ՎԵՐՋԵՐԳԱՆՔ “ԱՆԻ” ՊՈԵՄԻՑ

Ախուրյանն է քեզ մայրական օրոր, 
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի', 
Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր, 
Անի', միթե՞ մեր քունն ես դու, Անի':

Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ, 
Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի', 
Չի մնացել քարդ քարիդ վրա, 
Անի', բայց դու գոհար ես դու, Անի':

Հայ արվեստի դու փշրված Մասիս՝ 
Անմահության աճյունն ես դու“ Անի', 
Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝ 
Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի':

Քո արծվազարդ մի խոյակից անգամ 
Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի', 
Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ, 
Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի':

Անի', հայոց անսպին ես դու դեռ, 
Հայոց վշտի անունն ես դու, Անի', 
Հորս կորած գերեզմանն ես անմեռ, 
Անի', մորս մրմուռն ես դու“ Անի':

Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝ 
Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի', 
Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե'ր, բացվե'ք- 
Պապերիս հող մասունքն ես դու, Անի':

Անի', ողբ է օրորն Ախուրյանի,- 
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի', 
Բա'վ է քնես քնով սրտակեղեք՝ 
Հազարամյա մեր քունն ես դու, Անի'...

Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց, 
Անի', երգիս ղողանջն ես դու, Անի', 
Պիտի հնչես, շատ չես մնա վայոց, 
Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի

Հովհաննես Շիրազ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...