Դանիել Վարուժան



250px-VaruzhanԴանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ. ապրիլ 20-ին: 20-րդ դարի արևմտահայ անվանի բանաստեղծ է։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանությունն է։
Հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանն իր մանկությունն ու պատանեկությունը հետագայում հիշում է այսպես՝ «Ծնած եմ 1884թ.-ին Սեբաստիո մոտ՝ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկությունս՝ ուռենիներուն տխուր հովանիին տակ երազկոտ կամ գետեզերքներուն վրա բադերուն քարեր նետելով անառակորեն:
Դեռ հազիվ թիթեռներ որսալու հասակին մեջ, հայրս պանդխտած է Պոլիս, և մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երևակայությունս օրորած է ենիչերիներու և գայլերու պատմություններով… Գյուղի դպրոցը հազիվ սկսած եմ ժամագիրքը կարդալ սովրիլ, զիս տարած են Պոլիս 1896թ.-ի օրերուն, ուր հայրս, արյան սարսափին մեջ փնտրելե հուսահատ, գտած եմ բանտին մեջ՝ այն տխուր օրերուն ստորեն ամբաստանված:
Երկու տարի հաճախած եմ Սագըզ Աղաճիի Մխիթարյան դպրոցը, հետո Քաղկեդոնի վարժարանը, ուր երկար ատեն պատանեկությունս երազած է ընդմեջ Մոտայի ծովակին և Դուրյանի ոսկրներուն՝ Սկյուտար: Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով՝ Խավյար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր…»:
Քաղկեդոնի վարժարանի 6-րդ դասարանն ավարտելուց հետո պատանի Դանիելն ուսումը շարունակում է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: Այստեղ ապագա բանաստեղծը ծանոթանում է հայ հնագույն մշակույթին, համաշխարհային գրականության ու արվեստի կոթողներին: 1905թ. մեկնում է Բելգիա, ընդունվում է Գենտի համալսարանը, որն ավարտում է 1909թ.:
Վարուժանը հայրենիք է վերադառնում որպես ճանաչված ու սիրված բանաստեղծ: Մի քանի տարի Սեբաստիայի և Եվդոկիայի դպրոցներում ուսուցչություն անելուց հետո՝ 1912թ.-ին, Վարուժանը  հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ զբաղեցնելու տեսչի պաշտոնը: Միաժամանակ եռանդով մասնակցում է աշխուժացած գրական կյանքին:
Բայց երիտասարդ բանաստեղծին վիճակված չէր մինչև վերջ իրագործել իր կրթական և ստեղծագործական ծրագրերը. երեսունմեկ տարին բոլորած բանաստեղծը դառնում է 1915 թվականի (օգոստոս 26) Մեծ եղեռնի զոհ:
10356182_862429247111957_93128593156958011_nԼուսանկարում Դանիել Վարուժանի հայրն է` Գրիգոր Չպուգքարյանը, «կրթված և գրագետ մարդ մը», Թագուհին, «միջահասակ, շնորհալի և ժպտերես… ճերմակ մորթով, երկար մազերով… մի կին», և ինքը Դանիելը` աջ կողմում: Ո՞վ է ձախ կողմում կանգնած երեխան, դժվարանում եմ ասել, քանի որ Դանիելի կրտսեր եղբայրը` Վահանը ծնվել է բավականին ուշ` 1900 թվականին, իսկ այստեղ Դանիելը 5-6 տարեկան է` մոտավորապես 1890 թվականի լուսանկար է:
Այնուհետև հայրը մեկնելու Պոլիս, ուր երկար տարիներ կաշխատի «Խավյար խանին մեջ», իսկ մայրը Դանիելի հետ կմնա Բրգնիքում: 8-10 տարվա բաժանումից հետո Թագուհին Դանիելի հետ կմեկնի Պոլիս: «Կարոտից մղված թե որդուն ուսման տալու մտահոգությամբ` Գրիգո՞րն է Պոլիս կանչում կնոջն ու զավակին, թե՞ ջարդերի պատճառով ամուսնուց լուր չստացող, տագնապած կինն է մեկնում Պոլիս` հետը վերցրած որդուն, հայտնի չէ»:
Վազգեն Գաբրիելյան «Դանիել Վարուժան», Երևան, 2009, էջ 12-13

  1. Հին Սեր
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նստիլ շուքին ներքև ծիրանվույն`
Որուն քնքույշ ծաղիկներն են զարդարեր
Օր մը գլուխը հանվույն:
Անոնք սաստիկ կդողդոջեն, իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին` ցուպերն իրենց լոկ կմնան
Խոտին վրա` գրկված:
Չունին այլևս հրդեհումներն արյունին.
Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կծաղկին
Սերմերը` նման շուշանի:
Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
Կնվաղի` չթափանցած դեռ սրտին.
Եվ կմսի գաղջ ճառագայթն արևուն
Անոնց ծոցին մեջ ցրտին:
Եթե փորձեմ իսկ տարփանքի փորձ մ’անմեղ
Գարնան դրդիչ բուրումներեն սրարբած`
Կփշրի սիրտն, իբրև բաժակ մը բյուրեղ
Հանկարծ կրակին դեմ ճաթած:
Վարդերն անցա~ն, անցան բոցերն այտերե.
Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված,
Զոր հիշատակն իր շունչով իսկ կմարե
Վայրկյան մ’հազիվ արծարծած:
Ու հիմակ այս գարնանային իրիկունն,
Երբ կբուրեն կինամոնները բլրան,
Կիյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`
Հին աղոթքի մը նման:
Եվ կհիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
Մեռած գգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`
Եվ իրարու կժպտի~ն…
(Կնոջս ալպոմը)
2.Դարձ
Ես հեռավոր տնակ մ’ունիմ
Շինված լիճին ափն ամայի:
Դուռը բաց է. — հոն մտերիմ
Ճրագս է վառ ու կնայի:
Անկե մեռել մ’հանեցին դուրս. —
Աքսորեցին հոգիս անկե:
Այժմ շեմին վրա կատուս
Աղիողորմ կմլավե:
Օր մը նորեն դառնամ գուցե,
Մարա՜ծ գտնեմ ճրագս հավետ.
Դողդոջ ձեռքս դուռը գոցե,
Ու լամ լացող կատուիս հետ:
3.Հունձք կժողվեմ
Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-
Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:-
Ցորեն, կակաչ, կարոտով,
-Կաքավը կուլա-
Կապեցի մե´կ նարոտով:
-Ձեռքերն են հինա:-
Հասկերուն մեջ, վերևեն
-Ասուպը անցավ-
Աստղեր մյուռոն կծորեն:
-Դեմքս լուսացավ:-
Քանի խուրձեր շաղերով,
-Վարդենին թաց է-
Ես կապեցի խաղերով:
-Ծոցիկը բաց է:-
Արտս խոզանով մնաց
-Կերթա՛ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինած:
-Սի՛րտս է կրակը:-
Մանգաղս քարին եկավ.
Յարս յա՛ր ունի-
Քարեն լորիկը թռավ:
-Լե՛րդս կարյունի:
4. «Հարճը»
10991366_893552933999588_7691044383853410394_nԱհա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ`
Որուն ետև հարճն արթուն.– «Ինչո՞ւ չեկավ,– կը խորհի,–
Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի.
Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա
Բակին մեջ` մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա:
Ինչո՞ւ չեկավ, ո՛վ Երկինք»: Հորիզոնեն հեղակարծ
Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ
Նազենիկի խուցին մեջ. դալկացավ լույսը ճըրագին:
Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփյուն, ի՞նչ փոթորկում թանկագին…
Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն:
Պատուահանին ներքև՛ է Տրդատ ձիուն վրա արդեն:
Բերկրանքեն հա՛րճը խայտաց. զեղան աչքերը վըրդով
Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն` արևով,
Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մեջ արթուն,
Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ` մատերուն.
Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մ’էր նման`
Վարդերը դեռ հանդեսին մազերուն մեջ ցիրուցան,
Եվ լանջքը մերկ` որուն վրա թափված գինին խըրախին
Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բույրը չորս դին:
–«Ձեռքդ երկարե, ‘սավ Տրդատ»:– «Դու գիրկդ բաց, կը ցատկեմ»:
–«Գըլուխդ, ըզգո՜ւյշ, չըփշրես լանջապանիս զրահին դեմ»:
Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսերուն
Ասպետին մռայլ ծոցին մեջ նետեց ինքզինքը սարսռուն,
Եվ զայն հեղ մ’ալ ողողեց մազերովն իր դարալիր:
Դափրեց նըժույգն և ռունգերը փեռեկած լայնալիր`
Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ’հարվածով
Թաղվեցավ իր արշավին ամպրոպին մեջ փոշեծով:
Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն`
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորության`
Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական:
Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճվածին,
Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:
Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց`
Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած`
Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.
Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ
Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,
Երբ լիճին քով վիրավոր կ’իյնա եղնիկն ողբագին,
Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա`
Որոնց կողեն արյունն հորդ կրակի պես կը մըխա:
Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու`
Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու
Առյուծներու քաջության, և ո՛չ ոսկի հորթերուն
Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն:
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,
Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին:
1912 թվականին հրատարակվեց Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն: «Հարճը» պոեմն այդ ժողովածուի մասն է կազմում: Այս գեղեցիկ պոեմի հիմքում Տրդատ Բագրատունու և Նազենիկ պարուհու մասին պատմող զրույցն  է, որը տեղ է գտել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ:
Բագրատունյաց ցեղից Տրդատ անունով մի քաջ, անվեհեր մարդ կար. նա Սմբատ Բագրատունու թոռն էր, Սմբատուհա որդին, թեպետ հզոր ու սրտոտ, բայց կարճահասակ և տգեղ կերպարանքով։
Տիրան թագավորը իր դստերը՝ Երանյակին, ամուսնացնում է Տրդատի հետ և նրան դարձնում փեսա։ Բայց Երանյակը սկզբից իսկ չի սիրում ամուսնուն, արհամարհում է նրան, հոնքերը վրան կիտում, շարունակ դժգոհում ու վայ տալիս, որ իր նման չքնաղ ու ազնվազարմ կինը ստիպված է ապրել մի տգեղ և հասարակ ծագումով մարդու հետ։
Տրդատը, չկարողանալով տանել այս արհամարհանքը, մի օր էլ սաստիկ զայրանում է, չարաչար ծեծում Երանյակին, կտրում նրա շեկ մազերը, խոպոպիկները փետում և հրամայում է նրան քարշ տալով՝ սենյակից դուրս գցել։ Եսկ ինքը ապստամբում է թագավորի դեմ, գնում դեպի Մարաստանի ամուր և անմատչելի կողմերը։ Բայց դեռ նոր էր հասել Սյունիք, երբ այստեղ նրան է հասնում Տիրանի մահվան լուրը։ Տրդատն այլևս Մարաստան չի գնում, մնում է Սյունիքում։
Մի օր Սյունյաց Բակուր նահապետը Տրդատին ընթրիքի է հրավիրում իր ապարանքը։ Երբ ընթրիքն ավարտվում է և սկսվում է գինարբուքը՝ ուրախ խնջույքն ու գինեխումը, գուսանների և վարձակների երգով ու պարով, Տրդատը նկատում է մի վարձակի՝ չքնաղ գեղեցկությամբ մի կնոջ, անունը Նազենիկ։ Նազենիկը երգում էր ու նրբագեղ պարում։ Գինովցած Տրդատը զմայլված նայում է չքնաղ Նազենիկին, նրա սքանչելի պարին և ամբողջ էությամբ ցանկանում նրան։ Շուռ գալով դեպի Բակուրը, Տրդատը հրամայաբար պահանջում է.
— Այդ վարձակն ինձ տուր:
— Չեմ տա, — խանդոտ զայրույթով առարկում է Բակուրը, — նա իմ հարճն է, չեմ տա։
Տրդատը տեղից վեր է կենում, մոտենում Նազենիկին, բռնում նրան, քաշում բերում իր մոտ, նստեցնում ծնկներին և բոլոր սեղանակիցների առաջ սիրահար երիտասարդի անզուսպ կրքով ու կարոտով գգվում նրան, սեղմում կրծքին, կատաղորեն համբուրում։
Բակուրը խանդից կարկամած՝ տեղից վեր է կենում, որ Նազենիկին Տրդատի ձեռից խլի։
Տրդատն ընդոստ ոտքի է ելնում, սեղանից վերցնում կավե հսկա ծաղկամանը, նետում դեպի Բակուրը, հետ վանում նրան ու բոլոր սեղանակիցներին, հափշտակում չքնաղ Նազենիկին, դուրս գալիս ապարանքից, հասնում իր կացարանը, արագ ձի նստում, Նազենիկին առնում իր գավակը և սլանում դեպի Սպերք։
Նավասարդյան
Հանճա՛րդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն
Արևափառ,
Ա՛լ վերածնե փլատակներեն, և փառագոչ
Քնարդ ա՛ռ:
Հանո՜ւն Ույժին, հանո՜ւն Գեղին, մտիր մեհյանն
Աստվածներուն
Ջահը ձեռքիդ՝ բագնե բագին համասփռե
Հուր ու արյուն:
Եվ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակդ նուռ,
Հետո զոհվող քերտողներուն սրտին վրա
Լեցո՜ւր, լեցո՜ւր:
Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարեն կույս,
Մե՛նք, Զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալույս:
Գեղեցկության արձանին
Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նդ պեղված
Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հրեղեն
Միս մը կնոջ, լույսով, տենդով սրարբած:
Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե՛ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.
Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չըկրնա դպչիլ քեզ:
Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթվիլ՝
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:
Դանիել Վարուժան-հուշեր
«Մեզի հայերէն կ’աւանդեր Հ.Օհան Աւգերեան, որ միաժամանակ դպրոցին* ուսումնապետն էր: Այս փոքրահասակ վարդապետը դպրոցին ճակատագրին վրայ իր տխուր ազդեցութիւնը պիտի ունենար: Հ.Օհան որեւէ համակրութիւն չգտաւ աշակերտներու մօտ: Մասնաւոր ջանք մը կը դնէր Դանիէլի շարադրութիւնները քննադատելու:
Օր մը ըսի Դանիէլին, որ պատրաստէ երկու շարադրութիւն. Մին իրեն պահեց, միւսը տուաւ ուրիշ ընկերոջ մը: Հ.Օհան ըստ իր սովորութեան ծանր քննադատութեան ենթարկեց Վարուժանի գրութիւնը, սակայն գովասանքով խօսեցաւ Վարուժանի գրած եւ մեր ընկերոջ կողմէն ներկայացուած շարադրութեան մասին:
Այսպէս՝ դպրոցի աշակերտներու մեծ մասին կողմէ սկսաւ լուռ պայքար մը Հ.Օհանի դէմ:
Այն աստիճան գրգռուած էինք, որ այլեւս ամէն բան աչք առնելով պարզեցինք յեղափոխութեան դրօշը: Վարուժանը եւ ես պայքարին ղեկավարներն էինք:
Դասերը դադրեցան. Իտալացի դասատուները չէին գար դասաւանդելու: Հ.Օհան Աւգերեան իր սենեակէն դուրս չէր ելլեր: Տեսուչը՝ Հ.Ստեփան Սարեան հազիւ կ’երեւար, խմբովին կը սկսէինք երգել “Դաշնակցական խումբ, գնանք մենք Սասուն” եւ խեղճ Հ.Ստեփանը՝ յուսահատ՝ կը վերադառնար իր սենեակը:
Մեր պայքարը շարունակելու համար վանքին մէջ ունէինք մեր կողմնակիցները: Օր մը Հ.Ստեփան կանչեց զիս եւ պարզ կերպով ըսաւ, որ եթէ Վարուժան եւ ես ուզէինք, կրնայինք ամեն բան դադրեցնել:
-Շատ դիւրին է, վարդապետ, ըսի: Հեռացուցէք դպրոցէն Հ.Օհանը եւ բարելաւեցեք կերակուրները:
Նախ պոռաց, բարկացաւ եւ սպառնաց, սակայն տեսնելով մեր անվախ կեցուածքը, ըսաւ.
-Դերենիկ, ես անձամբ քննեցի խոհանոցը եւ շատ պակասութիւններ գտայ (իտալացի խոհարարը կաշառք կը ստանար խանութպաններէն, որոնք ամենէն վատթար ուտելիքները կը ղրկեին): Ամէն բան պիտի բարեկարգուի, բայց Հ.Օհանին համար հարկ է սպասել ամիս մը:
Եւ իրաւամբ ամիս մը ետք, Հ.Օհան վարժարանէն հեռացաւ, ուտելիքներն ալ լաւցան: Այսպէս վերջ դրուեցաւ մեր պայքարին եւ վերսկսանք մեր սովորոկան կենաքը: քանի մը ամիս Հ.Արսէն Ղազիկեան դասաւանդեց հայերէնը, յետոյ իր տեղը անցաւ Հայր Թադէոս:
Հ.Օհանի հեռացումէն վերջ, կարծես Վարուժանն ալ նոր ուժ առաւ եւ սկսաւ խանդով աշխատիլ…»
* Մուրադ-Ռաֆաելյան վարժարանի մասին է խոսքը, ուր Վարուժանն ուսանել է 1902-1905թթ
Աղբյուրը՝ Դերենիկ Ճիզմեճեան «Դանիել Վարուժան», Կահիրե, 1955,

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...