Դանիել Վարուժան-<<Հացին երգը>>
Ժողովրդական երգի «Արտըս ոսկո՜ւն է» տողի կրկնությամբ ստեղծվում է հասուն արտի պատկերը, արտի հսկիչը հանդապահն է (անդապահ), որը, լուսնի դեմ նստած, սրինգ է նվագում եւ ասես օրորում հասկերի քունը: Գալիս է հունձի սպասված պահը: Հասունացած արտը եւ հասունացած սերը միավորվում են «Հունձք կը ժողվեմ…» բանաստեղծության մեջ, որը ժողովրդական երգի մոտիվներով սիրո մի ամբողջ դրամա է ներկայացնում.
Վարուժանն այնքան վարպետորեն է միահյուսել հնձվորի աշխատանքային վիճակը եւհոգեվիճակը, այնքան նրբորեն է միավորել արտաքին ու ներքին պահերը եւ որ կարեւորն է՝ ժողովրդական երգի ներգործությամբ այնքա՜ն է պարզեցրել լեզուն ու ոճը, որ ստեղծվել է, իրոք, մի անկրկնելի գեղեցկություն:
Հասուն արտ
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ'անցնին զերդ փայլակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ'ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
***
Հունձք կժողվեմ
Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-
Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:-
Ցորեն, կակաչ, կարոտով,
-Կաքավը կուլա-
Կապեցի մե´կ նարոտով:
-Ձեռքերն են հինա:-
Հասկերուն մեջ, վերևեն
-Ասուպը անցավ-
Աստղեր մյուռոն կծորեն:
-Դեմքս լուսացավ:-
Քանի խուրձեր շաղերով,
-Վարդենին թաց է-
Ես կապեցի խաղերով:
-Ծոցիկը բաց է:-

Արտս խոզանով մնաց
-Կերթա՛ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինած:
-Սի՛րտս է կրակը:-
Մանգաղս քարին եկավ.
Յարս յա՛ր ունի-
Քարեն լորիկը թռավ:
-Լե՛րդս կարյունի:-
Դանիել Վարուժան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...