Ռուբեն Սևակի նամակը կնոջը (1912):
Ruben Sevak with his wife Yanni.
«Սիրելի Յաննի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ գարուն է ու գեղեցիկ երկինք, երեկոյան` հազարավոր աստղեր, և ամենուրեք օդի մեջ սեր կա, իսկ եթե դրա մասին երկար չեմ գրում, իմացիր միայն, որ շատ հաճախ ու շատ երկար եմ քո մասին մտածում, մեծ քնքշությամբ, նաև՝ մեծ անհամբերությամբ: Ա՜խ, ես սիրում եմ քեզ, իմ գանձ, կուզենայի քեզ միայն սիրել ու սիրել, կուզենայի քեզ ունենալ և ունենալ…»
***
Սիրում եմ քեզ իմ գանձ». Ռուբեն Սևակի նամակը կնոջը` Յանի Սևակին
Իմ սիրելի Յան Շնորհակալություն եմ հայտնում նամակի համար, բայց իրոք ինձ վիշտ պատճառեցիր քո անքնությամբ և անհանգիստ գիշերներով: Նոր ես մեկնել արձակուրդի` հանգստանալու և երիտասարդանալու համար: Քո կողմից մեծ երեխայություն է ձանձրանալու մասին մտածելը: Այնինչ չեմ կարող հավատալ, որ իրոք վատ ես զգում և նիհարում ես: Երեկ երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երեկ երեկոյան երազ տեսա (ես, որ երբեք չեմ երազում), ամբողջապես գեղեցկացել էիր, նրբացել, վարդագույն սիրուն այտեր ունեիր, ինչպես առաջ, գիշերօթիկում, հիշո՞ւմ ես … Կիրակի օրը, երեկոյան թատրոնում էի, յարուսում: Երկու բեմադրություն էին ներկայացնում. Բերնշտեյնի «Ռաֆալ»-ը և Շատրիանի «Աննա Ֆրից»-ը: Անչափ հիացած էի առաջինով, դա մի գլուխգործոց է, ինչպես նաև Բերնշտեյնի բոլոր բեմադրությունները: Ռեմին հրաշալի էր խաղում, բայց մի բան ինձ շատ վշտացրեց, նա իր կնոջ` Ջիլդայի հետ չէր խաղում (ինչպես առաջ, սիրո դերերում): Այնուհետև, հայկական երեկոյից հետո, այդ խեղճ Ջիլդան այլևս ծրագրում չերևաց: Եվ հետո, ամուսինը (կարծում եմ, գռեհիկի մեկն է) սիրո ընտիր տեսարաններ է սարքում դ՚ Ասիլվայի հետ (որը ամբողջապես գրավել է նրան շնորհիվ իր գեղեցիկ արդուզարդի): Ի՞նչ մտածի իսկական կինը: Զզվելի կյանք … Վաղը երեկոյան դարձյալ կգնամ թատրոն դիտելու Օկտավ Միրբոյի «Գործերը գործ են» ներկայացումը: Դարձյալ Ռեմին դ՚ Ասիլվայի հետ … Մամաս իր ջերմ բարևներն է ուղարկում և խնդրում է իր կողմից համբուրել քեզ … Բարի է. փոքրիկ մամա՜ն: Բայց եթե հնարավոր լիներ, շատ կուզենայի իմ կողմից մի անգամ համբուրել քեզ … Շաբաթ օրվանից մի սարսափելի վճիռ եմ կայացրել. կասեի նույնիկս` հերոսական … Չորս օր է ոչ մի գլանակ չեմ ծխել … Ներփակ կգտնես Տամատի բացիկը, որով շնորհակալություն է հայտնում մեր լուսանկարի համար (բալկոնից): Դեռ ավելին, նա հայերեն լեզվով մի երկար նամակ է գրել ասելու համար, որ եթե ուզում ենք Լոզանում մնալ, ցանկանում են վերադառնալ … Խե՜ղճ ծերուկ, համենայնդեպս տխրալի է … Լևոնի 24- ամյա մեծ եղբայրը (որդեգիր եղբայրը) 24 ժամվա ընթացքում մահացել է: Գրիր Լևոնին իսկույն (նաև ծնողներին և քրոջը) մի բացիկ կամ ցավակցական նամակ: Լ. Ազնավուրյանը, Մեդան, Ալեքսանդրիա, Եգիպտոս: Բացի սրանից ուղարկում եմ նաև մի բացիկ, որ հասել է քեզ քո մեկնելու նախորդ օրը: Ներիր ծուլությանս համար: Կա նաև կնքված գերմաներեն մի նամակ (հարսանեկան կամ ընտանեկան կամ ինչ-որ նման բան) չգիտեմ ումից և որը վաղուց բացել եմ: Այնուհետև ուղարկում եմ մեր փոքրիկ ապարատով նկարված լուսանկարների մի քանի նմուշ: Հույսով եմ, որ … զարմանալու ես … Գալով իմ ուտելուն, մսեղենի այս ողջ ռեժիմը շատ վատ անդրադարձավ ինձ վրա: Հիմա վերադարձել եմ իմ սիրելի պանրին: Երեկոյան միայն հաց ու կաթնամթերք եմ ուտում: Կարծում էի, որ հազար ու մի բան էլ կունենայի քեզ ասելու, բայց հենց նոր ստացած նամակը, որտեղ այնքան անհամբեր ես երևում, շտապեցնում է ինձ դեպի կայարանի դուռը … Սիրելի Յանի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ գարուն է, գեղեցիկ երկինք կա, երեկոյան` հազարավոր աստղեր, օդի մեջ սեր կա, իսկ եթե դրա մասին երկար չեմ գրում, իմացիր միայն, որ շատ երկար եմ մտածում, շատ հաճախ, մեծ քնքշությամբ, ինչպես նաև մեծ անհամբերությամբ: Ա՜խ, սիրում եմ քեզ իմ գանձ, կուզենայի քեզ ունենալ, ունենալ, ունենալ, կուզենայի քեզ սիրել, սիրել …
Ռուբեն

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...