողնուել վերոյիշեալ անունները այն դէպքում, երբ առանց նրանց աջակցութեան Ոսկան Երեւանցին չէր կարող գլուխ բերել «Աստուածաշնչի» տպագրութեան դժուարին գործը:
***
Շահ-Աբասի ձեռնարկած «սուրգիւնը» եւ դրան յաջորդող թուրք-պարսկական կործանարար պատերազմները հարցականի տակ են դնում Հայաստան աշխարհի գոյութեան իրաւունքն ու հնարաւորութիւնը:
Ստեղծուած կացութեան թելադրանքով Առաքել Դաւրիժեցու պատմութեան մէջ առարկայական են դառնում Խորենացու «Ողբը» յիշեցնող գրառումներ. «Եւ սոցին ամենեցուն առիթ, ո'չ այլ ինչ` եթէ ոչ հեռացումն ի սուրբ գրոց եւ երկիւղէն Աստուծոյ, ոչ բնաւ ընթեռնուին գիրս, այլ էին փակեալ եւ լռեալ մատեանք աստուածայինք, վասն զի էր խափանեալ ընթերցումն սուրբ գրոց, որք էին արհամարհեալ յաչս նոցա, հողով եւ մոխիրով լցեալ եւ անկեալ յանկեան ուրեք, վասն զի ո'չ զգիրս գիտէին եւ ոչ զզօրութիւնս գրոց` ըստ Տեառն բանի»1: Այս ամենով հանդերձ 1639 թուականին կնքուած թուրք-պարսկական խաղաղութեան դաշինքը կենդանութեան ու զարթօնքի որոշ յոյսեր ու երաշխիքներ է ներշնչում այդ պատերազմներում թատերաբեմ դարձած Հայաստան աշխարհի եւ սակաւաթիւ ապրողների համար: Խաղաղութեան դաշինքով ստեղծուած այս նոր երաշխիքը հոգեւոր ու աշխարհի իշխանաւորների հոգեբանութեան մէջ առաջ են բերում ապրելու ձգտում եւ դրութեանը տէր դառնալու մտահոգութիւն: «Աստուածաշունչը» տպագրական եղանակով բազմացնելու եւ ժողովրդի լայն խաւերի մէջ աստուածաշնչային գաղափարները ընդհանրացնելու խնդիրը այդ ժամանակաշրջանում, գրեթէ բոլոր կաթողիկոսների ու իշխանաւորների համար դառնում է հետապնդուող մտահոգութիւն:
1579 թուականից մինչեւ 1637 թուականը ընկած ժամանակահատուածում, վեց տասնամեակի ընթացքում հայոց կաթողիկոսների ու միջոց ունեցող իշխանաւորների կողմից կիրառուել են «Աստուածաշունչ» մատեանի տպագրութիւնը իրականացնելու մէկ տասնեակից աւելի փորձեր2, սակայն գործնականում միջոցների բացակայութեան եւ ապա Հռոմի Հաւատի տարածման ժողովի նուիրակների ու գործակալների կողմից ձեռնարկուած խոչընդոտների ու արգելքների պատճառով այդ փորձերից եւ ոչ մէկը չի կարողացել իրականութեան դառնալու կայուն երաշխիք ստանալ:
Հայութեան կողմից նման չընդհատուող ձգտումներն ու փորձերը Հռոմի հոգեւոր իշխանութեան ներկայացուցիչների համար դառնում են օրուայ հարց ու մտահոգութեան առարկայ, ուստի Հաւատի տարածման ժողովի կարդինալները 1637 թուականի դեկտեմբերից մինչեւ 1638 թուականի յունուարի 30-ը տեղի ունեցող նիստերի ընթացքում քննարկման առարկայ են դարձնում հայերէն «Աստուածաշնչի» տպագրութեան բնագրի ընտրութեան հարցը3:
Բազմակողմանիօրէն քննարկման ընթացքում յայտնի է դառնում, որ «Աստուածաշնչի» հայերէն թարգմանութիւնը իրականացուած է «Եօթանասնից» օրինակի հիման վրայ: Այս բացայայտումից յետոյ նիստերում կայացուած որոշման հիման վրայ հայերէն «Աստուածաշնչի» տպագրութիւնը համարւում է անընդունելի: Յենուելով աւելի վաղ` 1546 թուականի ապրիլի 8-ին Տրիտենդեան ժողովի 4-րդ նիստում կայացուած որոշման վրայ, ըստ որի ամբողջ Արեւմուտքի համար օրինականացուել էր Վուլգատայի օրինակը, ուստի, այս նիստում եւս իբրեւ որոշում արձանագրւում է, որ հայերէն «Աստուածաշնչի» տպագրութեան համար կարող է օրինական համարուել միայն ու միայն Վուլգատայի բնագիրը4:
Ահա մի որոշում, որը տարիներ շարունակ արգելառիթ է դառնում Հռոմի իրաւասութեան ոլորտում ձեռնարկուող հայերէն «Աստուածաշնչի» տպագրութեան բոլոր տեսակի փորձերի ճանապարհին:
Հռոմի ձեռնարկած խոչընդոտներին զուգընթաց Հայաստան աշխարհում հոգեւորականութեան միջավայրում, նրանց գործելակերպի ու հոգեբանութեան մէջ տեղի են ունենում նոր տեղաշարժեր: Երկրում որքան առաջ են գնում Շահ-Աբասի պատճառած վէրքերի ապաքինման աշխատանքները, այնքան աւելի է մեծանում «Աստուածաշունչ» մատեանի տպագրութեան անհրաժեշտութիւնը: Հռոմի կիրառած խոչընդոտները, նրանց հետապնդած նպատակադրումները հետզհետէ յայտնի են դառնում «Աստուածաշնչի» տպագրութեան գործը նախաձեռնողներին, ուստի մշակւում ու ձեռք են առնւում համապատասխան միջոցառումներ ստեղծուած կացութեան պայմաններում տպագրութեան գործը առաջ տանելու ուղղութեամբ:
Այս առումով, իբրեւ առաջին քայլ, խիստ ուշագրաւ է Նոր Ջուղայի հոգեւոր առաջնորդ Խաչատուր վարդապետ Կեսարացու կիրառած նախաձեռնութիւնը: Յայտնի է, որ 1636-1637 թուականների ընթացքում Փիլիպոս Հաղբակեցի կաթողիկոսի յանձնարարութեամբ եւ Խաչատուր Կեսարացու ջանքերով Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում հիմնադրւում է տպարան, ուր եւ 1638 թուականի ընթացքում յաջողութեամբ լոյս է ընծայւում 604 էջ ծաւալ ունեցող մի «Սաղմոսարան»:
Նոր Ջուղայում տպարանի հիմնադրման իրականացումը հետապնդում էր որոշակի նպատակադրում, այն է` Հռոմի ենթակայութեան սահմաններից դուրս տարածքում իրականացնել հայերէն գրքերի տպագրութիւն եւ նախադրեալներ ստեղծել «Աստուածաշնչի» տպագրութեան համար:
1639 թուականի դեկտեմբերին տպագրական արուեստի մէջ կատարելագործուելու յանձնարարականով Խաչատուր Կեսարացին Եւրոպա է ուղարկում իր աչքաբաց աշակերտ Յովհաննէս վարդապետ Ջուղայեցուն5:
Վերջինս հասնելով Վենետիկ, ո'չ միայն ուսումնասիրում է տպագրական գործը, այլեւ հետամուտ է լինում հայկական տպատառեր ձեռք բերելու գործին: Այստեղ չգտնելով յուսադրող պայմաններ Ջուղայեցին մեկնում է Հռոմ, ուր բազմաբնոյթ գործունէութիւն է ծաւալում Խաչատուր Կեսարացու յանձնարա-րութիւնը իրականացնելու համար: Հռոմում ծաւալած գործունէութեան ընթացքում Ջուղայեցին վաստակում է մեծ թուով հակառակորդներ: Դիւանագիտօրէն շրջանցելով ձախողանքները, նա կարողանում է ձեռք բերել համապատասխան քանակի տպատառեր ու տպարանական սարքաւորումներ: Այդ ամէնը տեղափոխելով Լիվոռնո, այնտեղ նա հիմնադրում է տպարան եւ լոյս է ընծայում շուրջ 400 էջ ծաւալ ունեցող մի «Սաղմոսարան»: Այնուհետեւ իր հետ առնելով տպարանական սարքերն ու տպատառերը, 1645 թուականի աշնանը, վեց տարուայ բացակայութիւնից յետոյ, նա վերադառնում է հայրենիք: Ամենափրկիչ վանքում Յովհաննէս Ջուղայեցին ընթացք է տալիս տպագրական գործի աշխուժացմանը եւ 1650 թուականին ձեռնարկում է վաղուց սպասուած «Աստուածաշունչ» մատեանի տպագրութիւնը: Սակայն, հակադիր ուժերի կողմից նիւթուած սադրանքների հետեւանքով, խափանւում է տպարանի գործունէութիւնը, ուստի եւ ընդհատւում է «Աստուածաշնչի» տպագրութիւնը6:
Յայտնի է, որ Փիլիպոս Հաղբակեցու մահուանից յետոյ, 1655 թուականին գահ է բարձրանում Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսը: Վերջինս մեր պատմութեան մէջ աչքի է ընկնում նաեւ նրանով, որ իր գործունէութեան ընթացքում հետեւողական վերաբերմունք է հանդէս բերել «Աստուածաշունչ» մատեանի տպագրութեան ուղղութեամբ: Նոր Ջուղայի տպարանի խափանման հանգամանքներին լաւատեղեակ Յակոբ Ջուղայեցուն ոչ միայն չեն վհատեցնում Աստուածաշնչի տպագրութեան հետ կապուած անյաջողութիւնները, այլեւ եղածը իր մանրամասնութիւններով նրա համար դառնում է իւրատեսակ փորձութեան քար: Ուստի 1657 թուականին նա յատուկ յանձնարարականով Եւրոպա է ուղարկում Փիլիպոս կաթողիկոսի նօտար, ատենադպիր եւ ծաղկող գրիչ Մատթէոս Ծարեցուն:
Թէեւ որոշակի գրառումներ չկան, սակայն անուղղակի փաստերը հիմք են տալիս ասելու, որ Մատթէոս Ծարեցին կաթողիկոսի յանձնարարութիւնը պէտք է իրականացնէր իտալական հողի վրայ: Յայտնի է նաեւ, որ երկու տարուայ յամառ ու ապարդիւն ջանքերից յետոյ Ծարեցին լքում է Հռոմը եւ մեկնում է Ամստերդամ:
Հիմնադրել հայկական տպարան` այդ նշանակում է ամենից առաջ ունենալ շարուածքային տպատառեր: Ուսումնասիրելով տեղական պայմանները` Ծարեցին կարողանում է գործնական կապեր հաստատել Հոլանդիայում հրատարակչական գործի մէջ անուն հանած Էլզեւիր եղբայրների հետ եւ բանակցութեան մէջ մտնելով սրանց համար տառեր փորագրող Քրիստոֆիլ վան Դէյկի հետ` պատուիրում է իր գործի համար համապատասխան տեսակի ու քանակի շարուածքային տպատառեր7:
Ձեռք բերելով պատուիրած տպատառերը` Ծարեցին Ամստերդամի Բումսլութ փողոցի վրայ ստեղծում է հայկական առաջին տպարանը8, դրանով կայուն ու գործնական հիմքի վրայ դնելով «Աստուածաշնչի» տպագրութեան գործը, ինչը պէտք է համարել Յակոբ Ջուղայեցու յանձնարարութեան առանցքը: Այս հանգամանքը իրաւունք է տալիս Մատթէոս Ծարեցուն Ոսկան Երեւանցու հետ կիսելու այն խանդաղատանքն ու համակրանքը, որ տարիներ շարունակ մեր բանասիրութեան կողմից տրուել է միայն վերջինիս:
Իբրեւ ձեռնարկուած գործի առարկայական սկիզբ` Ծարեցին «յաղագս տեսութեան ու փորձառութեան», տպագրութեան է տալիս Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի» վերնագրով պոեմը: Այս գրքի մեզ հասած օրինակի ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ Ծարեցու հիմնադրած տպարանը եւ պատուիրած տառերը ի վիճակի էին ի կատար ածելու Յակոբ Ջուղայեցու կամքը` տպագրելու «Աստուածաշունչ» մատեանը9:
Տակաւին աւարտուած չէր «Յիսուս Որդի» Գրքի տպագրութիւնը, երբ Ծարեցին հիւանդանում է: Երկիւղ կրելով, որ չի կարողանայ աւարտին հասցնել սկսած գործը եւ վճարել դրամական պարտքերը իր լիազօրութիւնները տպարանի հետ մէկտեղ յանձնում է Ամստերդամում գտնուող Ոսկան Երեւանցու եղբօրը` վաճառական Ղլիճենց Աւետիսին10 եւ 1661 թուականի յունուարի 22-ին կնքում է իր մահկահացուն:
Նոր Ջուղայեցի վաճառական Ղլիճենց Աւետիսը վճարում է Մատթէոս Ծարեցու պարտքը եւ ըստ ստորագրուած պայմանագրի տէր է դառնում Ամստերդամում Ծարեցու հիմնադրած` այդ օրուանից սկսած Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգիս զօրաւորի անունը կրող տպարանին: Դառնալով սեփականատէր Ղլիճենց Աւետիսը նամակ է գրում Ուշի` եղբօրը` Ոսկան Երեւանցուն, եւ առաջարկում է գալ Ամստերդամ եւ տէր կանգնել իր սեփականութիւնը հանդիսացող տպարանին:
Առնելով այդ լուրը Ոսկան Երեւանցին եղբօր նամակը ներկայացնում է կաթողիկոս Յակոբ Ջուղայեցուն եւ իրաւունք է ստանում տպարանում գործը շարունակելու համար Ամստերդամ ուղարկել իր աշակերտ Կարապետ Անդրիանացուն:
Աւելի ուշ` Ամստերդամից Աւետիսի գրած նամակի շարժառիթով, 1662 թուականի ամռանը (հաւանաբար օգոստոսին), կաթողիկոս Յակոբ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է ազգային ժողով` նուիրուած «Աստուածաշնչի» տպագրութեանը11: Նկատի ունենալով տպագիր գրքի, յատկապէս «Աստուածաշնչի» հանդէպ ժողովրդի մէջ ծայր առած պահանջարկի բաւարարման խնդիրը, կաթողիկոսը որոշում է այդ նպատակով Եւրոպա ուղարկել Ոսկան Երեւանցուն: Յակոբ Ջուղայեցին միաժամանակ Ոսկան Երեւանցուն յանձնարարում է (թերեւս թոյլատրում է) իր հետ Ամստերդամ տանել Հեթում թագաւորի «Աստուածաշնչի» ձեռագիրը12: Այդ ձեռագիրը Ղազար Բաբերդացւոյ (Վալաքեցու), ըստ Վուլգատայի խմբագրութեան, «Աստուածաշնչի» հետ մէկտեղ ժամանակին Զաքարիա վարդապետ Վաղարշապատցին գնում է Կարինում: Նուիրաբերելով Յովհաննավանքին վերջինս անէծքով բանադրում է բոլոր նրանց, ովքեր կը յանդգնեն գողանալ կամ վանքից դուրս տանել այդ ձեռագրերը: Պէտք է ենթադրել, որ կաթողիկոսը լուծարում է բանադրանքը, եւ նրա գնած ձեռագրերը (երկու միաւոր) Յովհաննավանքից բերւում են Էջմիածին: Անհաւանական չէ, որ այդ ձեռագրերի միջեւ տարբերութեան առիթով տեղի է ունեցել տարակարծութիւն եւ մտքերի փոխանակութիւն: Հետեւանքը լինում է այն, որ կաթողիկոս Յակոբ Ջուղայեցին Ոսկան Երեւանցուն յանձնարարում է իր հրատարակելիք Աստուածաշունչը «Գլխատել եւ տնատել ըստ Դաղմտականաց»: Կաթողիկոսի յանձնարարութիւնը Ոսկան Երեւանցին իր համար դարձնում է ոչ միայն սկզբունք, այլեւ իրականացնում է իր հրատարակած «Աստուածաշնչում»: Գիտակցելով, որ այդ մօտեցումը հետագայում կարող է իր համար բարդացումների ու բանավէճային մեղադրանքների առիթ դառնալ նա, աւելի ուշ, կաթողիկոսի յանձնարարականը մի նախադասութեամբ ամրագրում է իր տպագրած «Աստուածաշնչի» տիտղոսաթերթում:
Այդ ժողովից յետոյ Ոսկան Երեւանցին կաթողիկոսից ստանում է եպիսկոպոսական աստիճան եւ ապա մէկ-երկու շաբաթ անց «Իշխանութեամբ ու հրամանաւ վեհափառի… յաղագս տպման մատենիս այսօրիկ աստուածայնոյ…» մեկնում է Եւրոպա:
Յակոբ Ջուղայեցին միաժամանակ համապատասխան կոնդակ է տալիս Ոսկան Երեւանցուն` ուղղուած Լիվոռնոյի հայութեանը, որպէսզի նրանք նիւթական օգնութեամբ սատար կանգնեն վերջինիս հրատարակչական գործունէութիւն ծաւալելու համար:
Եւ այսպէս, 1662 թուականի սեպտեմբերի 27-ին կաթողիկոսական նուիրակ Ոսկան Երեւանցին, դուրս գալով Էջմիածնից, հետիոտն, բանուկ ճանապարհով մեկնում է Զմիւռնիա, իսկ այնտեղից ծովային երթուղիով հասնում է Լիվոռնո: Այստեղ նա հանդիպում է իր եղբօրը` Աւետիսին, եւ նրանից վերցնում է տպարանի սեփականատիրացմանը վերաբերող փաստաթղթերը: Իբրեւ իրաւատէր` նա Լիվոռնոյից Կարապետ Անդրիանացուն տալիս է համապատասխան յանձնարարականներ եւ ապա տեղի համայնքից չստանալով ակնկալուող նիւթական օգնութիւնը` մեկնում է Հռոմ: Այստեղ նա աշխատում է իրականացնել իր ստանձնած պարտաւորութիւնները, դիմում է այլեւ-այլ միջոցների, սակայն, հանդիպելով Սուրբ Գրոց հրատարակութիւնների առիթով վերը նշուած անյաղթահարելի դիմադրութեանը13, նորից մեկնում է Լիվոռնո:
1665 թուականի փետրուարի 20-ին Ոսկան Երեւանցին Լիվոռնոյում ջուղայեցի վաճառականներ Ստեփաննոս Խանենցի, Թէոդորոս Քթռշեցու եւ Պետրոս Ջուղայեցու հետ կնքում է պայմանագիր, որով յիշեալ վաճառականները յանձն են առնում կատարել «Աստուածաշնչի» տպագրութեան համար պահանջուող ծախսերը: Ձեռք բերելով ակնկալուած գումարի մի մասը` Ոսկան Երեւանցին շտապով մեկնում է Ամստերդամ: Կարապետ Անդրիանացու հետ իրականացնելով «Շարակնոց» կոչուող գրքի տպագրութիւնը, ինչպէս նաեւ հրատարակելով մի քանի այլ գրքեր, Ոսկան Երեւանցին սկսում է զուգահեռաբար լրջօրէն զբաղուել «Աստուածաշնչի» տպագրութեան նախապատրաստական աշխատանքներով: Չբաւարարուելով նախկինում իր կատարած աշխատանքներով «Աստուածաշունչը» շարուածքի տալուց առաջ Ոսկան Երեւանցին իր ձեռքի տակ եղած ձեռագիրը համեմատում է Վուլգատայի լատիներէն բնագրի հետ եւ գտնում է այն ոչ լիակատար, «այլ ծաղկաքաղ եւ համառօտ, ուստի թարգմանում է «…զբանս Յեսուայ որդւոյ Սիրաքայ», «զչորրորդ գիրս Եզրասայ» եւ այլ հատուածներ: Թարգմանում է նաեւ լատինական «Աստուածաշնչի» ցանկը, որպէսզի «…ընթերցօղն դիւրաւ գտանէ ի մէջ գրոց զխնդրելին իւրս»14: Բաժանելով գլուխները ենթավերնագրերից, կազմում է նաեւ այբենական ցանկ, լուսանցքային ծանուցումներ (համաբարբառը) եւ այլն15:
1666 թուականի մարտի 11-ին Ամստերդամում «Աստուածաշնչի» ձեռագիրը յանձնւում է տպարան շարուածքը իրականացնելու համար: Փորձանմուշների վրայ Ոսկան Երեւանցու գործադրած յամառ ու տքնաջան աշխատանքից յետոյ, վերջապէս 1668 թուականի հոկտեմբերի 13-ին Ամստերդամում աւարտւում է հայ հոգեւորականութեան միտքը գրեթէ մէկ դար զբաղեցնող «Աստուածաշունչ» մատեանի տպագրութիւնը16:
«Աստուածաշունչը», ըստ մեր ունեցած դիտարկումների, ունեցել է մինչ այդ նախադէպը չունեցող տպաքանակ եւ լայնօրէն տարածուել է ինչպէս Հայաստան աշխարհում, այնպէս էլ այլուր` կաթողիկէ դաւանանքին յարող հայութեան մէջ:
Այս առիթով անհրաժեշտ ենք համարում ուշադրութեան ներկայացնել մի իրողութիւն: Ոսկան Երեւանցին «Աստուածաշնչի» «Նոր կտակարան» կոչուող բաժնի տպագրութիւնը իրականացրել է երկու տարբերակով: Հայաստան ուղարկուող գրքերը ունեցել են 808 էջ ծաւալ, իսկ կաթողիկէ դաւանանքին յարող հայութեան մէջ վաճառքի հանուած օրինակները ունեցել են 26 էջի յաւելում17: Ընդ որում, այս տարբերակում Ոսկանը աւելացրել է «Աղօթք Մանասէ արքայի Յուդայի» եւ «Գիրք Եզրասայ չորրորդ» գլուխները, որոնք «Եօթանասնից» թարգմանութեան մէջ, ուստի նաեւ Հայաստան ուղարկուող տարբերակում համարուել են պարականոն:
***
«Աստուածաշնչի» տպագրութեան սկզբնաւորման պատմութեամբ ծայր առաւ եւ լոյսընծայման դրուագի փաստարկումով աւարտուեց մեր խօսքը, սակայն այդ ամենի պարզաբանումով ոչ թէ աւարտւում, այլ սկիզբ է առնում այդ բացառիկ մարդու վաստակաշատ գործունէութեան աշխատանքային տառապանքը, որի մասին պէտք է, որ ամենից շատ խօսուէր այս պարագայում:
Դժուարին մաքառումներով լի է եղել Ոսկան վարդապետ Երեւանցու անձնական ու մշակութային կեանքը: Նոր Ջուղա, Երեւան, Էջմիածին, Լեհաստան, Պոլիս, Շամախի, Հոլանդիա, Ֆրանսիա` ահա այն երկրների ոչ լրիւ ցանկը, որտեղ սովորել, գործել ու մաքառել է հայ տպագրութեան բազմաչարչար երախտաւորը:
Ոսկան Երեւանցին շատ է տարբերւում իր աւագ ու կրտսեր ժամանակակիցներից… Որքան ծանր, նոյնքան էլ արգասաւոր է եղել նրա գործունէութիւնը այդ երկրներում: Նա գիտակցուած հաւատով է նուիրուել աստանդական կեանքին ու նուիրումով էլ կնքել է իր հայրենաբաղձ մահկանացուն:
Հայրենիքի համար հայրենակարօտ է մնացել Ոսկան Երեւանցին… Բայց ի վերջոյ նուաճել է այն փառաւոր տեղը, որ վերապահուած էր նրան` գրաւելու մեր հոգեւոր կեանքի 1700-ամեայ պատմութեան նշանաւոր գործիչների փաղանգում:
Երեք դար է անցել նրա գործունէութեան ժամանակներից, սակայն մոռացութեան երկար ու ձիգ տարիները ոչ միայն չեն մարել, այլ աւելի պայծառ ու համբաւաւոր է դարձել նրա հոգեւոր-մշակութային անունը:
Այսօր մեր հոգեւոր կեանքի 1700-ամեայ պատմութեան հոլովոյթում որքան բանական է դառնում մեր գնահատման պատմական կողմը, այնքան աւելի նշանակալից է դառնում եւ մեծ կշիռ է ձեռք բերում Ոսկան վարդապետ Երեւանցու հոգեւոր-մշակութային կեանքի գործունէութեանը նուիրուած գովասանքի խօսքը:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1 Առաքել Դաւրիժեցի. Գիրք պատմութեանց, աշխատասիրութեամբ Լ. Ա. Խանլարեանի, Ե., 1990, էջ 242:
2 Գալեմքեարեան Հ. Գ. Աստուածաշնչի տպագրութեան ջանքերը Ոսկանէն առաջ,- «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1914, էջ 7-18:
3 Ամատունի Կ. Ոսկան վարդ. Երեւանցի եւ իր ժամանակը, Վենետիկ, 1975, էջ 18:
4 Նոյն տեղում, էջ 18:
5 Հայ գիրքը 1512-1800 թուականներին, Ե., 1988, էջ 29:
6 «Աստուածաշնչի» տպագրութեան խափանման գործում չպէտք է անտեսել ֆրանսիացի ճանապարհորդ Տաւերնիէի հաղորդած տեղեկութիւնները: Յովհաննէս Ջուղայեցու «…հայերէն գրա-տպութիւնը,- գրում է վերջինս,- բուռն յուզմունք էր առաջացրել իր դէմ, որքանով սպառնում էր զրկել հայոց բազմաթիւ այն մարդկանց, որոնց ապրուստի աղբիւրը գրչութեան արուեստն էր»: Տես Աշոտ Յովհաննիսեան, «Դրուագներ հայ ազատագրական մտքի պատմութեան», Ե., 1959, գիրք երկրորդ, էջ 167: Մեր խորին համոզմամբ, տպարանի խափանման գործում չպէտք է անտեսել «Աստուածաշունչ» մատեանը ձեռագրով բազմացնող բողոքական գրիչների մասնակցութեան հաւանութիւնը: Իբրեւ լրացուցիչ փաստարկ պէտք է աւելացնենք, որ ըստ հաւաստի աղբիւրների` այդ շրջանում ձեռագրով արտագրուած «Աստուածաշունչը» արժեցել է հազար ծեքի: Տես Ճեմճեմեան Հ. Սահակ «Հայ տպագրութիւնը եւ Հռոմը», Վենետիկ, 1989, էջ 25: Անհաւանական չէ, որ «Աստուածաշնչի» տպագրութեան խափանման առիթով տպարանի փակման գործում դեր կատարած լինեն նաեւ Հռոմի Հաւատի տարածման ժողովի գործակալները:
7 Մատթէոս Ծարեցին 1658 թուականի նոյեմբերի 27-ի պայմանագրով Քրիստոֆիլ վան Դեյկին պատուիրում է «Գ ազգ (երեք տեսակ-չափի) գիր բոլոր յոյժ կատարեալ քանակութեամբ եւ որակութեամբ զանազանեալ, յորոց մինն եւ իբրեւ միջին կերպ է (14-կէտաչափի, որը եւորական տառադարձութեամբ յայտնի է միտել անունով) այս զոր տեսանեք առաջիկայդ, զոր յաղագս տեսութեան եւ փորձառութեան տպեցաք «Յիսուս Որդի»: Տե'ս «Հայ գիրքը 1512-1800 թուականներին, Ե., 1988, էջ 36:
8 Տե'ս, Առաքել Սարուխան, «Հոլանդիան եւ հայերը», Վիեննա, 1926, էջ 85:
9 Պէտք է դիտարկենք, որ Յակոբ Ջուղայեցու կողմից Մատթէոս Ծարեցուն տուած յանձնարարականներում, մեզ հասած գրառումների մէջ, «Աստուածաշնչի» տպագրութեան մասին որոշակի հաւաստիացումներ չկան:
10 Թէեւ այդ մասին գրաւոր հաւաստիացումներ չկան, սակայն, մեր խորին համոզմամբ, Ղլիճենց Աւետիսի յայտնուելը Ամստերդամում չպէտք է վերագրել պատահականութեան: Հաւանականը այն է, որ նա Ամստերդամ էր եկել իր եղբօր Ոսկան Երեւանցու յանձնարարութեամբ եւ Ծարեցու գործերին միջամտում էր նրա ցուցումներով:
11 Այս ժողովի մասին մեզ չյաջողուեց հայկական աղբիւրներում յայտնաբերել որեւէ տեղեկութիւն: Ինչպես յայտնի է, Առաքել Դաւրիժեցին իր աշխատութեան մէջ դէպքերի պարբերականութեան շարադրանքը ընդհատում է 1662 թուականի յուլիսի 4-ին: Տե'ս Առաքել Դաւրիժեցի, «Գիրք պատմութեան», Ե., 1990, էջ 345: Տրամաբանական է, որ այստեղ չէր կարող անդրադարձ լինել աւելի ուշ` օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցած ժողովի մասին: Դրան հակառակ` այդ մասին հպանցիկ տեղեկութիւններ են պահպանուել օտար աղբիւրներում: Տե'ս «Բազմավէպ», Վենետիկ, 1891, N 6, էջ 162: Տես, նաեւ «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1966, N 7-9, էջ 343-347:
12 Տակաւին փաստարկուած չէ, սակայն, մենք համոզուած ենք, որ Ոսկան Երեւանցին Հեթումի «Աստուածաշնչի» հետ Ամստերդամ է տարել նաեւ Ղազար (Վալաքեցու) Բաբերդացու Վուլգատայի հիման վրայ խմբագրած «Աստուածաշնչի» ձեռագիրը: Այդ երկու ձեռագրերը այժմ գտնւում են Երեւանի Մաշտոցի անուան մատենադարանի ձեռագրատանը եւ հանգրուանում են 180 եւ 201 համարների տակ:
13 Պէտք է ենթադրել, որ Ոսկան Երեւանցին Եւրոպա էր մեկնել դատարկ գրպանով (Էջմիածնում վիճակը այդպիսին էր): Նա յոյս ունէր կաթողիկոսի տուած գրութեան հիման վրա Լիւոռնոյում ստանալ որոշ աջակցութիւն: Սակայն, ինչպէս վերը ասացինք, այդ յոյսերը չեն արդարացւում եւ Ոսկան Երեւանցին ստիպուած է լինում մեկնել Հռոմ: Այստեղ նա դիմում է այլեւայլ միջոցների: Հանգամանքների թելադրանքով աղերսագիր է ուղարկում Հաւատի տարածման ժողովին, ապա նաեւ` Հռոմի պապին: Դիմում է նաեւ դիւանագիտական այլեւայլ քայլերի. թէեւ ստանում է մասնակի օժանդակութիւն ու խոստումներ, այսուհանդերձ դրանք չեն կարողանում արմատական լուծում տալ նրա նպատակադրումների իրականացմանը, ուստի, երբ տեղեկութիւններ է ստանում Լիվոռնո վաճառականների բարեացակամութեան մասին, առանց վարանելու լքում է Հռոմը եւ մեկնում է Լիվոռնո:
14 Տե'ս «Աստուածաշունչ», Ամստերդամ, 1668, էջ 831-833:
15 Մենք նպատակ չենք ունեցել անդրադառնալու Ոսկան Երեւանցու կողմից «Աստուածաշնչի» բնագրում կատարած թարգմանական ու խմբագրական աշխատանքներին, առաւելապէս այն դէպքում, երբ այդ մասին հրապարակում կան հանգամանալից ու մանրազնին ուսումնասիրութիւններ: Տե'ս Գարեգին եպիսկոպոս, Ոսկանի Աստուածաշունչը. ակնարկ բնագրի վրայ, «Հասկ», Անթիլիաս, 1966, N 3-5, էջ 135-152: Անասեան Յ. Ս. «Աստուածաշունչ» մատեանի հայկական բնագիրը, «Էջմիածին», 1966, N 11-12, էջ 71-97: Սուրէն Քոլանջեան, Հեթում Բ-ի ձեռագիր «Աստուածաշունչը» եւ Ոսկանի հրատարակութիւնը, նույն տեղում, էջ 98-129:
16 Մեր պատմաբաններն ու բանասէրները եւ առհասարակ բոլոր անդրադարձողները թիւրիմացաբար «Աստուածաշնչի» լոյսընծայման ժամանակացոյցը կապում են 1666 թուականի հետ, այն դէպքում, երբ, այդ գրքի լոյսընծայումը իրականացուել է դրանից երկու տարի եօթ ամիս յետոյ` 1668 թուականի հոկտեմբերի 13-ին: Այդ մասին Ոսկան Երեւանցին փաստական գրառում է թողել գրքի Յիշատակարանում, որից մէջ ենք բերում մի հատուած բառացիօրէն. «…Գրովք զսկիզբն արարաք ներ թուոջն որպէս գրեալ է ի սկզբան (նկատի ունի գրքի անուանաթերթի գրառումը) եւ յաւարտ սորին ժամանեցաք… (ընդգծումը մերն է - Խ. Ս.),- գրում է Ոսկանը շարունակութեան մէջ,- ներ թուոջն Քրիստոսի հազարորդի վեցհարիւորդի վատսներորդի ութերորդի. յամսեանն հոկտեմբերի, որոյ էին աւուրք երեք տասաներորդ» (Տե'ս «Հայ գիրքը 1512-1800 թուականներին», Ե., 1988, էջ 50ա): Այս հաւաստիացումը փաստարկում է, որ աւարտը` ուստի լոյսընծայումը տեղի է ունեցել 1668 թուականի հոկտեմբերի 13-ին: Այս պարագայում ունենք ետին թուով մի ասելիք. թերեւս ճիշտ կլինէր, որ «Աստուածաշնչի» տպագրութեան 300-ամեակին նուիրուած համազգային տօնակատարութիւնը կատարուէր ոչ թէ 1966, այլ 1968 թուականին:
Նյութը՝Հայ մատենագրութեան թուանշային գրադարան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...