ԿՈՄՍ ԼՈՐԻՍ-ՄԵԼԻՔՈՎ
Ցարական կայսրության հայազգի «սրտի դիկտատորը»
Լոռու ազնվականներից սերած Միքայել Տարիելի Լորիս-Մելիքովը ծնվել է 1825 թ., Թիֆլիսում:
Լորիս-Մելիքովների տոհմը հայտնի դարձավ XVI դարից, երբ նրանց նախահայր մելիք Նազարը իր ծառայությունների դիմաց պարսից շահ Աբասից նվեր ստացավ Լոռի բերդաքաղաքն իր շրջակայքով: Հետագայում Լորիս-Մելիքովների նախահայր Նազարը ծառայության անցավ վրաց թագավոր Լուարսաբի մոտ: Տոհմն ի սկզբանե կոչվել է Քալանթարյան, և միայն Շահ Աբասի ժամանակ, Լոռուն տիրելով, մի ճյուղը վերցրել է Լոռու մելիք անվանումը, որ վրացերենում ստացավ Լորիս-Մելիքով հնչողությունը: Իսկ տոհմի մյուս մասը պահպանեց Քալանթարյան ազգանունը` իր նստավայր ընտրելով Լոռու Արդվի գյուղը:
Հետագայում Լորիս-Մելիքովները հաստատվեցին Թիֆլիսում, որտեղ բավական հաջող առևտուր ուներ Միքայելի հայրը` Տարիելը: Նա ուսում առած ու կրթությունը պաշտող այր էր ու վճռական էր նաև իր որդիների ուսման հարցում: Տարիել Լորիս-Մելիքովը առևտրական ներկայացուցչություն ուներ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում և Եվրոպայից արդյունաբերական ապրանքներ էր ներկրում Թիֆլիս և Ռուսաստան: Հենց նրա նախաձեռնությամբ էլ Միքայելը 1837 թ. ընդունվեց Մոսկվայի Լազարյան ճեմարան:
Այստեղ ուսանելու տարիներին ի հայտ եկան ապագա իշխանավորի ձիրքերը` աշխատասիրություն, ձգտում, կամք և անհանգիստ ու ըմբոստ բնավորություն, որի պատճառով էլ հեռացվեց ճեմարանից (նա սոսնձել էր իր չսիրած ուսուցիչներից մեկի աթոռը), չնայած գերազանց առաջադիմություն էր ցուցաբերում: Նա կատարելապես տիրապետում էր հայերենին, վրացերենին, ռուսերենին, թուրքերենին, գերմաներենին, ֆրանսերենին: Առհասարակ նա արվեստների և ամենայն գեղեցիկի սիրահար էր: Հատուկ սեր ուներ պոեզիայի նկատմամբ, և ուսանողության տարիներին նրա անբաժան ուղեկիցն ու ընկերն էր արդեն իսկ հայտնի բանաստեղծ Ն.Ա.Նեկրասովը:
Դա ստիպեց Լորիս-Մելիքովին շարունակել ուսումը զինվորական ուսումնարանում, և շուտով նա ծառայության է անցնում Հուսարական գնդում ու 1847 թ. տեղափոխվում Կովկաս` դառնալով Շամիլի դեմ կռվող Կովկասյան հատուկ կորպուսի հրամանատար կոմս Մ.Ս.Վորոնցովի համհարզը: Դաղստանում էլ նա առաջին անգամ աչքի ընկավ որպես հմուտ զորավար ու ապագա հրամանատար: Կոմս Մ.Վորոնցովը հետագայում նրան բնորոշեց որպես «արժանավոր ու շատ խելացի սպա…»:
Այստեղ նա ծանոթանում և բարեկամանում է հայազգի զորավարներ Մ.Արղությանի և Բ.Բեհբութովի հետ: Հետագայում նա փեսայացավ Լոռվա մյուս նշանավոր իշխանական տոհմին` Արղությաններին: 1853 թ.` Ղրիմի պատերազմից առաջ, Լորիս-Մելիքովը գնդապետի կոչում ստացավ: Սկսված պատերազմում Լորիս-Մելիքովը գլխավորում է հայ աշխարհազորային հեծելազորը և պաշտպանում Ալեքսանդրապոլի մատույցները: Իսկ Քյութուկ-դարայի ճակատամարտում նա ուղղակի ջախջախում է թուրքական մեծաքանակ զորքը:
Պատերազմի ավարտից հետո Լորիս-Մելիքովը նշանակվում է Դաղստանի կառավարիչ և Դերբենդի քաղաքապետ: Այս պաշտոնում նա կառուցեց Ռոստով-Վլադիկավկազ երկաթգիծը և կազմակերպեց չեչենների ու չերքեզների արտաքսումը Թուրքիա: 1863 թ. նշանակվեց Տվերի նահանգապետ: Այս տարիներին ի հայտ եկավ Լորիս-Մելիքովի սերը ձիաբուծության և ձիարշավի նկատմամբ: Նա ամենուր ձիաբուծարաններ էր կառուցում և ձիարշավներ էր անցկացնում: Նա նաև աչքի ընկավ որպես հմուտ վարչարար և բարեգործ. մարդահամար անցկացրեց, վարչական բարեփոխումներ կատարեց, հիվանդանոցներ և բնակչության կարիքներն ապահովող հաստատություններ հիմնեց:
Լորիս-Մելիքովը ամենուր հասարակության սիրելին էր: Կազակները նրան կարգեցին կազակային զորքի ատաման:
Նոր սկսված 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Լորիս-Մելիքովը նշանակվում է Կովկասում գործող հատուկ կորպուսի հրամանատար ու այստեղ ևս աչքի ընկնում իր զինվորական և վարչական կարողություններով:
Արդահանի գրավումից հետո Զևինի մոտ նրա գլխավորած բանակի վրա հարձակվեց թուրք զորավար Մուխթար փաշան, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և ապա պաշարեց Էրզրումը։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գեորգիի շքանշան։ Հայրենի Լոռիում ժողովուրդը նրան երգ ձոնեց.
-Ես Մելիքն եմ լոռեցի,
Մուխտար փաշին զոռեցի,
Մուխտարի գլխի ֆասը,
Մելիքի ծոցի թասը:
Մուխտարը գլուխը քորեց,
Մելիքի ղոշունը քաշեց,
Մելիքի դոշի խաչը,
Մուխտարի ղաչաղաչը:
Մելիքի ձեռաց թուրը,
Մուխտարի թուքումուրը,
Հարվա քամին փչեր է,
Մելիքն աստված կանչել է:
Ղարսա ջուրը սառել էր,
Մելիքը Ղարսն առել էր,
Մուխտարն աղվես դառել էր,
Ձիու էգյան առել էր:
Ես Մելիքն եմ լոռեցի,
Մուխտարն է իմ թշնամի,
Մելիքի ձեռաց թուրը,
Մուխտարի թուքումուրը:
Ես Մելիքն եմ հայ տղա,
Մուխտարը հետ կխաղա,
Մելիքի ձիու հալը,
Մուխտարի փիս ահվալը:
Մելիքը ուռա քաշեց,
Մուխտարի սիրտը մաշեց,
Ալաջա սարի դոշեն,
Մուխտարը քաշվեց քոշեն:
Խաբարը բերեց բոշեն,
Տվել էր պարկի լոշեն,
Արազի հուն սառել էր,
Մուխտարն աղվես դառել էր:
Փախավ սառցի վրիցը,
Թռավ վարար ջրիցը,
Ղարսա բերդը ամուր էր,
Մելիքի սիրտը դամուր էր:
Մելիքի ձեռաց շվին,
Մուխտարը փախավ զվին…
1879 թ. Լորիս-Մելիքովը նշանակվում է Աստրախանի, Սարատովի, Սամարայի նահանգների գեներալ-նահանգապետ: Այստեղ նրան մեծ փորձություն էր սպասում` մոլեգնող ժանտախտը: Լորիս-Մելիքովը պայքար սկսեց համաճարակի դեմ, և երկու ամիս անց ժանտախտը նահանջեց: Կոմսն օգտագործեց արքունիքի կողմից հատկացված միջոցների 10 տոկոսը և մնացածը վերադարձրեց գանձարան:
Սրանով, փաստորեն, ավարտվում է Լորիս-Մելիքովի զինվորական փայլուն կարերիան, և նա այնուհետև միայն պետական ու վարչական բարձրագույն պաշտոններ է վարում: Իսկ ողջ ծառայության ընթացքում մեծ հայորդին 180 ճակատամարտի է մասնակցել:
Շուտով նրան նոր նշանակում էր սպասում` Խարկովի գեներալ-նահանգապետ և տեղի զորքերի հրամանատար: Մինչ նրա նշանակումը լարված մթնոլորտ էր տիրում Խարկովում, հեղափոխական շարժումներն իրենց գագաթնակետին էին հասել այն աստիճան, որ սպանվել էր նախկին նահանգապետներից մեկը: Լորիս-Մելիքովը չշտապեց բռնություն գործադրել, այլ ուսումնասիրեց իրավիճակը և խաղաղ պայմաններում հասավ խռովության ճնշման: Այդ մասին ընդարձակ հոդված տպվեց նաև բրիտանական «Թայմս» թերթում: Թղթակիցը դրվատում էր կոմսին` գրելով նրա աննախադեպ հաջող վարչարարության մասին:
Սակայն Ռուսաստանում ներքին իրավիճակը մնում է ծայրահեղ սրված. ստեղծված իրավիճակը շտկելու և նարոդնիկների հուզումներին վերջ դնելու համար Ալեքսանդր Երկրորդ կայսրը ստեղծում է Գերագույն կարգադրիչ հանձնաժողով` արտակարգ իրավունքներով, և նախագահ նշանակում կոմս Լորիս-Մելիքովին: Նման արտակարգ լիազորություններ Ռուսաստանում երբևէ ոչ ոք չէր ունեցել: Լորիս-Մելիքովի դիրքի հետ կարող էր համեմատվել, թերևս, Եկատերինա Երկրորդի ֆավորիտ Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի ազդեցիկ դիրքը Ռուսական կայսրությունում:
Այդ մասին կոմսը հետագայում ասել է իր մտերիմ ընկերոջը` իրավաբան, գրականագետ Ա. Կոնին. «Հազիվ էի հասցրել շուրջս նայել, խորհել, սովորել, երբ հանկարծ շրը՛խկ, գնա կառավարելու արդեն ամբողջ պետությունը: Ես սեփական հայեցողությամբ բարձրագույն հրամանատարներ արձակելու լիազորություն ունեի: Ոչ մի ժամիշխան` ո՜չ Մենշիկովը, ո՜չ Արակչեևը, երբեք նման համընդգրկուն իշխանություն չեն ունեցել»:
Շուտով նա զբաղեցրեց նաև Ռուսաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Այս ժամանակ էր, որ նարոդնիկները Լորիս-Մելիքովի վրա մահափորձ իրականացրին, բայց արձակած գնդակը չվնասեց կոմսին:
Մահափորձը դույզն-ինչ չկասեցրեց Լորիս-Մելիքովի եռանդը, և նա ձեռնամուխ եղավ բարեփոխումների: Նա առաջին քայլով ասպարեզից հեռացրեց ժողովրդի ատելությանն արժանացած առանձին գործիչների, որոշ վարչական բարեփոխումներ իրականացրեց, և այդ ամենը նրա համար մեծ հարգանք ու ժողովրդավարություն ապահովեցին: Նա ավելի եռանդուն շարունակեց իր բարեփոխումները, որոնք չլսված ու չտեսնված էին ոչ միայն Ռուսաստանում. նա որոշ ազատություն շնորհեց մամուլին, շատ ծանր հարկեր չեղյալ հայտարարեց, բարեփոխեց դատական համակարգը: Մի խոսքով, երկրում արմատական փոփոխություններ մտցրեց, որոնց նախաձեռնողն ու անմիջական պատասխանատուն ինքն էր:
Նա կատարեց ավելին, քան կարող էր ենթադրել ժամանակի ամենահամարձակ միտքն անգամ: Լոռիս-Մելիքովի դրդմամբ Ալեքսանդր Երկրորդ կայսրը ստորագրեց սահմանադրության ընդունման մանիֆեստը, սակայն մի քանի օրից` 1881 թ. մարտի 1-ին, Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ դավադրության զոհ դարձավ: Ռուսաստանը «բարեփոխել» ցանկացողները նրան մի քանի տասնամյակով հետ նետեցին:
Նոր կայսրը` Ալեքսանդր Երրորդը, համարձակություն չունեցավ շարունակելու իր նախորդի առաջադեմ քաղաքականությունը, և կոմս Լորիս-Մելիքովը հրաժարական տվեց: Ավելին, կայսր Ալեքսանդր Երրորդն այսպես արտահայտվեց Լորիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների ծրագրի մասին. «Փառք Աստծո, այդ հանցավոր ու հապճեպ քայլը` սահմանադրության հետ կապված, չկատարվեց, և այդ ամբողջ ֆանտաստիկ նախագիծը մերժվեց նախարարների խորհրդում միանգամայն աննշան փոքրամասնության կողմից»:
Առանց այն էլ Լորիս-Մելիքովն իր վարչական մեթոդներով շատ էր առաջ բերել Ռուսաստանի հետադիմական շրջանների դժգոհությունը: Նրա հակառակորդները Լորիս-Մելիքովի «կառավարման» շրջանն անվանեցին «սրտի դիկտատուրա», իսկ իրեն` կոմսին, թավշյա դիկտատոր:
«Լորիս-Մելիքովյան սահմանադրությունը» թաղվեց` դեռ խանձարուրից դուրս չեկած:
Դա ծանր անդրադարձավ մեծ բարեփոխիչի հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Կոմսը հեռացավ Ռուսաստանից և մի քանի տարի անց` 1888 թվականի դեկտեմբերի 22-ին, մահկանացուն կնքեց Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:
Ընկերները նրա մարմինը բերեցին ու ամփոփեցին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...