Դանիել Վարուժան | Հեթանոս երգեր
Ես կերգեմ Գինին
–Բագիններուն ծիծաղը և
խորաններուն արյունը:
Դարերու կյանքը կերգեմ,
հանուն հաճույքի և
տառապանքի գեղեցկության:
Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի:
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ
Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նդ պեղված
Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հրեղեն
Միս մը կնոջ, լույսով, տենդով սրարբած:
Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե՛ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.
Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չըկրնա դպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթվիլ՝
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:
***
“ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ…”
Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
Էա՛կ մ'որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,
Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած`
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
Քըրտինք մ'առատ քունքերեդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ
Մե՜ղրը ծորեց, դուն եղար
Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`
Որ արևուն տակ կըծկըված` կ'երազե
Բույնին վըրա շինվելիք…
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքըդ և դուն
Բաժնըվելով մա՜յր կ'ըլլաս:
Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ
Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս
Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`
Որուն բուրումը կ'արբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին:
… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՛ւն որ անհուն գորովով
Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ
Ոսկրի մ'համար կը քամես,
Դո՛ւն` որ կ'ըլլաս ամենեն
Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր
Թաղարներեն շուշանի`
Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:
Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես
–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–
Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`
Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…
«Հեթանոս երգեր»
Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։
«Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թթ․ ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունն ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու, «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՛ Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն», «Հարճը»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...